Տաղանդավոր երիտասարդները շուտով կունենան իրենց ձայնասկավառակը`«Ես սիրում եմ երգը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 8, 2011 12:04

Ընդհանրապես  արվեստի բոլոր տեսակներն էլ մարդու հոգևոր ընկերներն են: Երգը ինձ ամեն ինչ է տալիս, ինձ փրկում է մենակությունից, նույնիսկ այն պահերին, երբ ես մարդկանց մեջ եմ լինում, ստեղծում ու կառավարում է տրամադրությունս: Առանց երգի ձանձրալի կդառնար»,- ոգևորությամբ իր զգացումներն է մեզ փոխանցում 23-ամյա Մարատ Հարությունյանը: Մարատը սովորում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողություն բաժնի ավարտական կուրսում: Տեսողության հետ խնդիրներ ունեցող այս տաղանդավոր երիտասարդը փորձում է հանդիսատեսին ներկայանալ հատկապես այն հայկական ժողովրդական երգերով, որոնք այսօր չեն կատարվում ոչ մեկի կողմից: Ուզում է, որ դրանք մասսայական դառնան:  Մարատը նաև ստեղծագործում է: Գրում է երգեր, որոնք, ըստ իրեն, մտածողության առումով մոտ են ժողովրդականին, բայց ավելի շատ հեղինակային ժանրի ստեղագործություններ են սիրո, բնության, հայրենիքի մասին: Ուզում է շարունակել երաժշտական ուղին`դառնալ պրոֆեսիոնալ երգիչ, և այդ ժամանակ ժողովրդական երգերի կողքին հնչեցնել նաև սեփական ստեղծագործությունները:Մարատը  «Ֆորտե» հաշմանդամների գիտամշակութային հասարակական կազմակերպության մայիսի 7-ին Ավանի մշակույթի տանը կազմակերպած բարեգործական համերգի ակտիվ մասնակիցներից էր: Այս համերգն արդեն  2-րդն է «Ֆորտե»-ի մեկ տարվա գործունեության ընթացքում: Կազմակերպությունն ունի երաժշտական ուղղվածություն,  իսկ (տեսողության խնդիրներ ունեցող)անդամների մի մասը երաժշտությամբ զբաղվում պրոֆեսիոնալ մակարդակով: 2 ժամ տևողությամբ համերգի օրակարգը շատ հագեցած էր ու բազմաժանր:  Երիտասարդները կատարեցին հայկական ժողովրդական, աշուղական երգերից մինչև համաշխարհային դասական ստեղծագործություններ, ասմունքեցին` հանդիսատեսին պահելով հաճելի լարվածության մեջ: Երաժշտական համարներն ամբողջությամբ ուղեցվեցին կազմակերպության տնօրեն Նորայր Աղասյանի նվագակցությամբ: Երիտասարդ կոմպոզիտորը ներկայացրեց նաև իր հեղինակած 4 ստեղծագործություն: Նորայր Աղասյանը երաժշտությամբ զբաղվում է արդեն 13 տարի: Սակայն, իր խոսքերով, այս պահին ավելի շատ կազմակերպության գործունեության հետ կապված հարցերն է կարգավորում և կշարունակի իր ստեղծագործական աշխատանքը, միայն երբ կազմակերպության գործերն ընկնեն հունի մեջ:“Փորձում ենք այնպես անել, որ ինչ-որ խնդիրներ ունեցող մարդիկ իրենց հետագա ճանապարհը ավելի լավ պատկերացնեն, որ կարողանանք մենք ինքներս մեր ճանապարհը հարթենք ու օգնենք մյուս հաշմանդամներին`ուրիշներից ոչինչ չսպանելով»,- ներկայացնում է նա:Նորայր Աղասյանն ասում է, որ այս պահին իր առաջնային նպատակն այն է, որ ՀԿ-ի անդամ պրոֆեսիոնալ երաժիշտները ունենան սեփական ձայնասկավառակը: Ըստ նրա`ձայնասկավառակի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Պիտի աշխատեն հասնել նաև նրան, որ երիտասարդ երաժիշտները ելույթ ունենան մեծ

բեմերից:Սակայն “Ֆորտեի” տնօրենը հավելեց, որ հետագա ծրագրերի ու այլ ուղղություններով աշխատելու առումով իրենց հիմնական խնդիրը ֆինանսական միջոցների բացակայությունն է: Դիմել են պետական տարբեր կառույցների, սակայն օգնություն չեն ստացել, անգամ շատ տեղերից պատասխան էլ չեն ստացել: ՀԿ-ի անդամներն աշխատում են կամավորական հիմունքներով: Եվ ամեն դեպքում հավատում են, որ աշխատասիրությունը կտա իր արդյունքներն ու բոլոր խոչընդոտները հաղթահարելի կլինեն:

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply