21-ամյա երիտասարդը ինքնասպան է եղել Ձերբակալվածների պահման վայրում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 7, 2011 16:08

Ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակի բաժնի Ձերբակալվածների պահման վայրում ապրիլի 30-ին կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն մարզի Կոշ գյուղի բնակիչ, 21-ամյա Մանուկ Բադալյանը: Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները Երևան են մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակի բաժնի Ձերբակալվածների պահման վայրից:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, Բադալյանն իր երեք ընկերների հետ ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը Կոշ գյուղում ամուսնության նպատակով առևանգել էր 16-ամյա մի աղջկա: Աղջկա հայրն աշխատում է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: 16-ամյա աղջկա առևանգման փաստով նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական վարչության Աշտարակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ, Մ. Բադալյանը ձերբակալվել և պահվել է ոստիկանության Աշտարակի բաժնի Ձերբակալվածների պահման վայրում: Նրա հանցակից 3 ընկերների նկատմամբ արդեն հայտարարվել է հետախուզում: Հետախուզվողներից մեկն աշխատում է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում:

Ապրիլի 30-ին քննիչի միջնորդությամբ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դռնփակ դատական նիստ, որտեղ քննիչը միջնորդել է Մ. Բադալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանքը: Դատավորը բավարարել է միջնորդությունը և արդեն դատարանից Մ. Բադալյանին տեղափոխել են ՁՊՎ, որտեղ էլ նա մենախցում սավանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Նա խցում մենակ է եղել: Գյուղացիները պատմել են, որ նա թողել է գրություն: Տեղի ունեցածի առթիվ, Հայաստանի ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ:

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply