«Հունահռոմեական զվարճանք» կամ պայքար մի կտոր հացի համար

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 7, 2011 16:25

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սան, 30-ամյա Աշոտ Գրիգորյանն դպրոցից մնացած իր տպավորությունները որոշել է հանձնել թղթին: Նրա պատմությունները, որոնք մենք պարբերաբար կներկայացնենք մեր կայքէջում, ցույց են տալիս այդ դպրոցում տիրած անմարդկային բարքերի, սովորույթների և «կանոնների» մասին, որոնք հարյուրավոր երեխաների ճակատագրեր են խաթարել:

Ահա այդ պատմություններից մեկը.

«Երբևէ լսե՞լ եք, թե ինչպես են ոռնում ձմռանը սոված գայլերը. գրեթե նույն պատկերն էր գիշերօթիկում առավոտ վաղ: ժամը վեցին արթնանում էր ամենասովածն՝ արթնացնելով  մեկ այլ սովածի, սա էլ իր հերթին՝ մեկ ուրիշի և այսպես, մինչև դառնա կարգին ոհմակ: Նրանց ոռնոցից արթնանալով՝ գիշերային դաստիարակն ընտրում էր ամենաակտիվ, դառնագին ոռնացողին ու պատժում՝ նպատակ ունենալով լռեցնել մյուս մասնակիցներին:

Լռությունը պահպանվում էր մինչև վերկացի ազդանշանը, եթե իհարկե չեին ուզում նույն բախտին արժանանալ: Սա դպրոցի «բարի լույսնե էր:

Հաջորդ «բարի լույսը», համաձայն օրվա ռեժիմի, սկսվում էր ժամը 8.00-ին. մոտ մեկ ժամվա ընթացքում պիտի հասցնեիր լվացվել, լիցքային վարժություն կատարել ու պատրաստվել նախաճաշին:

Այս ժամը կարելի էր անվանել «Հունահռոմեական զվարճանք», որովհետև արթնանալով՝ «Տուզերից» մեկը երեխաներին շարում էր միջանցքի պատի տակ ու սպասում մյուս «կոլեգաներին»: Պատի տակ կանգնածները  հանդիսատեսի կարգավիճակում էին, իսկ 2 առանձնացված տղաները՝ մենամարտողի:

Տղաների ընտրությունը կատարում  էր «տուզերից» մեկը: Համեմատելով ուժային կարողությունները հակառակորդի  հետ՝ նոր միայն հայտարարվում էր մենամարտի սկիզբը: Դեռ չի եղել այնպիսի դեպք, որ մենամարտողները հրաժարվեին, քանզի քաջ գիտակցում էին հաղթանակի գինը, գիտեին, որ փառքի սանդղակին սպասում է 2 կտոր ավել հաց և որոշ արտոնություններ, իսկ պարտության սանդղակին՝ արհամարհանք և ծաղր բոլորի կողմից:

Տրվում էր մենամարտի սկիզբն, ու երկու մենամարտողները, հանուն գոյության, շրջապատի  արհամարանքին, անուշադրությանը չմատնվելու համար, անում էին հնարավորը, որպեսզի հասնեն կատարյալ հաղթանակի: Հոգ չէ, թե ինչպես, ինչ հնարքներով, կարևորը խփելն էր, տապալելը,  ատամները խրելը հակառակորդի մարմնի մեջ ու մահու չափ ցավեցնելը: Հոգ չէ, թե միևնույն դասարանից են, մտերիմ ընկերներ. այստեղ գործում են կենդանական օրենքները:

Պետք է հարձակվեիր հանուն մի կտոր հացի, հանուն մի երկու վայրկյան բարի վերաբերմունքի համը ճաշակելու, ուրախանալու սեփական հաղթանակի, ուրիշի պարտության, թուլության վրա: Տապալիր  հանուն ինքնահաստատվելու, հանուն հեղինակության: Տապալիր: Տապալիր: Տապալիր:

«Քցի´-գոչում էր «տուզերից» մեկը,-արա, խփի´ ,ապրես, ուժեղ: Չքաշվես, հարձակվի, նայի՝ կփոշմանես, եթե տապալվես…»:

Պարտվողի հասցեին հնչում էր. «Արա´, քեզ կերավ, ա´յ հիլլոտ, նայի՝ մի մատ հալով  քեզ ինչ օրն ա քցել, դուխ չունես, արա´, խփի: Իմացի, ինքն ա քո հացը ուտելու, տո ա´յ  անասուն, հարձակվի´…»:

Պետք է խոստովանել, որ սա նաև երեխաների ամենասիրած զվարճանքն էր: Միմյանց հրելով՝ նրանք փորձում էին ավելի մոտիկից դիտել մենամարտը ու գնահատելով ուժային կարողությունները՝ անցնել հարձակվողի կողմը:

Պատահում էր՝ պատի տակ կանգնածներից մեկը փորձում էր մտնել դաշտ կռվելու նպատակով ու դա լավ բանի չէր հանգեցնում, քանի որ «տուզերից» մեկը հաջորդ օրը նրա համար՝ որպես հակառակորդ, ընտրում էր բարձր դասարանցու և իրենից ավելի ուժեղի. սա նաև դաս էր մյուսների համար:

Երբ դառնում էր ականջ ծակող աղմուկ, այս ամբողջ ներկայացմանը ներկա գտնվող  գիշերային դաստիարակը գոռում էր, որ ձայնները կտրեն: Մինչ դաստիարակը զբաղված էր լինում ձայները մահակի միջոցով լռեցնելով՝ այդ ժամանակահատվածում երկու կողմերը հասցնում էին «տուզերի» օգնությամբ ավարտին հասցնել սկսած գործը:

Մենամարտն ավարտվում էր:

Երկու  մասնակիցներից մեկը ստանում էր իր բաժին 2 կտոր հացը ու մեծ ախորժակով խժռում՝ ընկերների շնորհավորանքի, գովեստի խոսքերի ներքո՝ հետևում թողնելով  դժվարությունների մի ամբողջ շարան:

Ճաշարանի զանգը սթափեցնում էր բոլորին: Գիշերային դաստիարակը լուռ հետևում էր, թե ինչպես են երեխաները շարքով  իջնում: Սկզբում իջնում էին փոքրերը, հետո ՝ ավագները՝  քննարկելով  տեղի ունեցածը:

Երեք հարկ իջնելով՝ անմիջապես հայտնվում էիր ճաշարանի դռան դիմաց: Այս դռանը կարելի էր «դրախտի դուռ»՝անվանել՝ իր  անթիվ-անհամար թերություններով հանդերձ: «Դրախտի դռանը» հարգանքով էին նայում ոչ միայն երեխաները, այլև դպրոցում աշխատողներից ոմանք. հագեցնում էիր որովայնդ խաշիլով, կիսավառված փլավով, անհամ, աննյութ ճաշերով:

Ճաշարան իջնելով՝ երեխաները ձեռք չէին տալիս ուտելիքին այնքան ժամանակ, մինչև աղոթքի վերջին խոսք՝ «ամենը», չարտասանվեր: Աղոթքին մասնակից չէին լինում ավագներն ու «տուզերը», կանգնում էին, մինչ ավարտվի, հետո ծուլորեն քաշելով նստարանները՝ նստում էին:

«Ամեն»  բառից վայրկյաններ անց փոքրերի ափսեներն արդեն դատարկ էին. ուտելիքը ոչ թե ծամում էին, այլ կուլ տալիս՝ ավել պատառ ստանալու հույսով,  իսկ ավագների ափսեի մեջ մեծ քանակությամբ ուտելիք կար, ու մինչ վերջանալը փոքրերը սսկվում էին՝ համբերատար և լուռ:

Մեծերի չափաբաժինն ուրիշ էր. նրանց խոհարարներն աշխատում էին գոհացնել՝ հատկապես «տուզերին», որպեսզի հանկարծ տնօրենին չբողոքեին, տհաճ իրավիճակի մեջ չգցեին: Սա քաջ գիտեին նաև փոքրերը, բայց  դե  ի՞նչ կարող էին անել. ուտում են իրենց բաժին հասած պատառը՝ վրայից խմելով առանց շաքարի թեյը:

Սա էր օրենքը, սա էր մեր կյանքը, պետք է հարմարվեինք…»:

Աշոտ Գրիգորյան

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սան

Դիտվել է 2708 անգամ:
Print Friendly

Leave a Reply