Վարդան Ղուկասյանի եւ Աշոտ Գիզիրյանի հարաբերությունները լարվել են` Մինասի որմնակարների պատճառով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 7, 2011 10:44

Ըստ հավաստի տեղեկությունների, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հարաբերությունները լարվել են այն աստիճան, որ Ա. Գիզիրյանը զանգահարել է Վ. Ղուկասյանին ու հրահանգել դադարեցնել կազմակերպած «դրամատիկ ակցիան»` Մինաս Ավետիսյանի որմնանկարների տեղափոխման դեմ:

Խոսքը վերաբերում է վերջին մի քանի օրերին հրապարակային ակցիաներին, որով հասարակական ակտիվն ու գյումրեցի արվեստագետները դեմ են արտահայտվում Մինասի որմնանկարները Գյումրիից Երեւան` «Զվարնթնոց» օդանավակայան  տեղափոխելուն:

Բանն այն է, որ ըստ հավաստի տեղեկությունների, Վարդան Ղուկասյանն է քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանի միջոցով հրահանգել հավաքագրել հասարակական, արվեստի եւ մշակույթի գործիչների, որոնք հրապարակայնորեն դեմ կարտահայտվեն Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրիից տեղափոխելուն:

Այդ ակցիաների կազմակերպման հարցում ակտիվ է Գյումրիի «Շիրակ կենտրոնը», որի նախագահ ըՎահան Թումասյանն է: Նրա նախաձեռնությամբ ստորագրահավաք է կազմակերպվել: Ակցիայի կազմակերպիչները խոստացել են նաեւ, որ ստեղծելու են «որմնանկարների պաշտպանության շտաբ» եւ գիշեր-ցերեկ հերթապահելու են այն գործարաններում, որտեղ կան Մինասի որմնանկարները, որպեսզի չկարողանան որեէ կերպ դրանք տեղափոխել: «Հերթապահություն անելու են կանայք, քանի որ նրանք պակաս խոցելի են ոստիկանների համար»,-նշել են ակցիայի մասնակիցները:

Հենց սա էլ, ըստ էության, հունից հանել է Գիզիրյանին, ով Գյումրիի քաղաքապետին հորդորել է վերջ դնել այս «բեմականացումներին»:

«Իսկ ինչո՞ւ չեն գնում քաղաքի մյուս որմնանկարների մոտ հերթապահություն անում: Տեղը չգիտեն, ես կասեմ`Սեւյանի պալատ, Հակոբ Հակոբյանի որմնանկարները թող գնան- տեսնեն ոնց են փոշիանում: Մինաս փրկողներն ո՞ւր էին մինչեւ հիմա, ինչո՞ւ չէին փրկում: Վարդան Ղուկասյանը մի ժամանակ հայտարարում էր, ասում էր տանելու է 2 որմնանկար քաղաքապետարանի նորակառույց շենք, թող տանեին, լավ կլիներ քաղաքապետարանի նորակառույցի հետ էլ համահունչ կլինեին, վեհություն կտային Մինասի գործերը»,-հայտարարել է Գիզիրյանի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը:

NEWS.am

Դիտվել է 1240 անգամ:
Print Friendly

Leave a Reply