Բնակարաններ բազմազավակ ազատամարտիկի ընտանիքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 9, 2011 15:36

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանը երկու նոր բնակարան է հատկացրել Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ, 2-րդ խմբի զինվորական հաշմանդամ Գագիկ Հովհաննիսյանի բազմազավակ ընտանիքին:

2011թ.-ի մարտի 31-ին բնակարանային պայմանների բարելավման խնդրանքով  Գագիկ Հովհաննիսյանը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարին:

Խնդրին հրատապ լուծում տրվեց և մայիսի 9-ին` Հաղթանակի օրը, 11 երեխաների հայրը Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանից ստացավ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող նոր ու հարմարավետ երկու բնակարանների բանալիներ:

Շնորհավորելով Հաղթնակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ, Երևանի քաղաքապետը Գրիգորյանների ընտանիքին մաղթել է առողջություն, ընտանեկան ջերմ միջավայր. «Թող ձեր երեխաները ապրեն խաղաղ պայմաններում և դառնան մեր երկրի արժանապատիվ քաղաքացիներ: Մենք բոլորս պարտական ենք ձեզ` Արցախյան և Հայրենական պատերազմների մասնակիցներին: Այդ պարտքը նման է ծնողի նկատմամբ ունեցած երեխայի պարտքին, որը հնարավոր չէ մարել»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանը դեռ մարտի դաշտում էր ուխտել 12 արու զավակ ունենալ, ի հիշատակ ռազմի դաշտում զոհված իր 12 մարտական ընկերների: Տղաներն առայժմ 7 են, բայց, ինչպես Գագիկն է ասում, ամեն ինչ դեռ առջևում է:

Բնակարանի բանալիներից բացի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նոր բնակարանը կահավորելու համար ազատամարտիկի ընտանիքին նվիրեց կենցաղային տեխնիկա, իսկ երեխաներին էլ տարբեր նվերներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply