Ազատ մամուլ և ազդեցիկության խնդիրներ
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | May 4, 2011 15:53
Մամուլի ազատության միջազգային օրվան նշումը մեզի համար հայացքները կ՛ուղղե բնականաբար դեպի հայկական լրատվադաշտ՝ իր հայաստանյան և սփյուռքյան բաժիններով։
Նկատառելի է անշուշտ, որ մեր հայրենիքի մեջ վերջերս շատցած են մամուլի ներկայացուցիչներուն դեմ դատ բանալու երևույթները։ Հսկայական գումարներու պահանջով հատկանշված դատական դիմումները կը բացահայտեն խնդրո առարկա մամուլը փակել տալու նպատակը։ Հայտնապես մամուլի համապատասխան օրենքները չեն բյուրեղացած տակավին ճշտելու համար, թե ի վերջո ո՞ւր է այն սահմանագիծը, որմե անդին պետք չէ անցնի հրապարակագիրը կամ լրագրողը՝ քննադատություն կատարելու կամ ճշմարտություն բացահ,այտելու իր առաքելության ընթացքին։
Խոսքը անշուշտ, ազատ, բայց պատասխանատու մամուլ հասկացության մասին է։ Կ՛անդրադառնանք անշուշտ, որ հարցերը առավելաբար կկենտրոնանան տպագիր մամուլին վրա։ Մինչ անհետևանք կմնան էլեկտրոնային մամուլի կից պաշտոնապես հաստատված բլոկի վրա երևցած քննակումներու բաժինին մեջ հայտնվող գաղափարները, ամբաստանությունները, մեղադրանքները։ Հակասությունն այս պարագային այն է, որ մինչ տպագիր մամուլը, որ շատ պատճառներով գոյության կռիվ կմղե, ընթերցողներու կայուն թիվ պահելու մղձավանջը կ՛ապրի, իսկ էլեկտրոնայինն ընթերցող նոր լսարաններ կնվաճե, ուշադրության կենտրոնին հայտնվածը կշարունակե մնալ տպագիր մամուլը։ Դատական դիմումները բոլորը կը վերաբերին տպագիր մամուլին։
Հարցն այն է, որ դաշտը՝ իր ամբողջական հասկացողությամբ, չէ կանոնակարգված։ Էլեկտրոնայինի պարագային կգործե անտառի օրենք. հղումները կբացակային, տեղեկություններու աղբյուրները չեն նշվիր, մեղադրանքները չեն հիմնավորվիր հաճախ, և ասեկոսային նյութերը կշրջանառվին բազմապատկումներով հավելյալ ընթերցողներուն հասնելով, քան տպագիր մամուլը։
Այս հակասական իրականությունը կը մղե տվյալ թերթի պատասխանատուներին զատորոշելու տպագիր և էլեկտրոնային միևնույն մամուլին բովանդակությունը։ Տպագիրը կցուցաբերե հավելյալ պատասխանատվություն և զգուշավորություն, մինչ էլեկտրոնայինը կ՛արշավե սանձարձակ, հատկապես բլոկներու ճամփով։
Դեղատոմսերը հստակ չեն այս պարագային։ Դրական առումով ինքնագրաքննության ակնկալություն կա, ազատությունն ու պատասխանատվությունը միաժամանակ կիրարկելու լրագրողական արվեստի հմտության ցուցաբերումով։
Լրագրողներու իրավունքներու պաշտպանության գրասենյակներու և կազմակերպություններու տարեկան գնահատականները անպայման պետք է նկատի ունենալ և ըստ այնմ դիտարկել լրատվադաշտն ու այնտեղ երևցող հիմնախնդիրները։ Առանց անտեսելու քաղաքական շարժառիթներու ներշնչումը այդ զեկուցումներուն բովանդակության վրայ։
Սփյուռքյան կողմն աշխարհի ավելի մխիթարական չէ իրականությունը։ Եթե հայրենիքի մեջ աստղաբաշխական գումարներ կպահանջվի անմհիմն մեղադրանքի դիմաց` սպառնալով թերթի գոյության, ապա Սփյուռքի մեջ նյութական անձուկ պայմանները կ՛առաջնորդեն թերթի փակումին։ Տակավին չենք խոսիր սփյուռքահայ մամուլին տեղական օրենքներու նկատառման և համապատասխան լրատուություններ թողարկելու կամ չթողարկելու երևույթներուն մասին։
Սփյուռքահայ մամուլին պակսողը քննարկումներու որակն է, բազմակարծության բացակայությունը, կառուցողական քննադատությունն ու ինքնաքննադատությունը, հրապարակային բանավեճերը։ Այս բոլորն ազատ մամուլի կայացման կարևոր բաղադրատարրեր են, որոնց կիրարկման նախաձեռնությունը մամուլի պատասխանատուներունը կհամարվի։
Հայկական մամուլն այսօր հեռու է իշխանության չորրորդ հենասյունը նկատվելե։ Հանրային կարծիքի ձևավորման համար անիկա իրոք կրնա ազդեցիկ դերակատարություն ունենալ։ Խնդիրն այն է, որ թէ՛ Հայաստանի և թէ՛ Սփյուռքի մեջ հանրային կարծիքի ազդեցիկությունը հիմնական որոշումներու կայացման գործընթացին վրայ խիստ խնդրո առարկա է։
Շահան Գանտահարյան
«Ազդակի» գլխավոր խմբագիր






Facebook
Tweet This
Email This Post
