Ավագանին հավանություն է տվել”Եվրոսիթիս”ասոցացիային Երևանի անդամակցությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 6, 2011 17:28

Հաշվի առնելով Երևանի քաղաքապետարան ուղղված 1988-1992թթ.-ին Ադրբեջանի հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած բազմաթիվ քաղաքացիների դիմումները, Երևանի ավագանու մայիսի 6-ին գումարված հերթական նիստի ժամանակ միաձայն հավանություն է տրվել Երևան քաղաքում քաղաքացիների կողմից զբաղեցրած բնակարանների մասնավորեցման վերաբերյալ գործող կարգի մեջ փոփոխություն կատարելու հարցին: Որոշման համաձայն այս խմբի անդամներին ևս, ովքեր շուրջ 10 և ավելի տարի զբաղեցնում են այդ բնակարանները, մասնավորեցման հնարավորություն է տրվում:

Երևանի քաղաքապետարանի և քաղաքաշինության նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների համաձայն մայրաքաղաքի թվով 9 չորրորդ կարգի քանդման ենթակա շենքերից երեքը` Նոր Արեշ 35 փողոցի, Սիսակյան 3 և Արցախի 4-րդ նրբանցք հասցեում գտնվող վթարային չորրորդ կարգի հանրակացարանային շենքերը համարվել են խիստ առաջնահերթ: Որպես սոցիալական կարևորագույն խնդիր, Երևանի ավագանու որոշմամբ նշված երեք հասցեների հանրակացարանների բնակիչների վերաբնակեցման խնդիրն ամբողջությամբ այս տարի լուծելու համար, 2011թ.-ի բյուջեում սույն որոշման նախագծով նախատեսվել է հատկացնել 1 մլրդ դրամ, իսկ անհրաժեշտ գումարների մնացած մասը հատկացնել Երևան քաղաքի 2012թ.-ի բյուջեից:

Օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր վերաբերել են Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումներին  համաձայնություն տալուն, որոշումների մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելուն:

Հաշվի առնելով մի շարք բաժնետիրական ընկերությունների և ոչ առևտրային կազմակերպությունների ավելի քան 10 տարի որևէ գործունեություն չծավալելու հանգամանքը, ավագանին միաձայն քվեարկությամբ դրանք լուծարելու մասին որոշում է կայացրել:

Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետը ավագանուն է ներկայացրել  “Եվրոսիթիս” ասոցացիային  Երևանի անդամակցության հարցը` նշելով, որ այն միավորում է եվրոպական  ավելի քան 140 խոշոր քաղաքներ և համայնքներ: Նա նաև հավելել է, որ այս ասոցացիային անդամակցությունը հնարավորություն կտա խթանել համագործակցությունը անդամ քաղաքների միջև, իրականացնել փորձի փոխանակման համատեղ ծրագրեր` տնտեսական, տեխնոլոգիական, սոցիալական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում:  Երևանի ավագանին միաձայն հավանություն է տվել նաև այս հարցին:

Ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի հունիսի 24-ին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1275 անգամ:
Print Friendly

Leave a Reply