«Առաքելությունը հաջողվել է իրագործել». ՀԽ-ն ամփոփում է 2009-2010թթ. գործունեությունը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 5, 2011 18:19

Մայիսի 29-ին կլրանա Հանրային խորհրդի փաստացի գործունեության երկու ամյակը. 2009-ի նույն օրը ՀԽ-ն սկսեց գործունեությունը` ունենալով արդեն ամբողջական կազմ:

Այսօր ՀԽ լիագումար նիստին ամփոփվեց կառույցի 2009-2010թթ.  գործունեությունը:

Անդրադառնալով միջազգային պրակտիկայում հանրային խորհուրդների դերակատարությանը` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց, որ նման կառույց գործում է թե զարգացած երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Իտալիան, թե զարգացող երկրներում, ինչպես Լատինամերիկյան երկրները, Բրազիլիան, Չինաստանը և անգամ մի շարք աֆրիկյան երկրներում:  Մանուկյանի խոսքով` հանրային խորհուրդը կոչված է ապահովել իշխանություն-հասարակություն փոխադարձ կապը և օգնել բալանսավորել ու կայունացնել երկրում տիրող իրավիճակը:

Խոսրով Հարությունյանն էլ ասաց,  որ ՀԽ առաքելությունը ոչ միայն հասարակական հնչեղություն ունեցող խնդիրների բարձրաձայնումն է, այլ նաև հանրապետության քաղաքական ղեկավարությանն  այդ խնդիրների այլընտրանքային լուծումներ առաջարկելը. «Ունենալով 2 տարվա անցած ուղի` կարող ենք ասել, որ հաջողվել է մեր առաքելությունն իրագործել»:

Ամփոփելով ՀԽ գործունեությունը, Մանուկյանն ասաց, որ օրակարգում եղել են 2 տեսակի հարցեր` ռազմավարական նշանակության և այժմրոպեական լուծում պահանջող:

ՀԽ քննարկած ռազմավարական նշանակության հարցերից Մանուկյանն առանձնացրեց գյուղատնտեսությունը. «Կա գյուղատնտեսության և գյուղի պահպանման խնդիր: Հենց գյուղացին է պահում հողը և հայրենիքը»: ՀԽ-ն այս ոլորտում հետևողականորեն առաջ է տանում կոոպերացիայի գաղափարը: Արդյունքում 2010-2020 թթ.  գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունում կոոպերացիաների ստեղծումը  համարվում է  գերակա խնդիր:

ՀԽ-ն բազմիցս քննարկել ու իր լուծումներն է առաջարկել նաև կրթության ոլորտի խնդիրներին:

Հեռուստատեսության բովանդակությունը և ազգային արժեքները ոտնահարող հաղորդումները ևս չեն վրիպել ՀԽ ուշադրությունից: Քննարկումներից հետո 2010-ի փետրվարին ստորագրվեց հեռուստառադիոհեռարձակողների էթիկական խարտիան,  որին միացան 12 հեռուստաընկերություններ: Խարտիայի մշակումը և ստորագրումը կոորդինացրած Հովիկ Մուսայելյանը փաստեց, որ հաջորդող ամիսներին իրավիճակը կարգավորվեց, ավարտվեցին գաղութային կյանքը քարոզող սերիալները, պետք է սկսեին հայրենասիրություն և ազգային արժեքներ  քարոզող ֆիլմեր և հաղորդաշարեր ցույց տալ, սակայն հեռուստաընկերություններն էլի տուրք տվեցին ռեյտինգային մրցավազքին: Արդյունքում հեռուստատեսային բովանդակությունն հիմա ավելի վատն է, քան անցած տարի: «Փողոցային ժարգոնը ձևավորում է հեռուստաեթերը,- ասում է Մուսայելյանը:- Հեռուստատեսության առաքելությունը շատ ավելին է, քան ներկայի արատները արձանագրելը և մակերեսային մեկնաբանությունը»:

Նրա խոսքով` ՀԽ-ն պետք է պարբերաբար քննարկի և վերլուծի հեռուստաեթերի բովանդակությունը, բարձրաձայնի ու լուծումներ առաջարկի մտահոգող խնդիրներին:

Կարինե Դանիելյանն էլ փաստեց, որ ՀԽ ստացած դիմում-բողոքների մեջ բազմաթիվ են նաև էկոլոգիական-բնապահպանական խնդիրներ բարձրացնող դիմումները: Դանիելյանն ասում է, որ երկրում անտառների իրական պատկերը չկա. միշտ ներկայացվում է, որ ունենք 11 տոկոս կանաչ տարածք, մինչդեռ ըստ տիեզերքից կատարված ուսումնասիրությունների` 7-8 տոկոս է: «Երկու տարվա պայքարից հետո հասել ենք նրան, որ կառավարությունը դիմել է Գերմանիայի դեսպանությանը,  այժմ GTZ-ը աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ և շուտով կունենանք անտառների իրական պատկերը»: Խոսրովի արգելոցի հետ կապված խնդիրներ էլ կան. 2007-ին կառավարության որոշմամբ117 հա տարածք օտարվել է արգելոցից և տրվել կառուցապատման. «Այժմ հասել ենք նրան, որ շինարարությունը դադարեցվել է, սակայն պետք է պայքարենք մինչև տարածքին նախկին կարգավիճակը տրվի»:  Դանիելյանն ասում է, որ բնապահպանության ոլորտում առկա խնդիրները համակարգային են և բողոքները կնվազեն միայն ընդհանուր համակարգային խնդրի լուծման դեպքում:

Որպես ՀԽ գործունեության թերացում` Մանուկյանը նշեց, որ հասարակության և ԶԼՄ-ների հետ շփումներում ակտիվ չեն եղել, ինչը կշտկեն առաջիկայում` քննարկվող  խնդիրների  շուրջ ՀԽ-ից դուրս լայն հանրային քննարկումներ ծավալելով:

Քննարկվեցին նաև հանրային կյանքի տարբեր ոլորտներին, ինչպես հասարակական տրանսպորտ, քաղաքաշինություն, տուրիզմ,  առնչվող խնդիրներ:  ՀԽ-ն որոշեց կատարված առաջարկությունները քննարկել  ՀԽ փոքր խորհրդի նիստում` ՀԽ համապատասխան հանձնաժողովների 2011թ.  աշխատանքային գործունեության ծրագրում ընդգրկելու նպատակով:

Դիտվել է 1449 անգամ:
Print Friendly

Leave a Reply