Թեժ քննաշրջանը սկսվեց. ծնողները բողոքում են

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 3, 2009 19:55

mhm42043-copy-11Այսօր ողջ հանրապետությունում մեկնարկել են ավարտական քննությունները. 13.800 շրջանավարտ քննություն են հանձնել կենսաբանություն, 2.782-ը` աշխարհագրություն, 5043-ը` քիմիա և 16.106-ը` ֆիզիկա առարկաներից: Գնահատականները հայտնի կդառնան քննությունից հետո` 5 օրվա ընթացքում: Իսկ քննությունից մեկ ժամ անց թեստերի ճիշտ պատասխանները տեղադրվում են www.atc.am կայքում:

Միասնական քննությունները մեկնարկել են երեկ. 14 քննական կենտրոններում 1.812 դիմորդ քննություն է հանձնել կենսաբանություն, 545-ը` ընդհանուր պատմություն և 409-ը` աշխարհագրություն առարկաներից:

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանն ասում է, որ քննության ընթացակարգի խախտում չի գրանցվել, չեն եղել նաև դիմում-բողոքներ Կրթության և գիտության նախարարության (010 52 73 43) և ԳԹԿ-ի (010 55 94 31) գործող թեժ գծերին:

Մանուկյանի հավաստմամբ` բոլոր քննական կենտրոններում գործել են հեռախոսի ազդակները խլացնող սարքեր, ինչպես նաև քննության ընթացքը նկարահանվել է մի քանի տեսախցիկներով, և ծնողները հնարավորություն են ունեցել դրսից հետևելու քննության ընթացքին:

mhm42046-copy-1Գեղհովիտ գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, ում դուստրը քննություն է հանձնել Գավառի թիվ 4 միջնակարգ դպրոցում, դիմել էր «Անկախ»-ի խմբագրություն` բողոքելով, որ մոնիտորները հստակ չէին ցույց տալիս, բացի այդ, դահլիճում ակտիվ շարժ էր նկատվում: Իսկ 17-ամյա Անահիտ Ավետիսյանը, ով երեկ քննություն է հանձնել կենսաբանություն առարկայից նույն դպրոցում, ասում է, որ քննասենյակում աղմուկ է եղել, քննություն հանձնողները միմյանց հետ խոսել են, հուշել:

Գայանե Մանուկյանը նշում է, որ եթե ծնողները դիմում-բողոք ներկայացնեն ԳԹԿ, համապատասխան ուսումնասիրություն կանցկացվի: Իսկ ինչ վերաբերում է մոնիտորներին, «յուրաքանչյուր ծնող ուզում է, որ էկրանին երևա իր երեխայի դեմքը: Մինչդեռ մոնիտորները դրված են, որպեսզի ծնողները և լրագրողները կարողանան հետևել քննասենյակում տիրող իրավիճակին, մթնոլորտին»:

Դիտվել է 2532 անգամ:
Print Friendly

Leave a Reply