Ավազակները «գթասրտություն» են ցուցաբերել և վերադարձրել են 200 դրամը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 7, 2011 16:00

Երեւանի Կոմայգում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված 2 անձանց մայիսի 6-ին բերել են դեպքի վայր:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալներն են նախկինում 5 անգամ դատված 42-ամյա Անդրանիկ Դեմիրճյանը եւ նախկինում խարդախության համար 4 անգամ  դատապարտված Արթուր Սանոյանը:

Պարզվել է, որ այս երկուսը մայիսի 4-ին ժամը 18:30-ի սահմաններում Կոմայգում ավազակային հարձակում են գործել Գրիգոր Պապիկյանի նկատմամբ: Նրանք բռնությամբ նրա հագից հանել են բաճկոնը, շալվարի գոտին եւ նրա մոտ եղած 1200 դրամը:

Այդուհանդերձ, ավազակները «գթասրտություն» են ցուցաբերել եւ վերադարձրել են 200 դրամը, որպեսզի նա կարողանա տրանսպորտով տուն հասնել:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ` ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով: Քննիչի որոշմամբ, Ա. Դեմիրճյանն ու Ա. Սանոյանը ձերբակալված են:

Այս պահին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները Կենտրոնական քննչական բաժնի քննիչի հետ դեպքի վայրի քննչական փորձարարական աշխատանքներ են կատարում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 26-ին ոստիկանության Սեւանի բաժնի աշխատակիցները Արթուր Սանոյանին ձերբակալել էին խարդախության համար:

Պարզվել էր, որ 2010թ. օգոստոսի 4-ին Սանոյանը Սեւանի թերակղզում ամուսնանալու անվան տակ վերցրել է իր հերթական զոհի` Դիանայի ոսկյա ապարանջանն ու շղթան, որից հետո ամուսնական մատանիներ գնելու անվան տակ աղջկան ասել է թե գնում է Սեւան քաղաք: Մինչ այդ այդ Դիանան եւ Սանոյանը Սեւանի թերակղզու եկեղեցու քահանայի հետ պայմանավորվել են պսակադրության ժամի վերաբերյալ: Սանոյանը մեկնել էր Սեւան, ոսկերիչների մոտ ցույց տվել ոսկեղենն ու վերադարձել Երեւան: Տուժածը մի քանի ժամ սպասելուց հետո հասկացել էր, որ իրեն խաբել են, եւ առանց ոստիկաններին դիմելու փորձել իր ուժերով հետ վերադարձնել կորցրածը:

Սեւանի ոստիկանությունը օպերատիվ տվյալներն իրացնելով ձերբակալել էր Արթուր Սանոյանին: Ուշագրավն այն է, որ Դիանայի ոսկեղենը վերցնելուց առաջ նրանք հանդիպել էին Սեւանի «Կամբուզ» համալիրում, պայմանավորվել ամուսնության մասին, եւ Արթուր Սանոյանը համոզել էր «ընտրյալին» իրեն տալ ապարանջանն ու շղթան, որպեսզի բոլորը տեսնեն, թե ինչ «հարուստ փեսա է ինքը»:

Դիտվել է 1025 անգամ:
Print Friendly

Leave a Reply