Հայոց բանակի ստեղծման առաջին քայլերը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 9, 2011 15:50

1991թ. մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտե:

Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ստորագրած  թիվ 325 այդ որոշմամբ, նախարարների խորհրդին առընթեր Զինվորական գերատեսչությունների աշխատանքի կոորդինացման կոմիտեն կազմավորվեց որպես նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտե:

Երբ Հայաստանի նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտեն ստեղծվեց, Հայաստանի Հանրապետությունը դեռևս գտնվում էր Սովետական Միության կազմում: Կոմիտեն ստեղծվեց ՙԿոլցո՚ գործողությունն սկսվելուց չորս օր անց:  Մոսկվայի ձեռնարկած ՙԿոլցո՚ գործողությունը Սովետական բանակի պատմության մեջ նրա մղած վերջին  ներքին պատերազմն էր. Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններում ու Հայաստանի սահմաններին խորհրդային բանակի ու ադրբեջանական միլիցիայի զինված ջոկատների դեմ կռվի դուրս եկան տեղացիները, նրանց օգնության մեկնած կամավորները:

Դեռ 1990թ.սեպտեմբերի վերջին` Մոսկվային հավատացնելով, թե իբր հասարակական կարգը պահպանելու համար, նախարարների խորհուրդը հիմնել էր հայկական կանոնավոր բանակը սկզբնավորելիք առաջին գունդը` ներքին գործերի նախարարությանն առընթեր Հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության հատուկ գունդ: Ներքին գործերի նախարարը Կառլոս Պետրոսյանն էր: 1990թ. հոկտեմբերի 5­ին Գունդն իր առաջին երդումը տվեց նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին:/Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Մանուկյանը  իր ողջույնի խոսքն ուղղեց գնդի մարտիկներին:/

ՀՀ նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտեն գործեց մինչև 1992թ.: Սովետական Միության պաշտոնական լուծարումից մեկ ամիս անց` 1992թ. հունվարի 28­ին, կառավարության` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ստեղծելու որոշմամբ, կոմիտեն լուծարվեց:

ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆ  ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ
ՙՀուզումնալից է այս պահը: Մենք ճանաչում ենք միմյանց: Շատերիդ հետ ենք հանդիպել և` Կոռնիձորում, և` Մանաշիդում, Երասխավանի ճակատամարտի ժամանակ: Փոխվել են ժամանակները: Մենք ըմբոստ ուժ էինք, որ ուզում էինք պաշտպանել մեր ժողովրդին և մեր պայքարը գնում էր ոչ միայն արտաքին թշնամու դեմ, այլ նաև ներքին.Այժմ մենք ունենք մեր հանրապետությունը: Այն դեռ լրիվ անկախ չէ: Մենք ստիպված ենք հաշվի առնել տարբեր հանգամանքներ: Բայց մենք քայլում ենք այդ ուղղությամբ. և կհասնենք քաղաքական անկախության, տնտեսական անկախության: Շատ մարդիկ, որոնք նախորդ շրջանում բուռն գործունեություն էին ծավալում, ցավոք սրտի, այսօրվա պայմաններում չեն  կարողանում գտնել իրենց տեղը կյանքում: Դուք գտաք այդ տեղը, ձեր վրա վերցնելով մի շատ ծանր և հերոսական պարտականություն` ծառայել ժողովրդին, ծառայել նվիրվելով: Ես ողջունում եմ և կուզենայի ձեզ ներշնչել այդ բարձր ոգին, երազանքի ոգին: Երազանքի` որ մենք նորից պիտի դառնանք մի հզոր ազգ` արժանի մեր պապերին: Մենք դեռ շատ բան ունենք տալու աշխարհին և սա մեր առաջին քայլերից մեկն է, որ մեզ տանում է այդ ուղղությամբ: Մենք կունենանք հզոր պետություն, հզոր բանակ, հզոր տնտեսություն և կվերադարձնենք մեր նախնիների փայլը:Ողջույն ձեզ՚:
ՙՀայք՚, թիվ 34, 9 հոկտեմբերի, 1990թ.

Դիտվել է 2522 անգամ:
Print Friendly

Leave a Reply