Հ. Պողոսյան. «Պետք է ուրախանանք, որ Մինասի որմնանկարները փրկվում են եւ ոչ թե դժգոհենք»

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 6, 2011 11:50

ՀՀ կառավարության’ Մինաս Ավետիսյանի որմնանկարները Երեւան տեղափոխելու որոշման դեմ արդեն մի քանի օր է, ինչ բողոքի ակցիաներ եւ հասարակական քննարկումներ են անցկացնում Գյումրիի մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ մտավորականներ: Խոսքը վերաբերում է Գյումրու երկու գործարաններում’ «Գալվանոմետր» եւ «Էլեկտրատեխնիկական» ՓԲԸ-ում գտնվող «Երկանք» եւ «Թել են մանում» գործերին:

«Անկեղծ ասած’ զարմացած եմ: Ինձ թվում է, որ պետք է ուրախ լինեք, որ, որմնանկարները երկար տարիներ գտնվելով քայքայման եզրին, այսօր կառավարության որոշմամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ փրկվում են»,- Գյումրիում լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նախարարի խոսքով’ այսօր Մինասի’ Գյումրիում գտնվող եւս չորս որմնանկարներ անմխիթար վիճակում են: Բացի Մինասի ստեղծագործություններից, նույն վիճակում են գտնվում նաեւ ժամանակակից արվեստագետների 13 որմնանկարներ:

«Եթե կան դրանք փրկելու առաջարկներ, ովքեր ուզում են եւ ի վիճակի են ներդրում կատարել, մենք միայն ողջունում ու աջակցում ենք: Տվե’ք առաջարկներ: Մինասի երկու գործերն օդանավակայան տեղափոխելով’ հյուրերին հաղորդակից ենք դարձնում այդ հրաշալի գործերին: Կարծում եմ, որ պետք է ուրախանանք, որ որմնանկարները փրկվում են եւ շատերը կունենան դրանք տեսնելու հնարավորություն: Մենք պատրաստ ենք Գյումրիի քաղաքապետից լսել առաջարկներ’ մյուս 13 որմնանկարները փրկելու վերաբերյալ, եւ պատրաստ ենք մեր աջակցությունը տրամադրելու»,- ասաց Հ. Պողոսյանը’ հավելելով, որ որեւէ մեկը մինչեւ 2008 թվականը մտահոգված չէր այս խնդրով:

«Կարծում եմ, որ այս գործընթացն ավելի շատ պետք է գոհունակության արժանանար, քան դժգոհության»,-նշեց ՀՀ մշակույթի նախարարը’ նշելով, որ այս հարցի նկատմամբ ՀՀ կառավարության որոշումը չի փոխվելու:

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply