Վարչապետը ներկա է գտնվել «Who Cares» սուպերխմբի սկավառակի շնորհանդեսին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 6, 2011 19:53

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել հանրահայտ երաժիշտներ Իէն Գիլանի և Թոնի Այոմիի «Who Cares» սուպերխմբի նոր սկավառակի և տեսահոլովակի շնորհանդեսին, որն ստեղծվել է «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի շրջանակներում:

Շնորհակալություն հայտնելով ռոք երաժիշտներին, ինչպես նաև նոր երգի ու ձայնասկավառակի պատրաստմանը մասնակցություն ցուցաբերած բոլոր անձանց բարեգործական ակցիայի համար` Տիգրան Սարգսյանը ողջունել է համագործակցության շարունակականությունը: Վարչապետը կարևորել է նաև Հայաստանում համաշխարհային ռոք աստղերի համերգների կազմակերպումը` ընդգծելով, որ դա կնպաստի մեր երկրում ռոքի տարածմանը: Կառավարության ղեկավարը խոսել է «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնի, մասնավորապես, 2015թ.` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում հանրահայտ ռոք աստղերի մասնակցությամբ գալա-համերգի կազմակերպման մասին:
Միջոցառման ժամանակ ցուցադրվել են հատվածներ «Deep Purple» ռոք-խմբի մեներգիչ Իէն Գիլանի և «Black Sabbath» խմբի կիթառահար Թոնի Այոմիի 2009թ. հոկտեմբերին Երևանում կայացած մամուլի ասուլիսից, որտեղ նրանք խոստանում են նոր երգերից ստացված ողջ հասույթը տրամադրել Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգմանը: Այնուհետև ներկայացվել է սուպերխմբի «Out Of Mind» տեսահոլովակը:
Շնորհանդեսին մասնակցող «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան տեղեկացրել է, որ ընկերությունը 15 հազար եվրոյին համարժեք դրամ է հատկացնում Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի վերանորոգմանը:
«Who Cares» սուպերխմբի կազմում են նաև «Deep Purple» խմբի ստեղնահար Ջոն Լորդը, «Him» խմբի կիթառահար Միկկո Լինդստրեմը և «Metallica» խմբի նախկին բաս-կիթառահար Ջեյսոն Նյուստեդը: Դեբյուտային սկավառակում ընդգրկված են «Out Of Mind» և «Holy Water» կատարումները: «Who Cares» խմբի խտասկավառակին կցված է 40 րոպեանոց վավերագրական ֆիլմ` նվիրված Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցին: Նշենք, որ սկավառակը և դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակն ստեղծագործական թիմի կողմից պատրաստվել են ամբողջովին անվճար:

Դիտվել է 1455 անգամ:
Print Friendly

Leave a Reply