Վարչապետը Հաղթանակի և խաղաղության տոնը նշել է վետերանների հետ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 9, 2011 22:50

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Հաղթանակ» զբոսայգի և ծաղիկներ դրել անհայտ զինվորի հուշակոթողին։ Կառավարության ղեկավարը դիտել է «Մայր Հայաստան» հուշարձանի առջև կայացած զինվորական հանդիսավոր երթը։ Տիգրան Սարգսյանը ողջունել է և շնորհավորել վետերաններին տոնի կապակցությամբ, ճաշել նրանց հետ դաշտային ճաշարանում։

Լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը հայտնել է. «Շատ ուրախ եմ, որ այն վետերաններն, ովքեր այսօր մասնակցում են տոնակատարությանը, երջանիկ են: Նրանց աչքերում տեսնում եմ ուրախ տրամադրություն, հիշողություններ, հաղթանակներ, ու այս ամենը հաղորդվում է մեզ և մեր ապագա սերունդներին, սա ամենակարևորն է»: Վարչապետը նշել է. «Մենք առավելագույնը պետք է անենք, որ հոգանք նրանց առողջական, սոցիալական և տնտեսական խնդիրները»:
Խոսելով Շուշիի ազատագրման խորհուրդի մասին` վարչապետը նկատել է, որ Արցախյան հերոսամարտում Շուշիի ազատագրումը դրական ազդակ է հաղորդել մեր հաղթանակներին: Տիգրան Սարգսյանն ասել է նաև, որ Հայրենական պատերազմի վետերանները և Ղարաբաղում զոհված ազատամարտիկների ընտանիքները պետք է գտնվեն պետության ուշադրության կենտրոնում:
Այնուհետև, վարչապետը մեկնել է Վանաձոր շնորհավորելու նաև վանաձորցի վետերեններին հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակի հուշարձանի մոտ, որից հետո վարչապետը մասնակցել է վետերանների պատվին տրված ճաշին:
Վարչապետը շնորհավորելով Հայրենական պատերազմի վետերաններին` պատմել է, որ իր հայրն էլ է Վանաձորից զորակոչվել ռազմաճակատ և կռվել է բելոռուսական ճակատում: Տիգրան Սարգսյանը վերհիշել է հոր պատմությունը, ով համարում էր, որ մայիսի 9-ը հայ ժողովրդի հպարտության տոնն է: Վարչապետը նշել է, որ իրենց ընտանիքում ընդունված է հատուկ նշանակություն տալ այս տոնին:

 

Դիտվել է 1609 անգամ:
Print Friendly

Leave a Reply