Տիգրան Կարապետյանը բարկացավ և երթ չարեց (լուսանկարներ)
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 5, 2011 23:47
Մատենադարանի տարածքում այսօր տեղի ունեցավ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի կազմակերպած հանրահավաքը: Հավաքվածները պարզել էին «Անգլուխ ձիավոր», «Ոռոգման ջուրն ապրանք չէ», «Ո’չ կաշառակերությանը», «Ո’չ թալանին» և նման գրություններով ցուցապաստառներ:
Սակավամարդ հանրահավաքի բացման խոսքում Տիգրան Կարապետյանն ասաց. «Ցավոք, մենք մեր կանխատեսումների մեջ ճիշտ էինք, այսօր մեր կուսակիցներն են եկել, ես շնորհակալություն եմ հայտնում, որ դուք եկել եք մեզ սատարելու»:
Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ, diplomat.am կայքի խմբագիր Էմանուել Մարգարյանը նշեց, որ քանակն էական չէ, կարևոր է որակը. «Գործընթացները հայտնի են վայրիվերումներով, ժամանակին մենք հավաքել ենք զանգվածներ և այդ զանգվածները դեռ հավաքելու ենք»,- ասաց նա: Անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը՝ Մարգարյանն ասաց. «Չգիտեմ էլ անունն ինչ դնեմ՝ պայմանավորվածություն, սիրավեպ, բաշիքյարթմա, թե այլ բան: Բայց վերջում ժողովրդի վիճակը լավանալու է, թե ոչ, ես շատ լուրջ կասկածներ ունեմ: Եվ շատերն ունեն կասկածներ»:
Ըստ Մարգարյանի՝ ժողովրդական կուսակցությունը միակ իրական երրորդ ուժն է. «Այս շարժումը կա, գործում է, և անելու ենք ամեն ինչ, որ լուծենք նաև քանակի հարց. հիասթափվել պետք չէ: Եթե դուք անկոտրում կամք ձեռք բերեք, ի վերջո տեսնելու եք բաղձալի հաջողությունը»:
Կուսակիցներից Իշխան Թովմասյանը նշեց, որ ինքը համոզված է՝ այս շարժումը իր բռնած գործը ավարտին է հասցնելու: «Սա իշխանական աթոռը բռնազավթելու համար չէ. այս շարժման հիմքում դրված են համակարգային փոփոխությունները, արդեն վտանգված ընտրությունների դեմը կանխելը»,- իր ելույթում նշեց նա: Ըստ նրա՝ առանց ժողովրդի կամքը հարցնելու մեր իշխանությունները եվրոխորհուրդ մտան. «Եթե մի պետություն 4 մլրդ պարտքի է հասել, անթիվ բանկեր ունի, բա ինչո՞ւ մեր մինիմում զամբյուղը չեն համապատասխանեցնում Եվրոխորհդի երկրների մինիմում զամբյուղին»,- հարցրեց նա։
Հաջորդիվ ազատամարտիկ Լևոն Սահակյանը մարտահրավեր նետեց հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանին, ով, ըստ նրա, հեռուստաեթերում չէր փոխանցել Տիգրան Կարապետյանին իր ուղղած հարցը։ Նա կոչ արեց Ղազարյանին իրեն տրամադրել հեռուստաեթեր և իր հետ բանավիճել։ «Ես կուսակցական չեմ, իմ մարտական ընկերները կուսակցական չեն, իմ գալիք մարտական ընկերները ևս կուսակցական չեն. մենք եկել ենք ասելու` պետք է գլխատել անարդարությունը, եթե դուք կաշառակեր եք, շինական հային մի դարձրեք կաշառակեր: Մենք չենք հոգնել ձեզնից, մենք զզվել ենք ձեզնից, մենք չենք հոգնել ձեզ լսելուց, զզվել ենք ձեր ստերից»,- ասաց նա։
Վերջում ելույթ ունեցավ կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը. «Ժողովուրդը չի հասկանում, որ երկիրն իրանն ա, փողն իրանն ա, հողն իրանն ա, դուք թույլ եք տալիս, որ ձեր հաշվին պարտք են վերցնում դրսից, մենք ստրուկ ենք,- ասաց նա։- Ինչո՞ւ մենք ամեն տեղ հաջողություն ունենք, միայն հայրենիքում չունենք»։
Անդրադառնալով իրեն լքած նախկին համակիրներին՝ նա ասաց. «Մտածում են՝ բա որ մեկը վաղը փող առաջարկի… բա էդ փող ա՞, 5 000 կամ 10 000 դրամը»։ Ըստ նրա՝ վճռական լինելու պահանջն այսօր հնարավոր է իրականացնել, եթե պահանջողը մնում է իր կողքին. «Ասում եք` Կարապետիչ, կըլնե՞ս վճռական… գալիս ե՞ք, որ վճռական լինենք, արժանի ե՞ք, որ մեր կյանքը ձեր համար դնենք: Ինձ ոչ աթոռ ա պետք, ոչ թագ ա պետք։ Ինձ պետք ա, որ ժողովուրդը լավ ապրի»:
Տիգրան Կարապետյանը ամփոփելով ասաց, որ չի լինի նախատեսված երթը և չի հայտարարվի մյուս հանրահավաքի օրը։ Նա կսպասի իր համակիրները վերադարձի լուրերին և նոր կհայտարարի իր հետագա անելիքների մասին։ «Մենք քիչ ենք, բայց ազնիվ ենք, մեր նվիրաբերումները մեզ որպես քննադատություն են ներկայացնում, իսկ իրա՞նք ինչ են տվել: Ուրեմն, մենք կմնանք ազնիվ, սկզբունքային, բայց այն տղաները, որ այսօր մեզ հետ չեն, պետք է հասկանան, որ մի օր իրանց էլ կհասնի էդ մուրճը»,- եզրափակեց նա՝ նշելով, որ նախատեսում է կազմակերպել հայրենասերների խորհուրդ:
Նշենք, որ տարածքում արևածաղիկ վաճառող ծեր կինը նույնպես դժգոհ էր հանրահավաքի սակավամարդությունից. «Բա էս հանրահավաք ա՞, 4 բաժակ սեմուշկա ծախեցի»։






Facebook
Tweet This
Email This Post
