Եղանակային եռուզեռներու անհրաժեշտությունը Շուշիի մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 9, 2011 14:49
Շուշիի ազատագրության 19-ամյակի նշումին, երբ տակավին կը խոսինք ազատագրված քաղաքը շնչող միջավայրի վերածելու անհրաժեշտության մասին, կնշանակե, որ բնակեցման թե առհասարակ զարգացման աշխատանքները բավական դանդաղ կ՛ընթանան։ Շուշիի ռազմավարական կարևորությունը ներկայացնող գրությունները, հայտարարություններն ու վերլուծումներն ակամա կստանան կարգախոսային կամ հայտարարողական բնույթ, որովհետև չի հետևիր ակնկալված տարողությամբ գործը։
Այս հաստատումը անշուշտ չ՛ենթադրեր, որ ազատագրված օրեն ի վեր Շուշին իբրև քաղաք ու ապրող բնակչություն բացարձակապես մնացած է նույնը։ Իհարկե որոշակի առումով ծաղկած է հոգևոր ու մշակութային կյանքը, ծավալած է շինարարությունը, կազմակերպված են պետական կառույցներն ու ենթակառույցները, և արձանագրված է բնակչության աճ։ Խնդիրը ակնկալված արդյունքեն տակավին հեռու մնալն է, զարգացման աշխատանքներուն պետք եղած թափի հաղորդման պակասն է։
«Պէտք է»ներու շարքը այստեղ անհարկի է անշուշտ։ Կբավե վերստին հիշել քաղաքին ներկայացուցած ռազմավարական կարևորությունը, համոզվելու համար, որ մեր հայրենիքի անվտանգության պահպանման համար որքան կարևոր է Շուշիի բերդին անառիկությունը։
Նկատառելի բնակեցում կամ առևտրական ու ճարտարարվեստական քաղաք ակնկալելը և պահանջներուն առաստաղը բարձրացնելը իրատեսական չի թվիր։ Շուշին մշակութային կենտրոնի վերածելու առաջադրանքը, սակայն, որ կը վայելեր պետական հովանավորություն և համապատասխան կառույցներու աջակցություն, տակավին հայտարարված առաջադրանքի տարողության առարկայացումը չէ գտած քաղաքին մեջ։
Եղանակային եռուզեռներ կազմակերպելը՝ մշակութային փառատոներու, համահայկական համաժողովներու, երիտասարդական բանակումներու, մարզական մրցաշարքերու ճամփով կենդանություն կ՛ապահովեն քաղաքին։ Ստեփանակերտի օդակայանը լիարժեք կրնա ծառայել այս նպատակին։
Այս միջոցառումներն ինքնին պետական հովանավորություն կ՛ենթադրեն, որոնց իրականացման համար համապատասխան ծառայություններու և դյուրություններու կարիքն ինքզինք զգալի կը դարձնե։ Ի վերջո, համահայկական միջավայրեր ստեղծելու համար համաժողովներու սրահներ, պանդոկներ, մարզադաշտեր և նման ենթակառույցներ անհրաժեշտ են, որոնց շինարարությունն արդեն նոր գործատեղերու և աշխատուժի պահանջ կդնե։
ՀՀ-ԼՂՀ-Սփյուռք եռամիասնության տարբեր առումներով առարկայացման հարմարագույն վայրերեն մեկը Շուշին կարելի է համարել։ Առաջիկա տարին ազգովին պիտի նշենք Շուշիի ազատագրության 20-ամյակը։ Անիկա կրնա վերածվիլ լավագույն առիթի Շուշին իբրև համահայկական կենտրոնատեղի նկատի ունենալու և ըստ այնմ նախապատրաստվելու։ 20-ամյակը պարզապես գործնական մեկնարկ կրնա ծառայեցվել համահայկական եղանակային եռուզեռներ կազմակերպելու համար։
Համահայկական հովանոցը ընդմիշտ պետք է բաց պահել այս քաղաքին վերև։ Անոր ազատագրումը ևս համահայկական ուժերով էր, որ իրականացավ։ Շուշին բերդն է Արցախին, Արցախը իր կարգին՝ Հայաստանի Հանրապետության։ Բերդին անառիկության պահպանումը հավասարապես բոլորիս պարտականությունն է։
Շահան Գանտահարյան
«Ազդակի» գլխավոր խմբագիր






Facebook
Tweet This
Email This Post
