Կալանավորվել են մարտի 1-ի գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբոր որդիները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 7, 2011 9:47

Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները երկու ծառայողական ավտոմեքենաներով Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Երեւանի թիվ մեկ մեկուսարան տեղափոխեցին 2 երիտասարդների, ովքեր նույն դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբոր որդիներն են:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` մայիսի 6-ին Հատուկ քննչական ծառայությունը միջնորդությամբ դիմել է Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նշված երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանքը:

Դատարանը դռնփակ դատական նիստում, որը նախագահում էր դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է միջնորդությունը:

Դատարանի ողջ շենքը վերցված էր ուժեղացված հսկողության տակ, որը ղեկավարում էր Կենտրոնի դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը, իսկ դատարանի դահլիճի դռան մոտ ուժեղացված հսկողություն կատարող կարգադրիչների խմբին ղեկավարում էր ստորաբաժանման պետի տեղակալ Ռաֆայել Ստեփանյանը:

Կալանավորված երիտասարդներն են Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչներ Արթուր եւ Արմեն Մարտիրոսյանները, ովքեր մեղադրվում են ապօրինի զենք կրելու եւ Գավառի բնակիչ «Կոկո» մականվամբ Հակոբ Հովհաննիսյանի եւ նրա որդու` Հովսեփ Հովհաննիսյանի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ:

Դեպքը տեղի էր ունեցել 2009 թվականի նոյեմբերի 9-ին ժամը 20:30-ի սահմաններում, Գավառի «Պարտեզ» խանութի մոտ: Արթուր եւ Արմեն Մարտիրոսյանները Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբոր որդիներն են, ինչպես նաեւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հորեղբոր որդիները:

Նույն գործով կալանավորվել է նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւորագույն գործերով վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վահան Խանզադյանը:

Հիշեցնենք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնի է մարտի 1-ի մի շարք գործերով, մասնավորապես, «7-ի գործով», որով դատապարտվել են ընդդիմության 7 ներկայացուցիչներ:

Դիտվել է 1501 անգամ:
Print Friendly

Leave a Reply