Առաջին կարգի հաշմանդամ, արցախյան հերոսամարտի մասնակից. Անգամ հեռուստացույց չունեմ, որ ինձ այս օրերին նայեմ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 8, 2011 7:47

Գյումրեցի ազատամարտիկ Հովհաննես Շեկոյանը, որ թեժ մարտերի ժամանակ իր երկու ոտքերն էլ թողել է Մարտակերտում, այսօր առաջին կարգի հաշմանդամ է ու բողոքում է ստեղծված «անարդարացի իրականության» դեմ:

«Տեսեք թե ինչպիսի երկրում եմ ապրում: Հեռուստացույց անգամ չունեմ, որպեսզի կարողանամ գոնե ինքս ինձ տեսնեմ, քանի որ այս օրերին շատ են հիշում ու նկարում ազատամարտիկներին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նա:

Ազատամարտիկի եկամտի աղբյուրը հիվանդության թոշակն է, որով նաեւ երեխային ու կնոջն է պահում: «Ոչ մի ակնկալիք ոչ մեկից չունեմ: Երբ որ հիվանդանոցում եմ եղել, մեկ տարի ոտքերս կորցնելուց հետո պառկել եմ, իմ երկու տարեկան երեխան սովից մահանալուց է եղել, բայց ոչ ոք տեր չի եղել: Նույն ինքը Աշոտ Զաքարյանը, որ հիմա ՀԱԿ-ի Գյումրիի կառույցի համակարգողն է, այն ժամանակ Գյումրիի ԵԿՄ պատասխանատու եւ նաեւ Ռազմական ոստիկանության Գյումրիի պետն էր, իմացել է այդ մասին, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկել»,-պատմել է երկու ոտքից զրկված ազատամարտիկը`շարունակելով, որ այսօր էլ չի զղջում, որ պատերազմ էգնացել:

«Հո ես ղզի՞կ չեմ: Մարդիկ պահ էին մտնում թոնիրների մեջ, գերեզմանոցում, իսկ ես չէի կարող այդպես վարվել»,- ասել էՀովհաննես Շեկոյանը, հավելելով, որ արել է իր երեխայի, իր կնոջ, իր հող ու ջրի համար: «Էնքան են հայրենիք ասում, որ մի տեսակ շաբլոն է դարձել, բայց սա իմ հայրենիքն է, ոչ մեկինն էլ չէ: Ո’չ Սերժինն է, ո’չ Քոչարյանինը, ո’չ էլ Լեւոնինը: Մերն է, իմ արյան գինն է, որ այսօր երեխաները աշխույժ խաղում են դրսում»,- ամփոփել է ազատամարտիկը:

 

Դիտվել է 1372 անգամ:
Print Friendly

Leave a Reply