Աննախադեպ պսակադրություն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 6, 2011 20:11

Մայիսի 6-ին ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի «Սուրբ Սարգիս» անունը կրող մատուռում քրեակատարողական ծառայության հոգևոր տեսուչ Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանի ձեռամբ և ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արամ Սարգսյանի աջակցությամբ տեղի ունեցավ քրեակատարողական հիմնարկներում նախադեպը չունեցող արարողություն:

Դատապարտյալ Արսեն Համբարձումյանը վերին օրհնությամբ իր կյանքը կապեց Լիլիթ Իսրայելյանի հետ: Քանի որ նրանք մկրտված չէին, Աստծո ավազանում նախ օծվեցին սուրբ մկրտությամբ, ապա տեղի ունեցավ պսակադրության արարողությունը:

Պսակադրությանը մասնակցում էին նաև նորապսակների հարազատները, որոնք արարողությունից հետո, տոնական սեղանի շուրջ, իրենց բարեմաղթանքները հղեցին նորապսակներին: Սույն արարողությունը չէր կարող անտարբեր թողնել քրեակատարողական վարչության ղեկավարությանը: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը նորապսակներին նույնպես աննախադեպ ընծա արեց. յոթ օր կարճաժամկետ մեկնում տրամադրվեց Արսենին` ըստ էության որպես հետ ամուսնական արձակուրդ:

Նախաձեռնությունը բացառիկ է նրանց համար, ովքեր իսկապես ուղղվելու, վերադաստիրակվելու ճանապարհին են: Արսենն, իրապես, այդ հավակնությունն ունի: Ի վերջո, մարդու վերադարձը հանցավոր թմբիրից, մեղքերի հորձանուտից բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ` նշանակում է կյանքն ապրելու վերաարժևորում, վերագտնում հասարակության մեջ, ընտանիքում և այլուր:

Հույս ունենք, որ այս միջոցառումը խթան կդառնա հետագայում Արսեն Համբարձումյանի ընտանիք վերադառնալուն` նոր ուժերով ու առավել իմաստացած:

Հավելենք, որ դատապարտյալ Արսեն Համբարձումյանի պատժի կրման օրացուցային ավարտին մնացել է շուրջ երկու տարի:

Դիտվել է 1528 անգամ:
Print Friendly

Leave a Reply