Վարչապետն ու Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենն այցելել են Արարատի մարզ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 5, 2011 17:44

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր եղել է Արարատի մարզում, որտեղ մասնակցել է Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան (ՀՄՀ-Հայաստան) ծրագրի շրջանակներում վերականգնված Արմաշի պոմպակայանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհանեսը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:

ՀՄՀ-Հայաստանի ներդրումն այս պոմպակայանում կազմում է 2,892,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, արված աշխատանքները ներառում են բոլոր պոմպերի և 9 շարժիչների, էլեկտրասարքերի և մալուխների փոխարինում, պոմպակայանի շենքի և ջրընդունիչի հիմնովին վերականգնում, ավազորսիչի տեղադրում: Արմաշի պոմպակայանը ոռոգման ջուր է մատակարարում Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքներին` ոռոգելով 1,481 հեկտար հողատարածք չորս խողովակաշարերից:
Այցելության հաջորդ կանգառը Ավշար-Այգևանի պոմպակայանն էր, որտեղ շինարարական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: Այստեղ ՀՄՀ-Հայաստանը կառուցել է պոմպակայանի հիմնովին նոր շենք: ՀՄՀ-Հայաստանի ներդրումը Ավշար-Այգևանի պոմպակայանի վերականգնման գործում կազմում է 1,383,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Այն ոռոգում է 1,300 հեկտար հող Եղեգնավան, Ավշար և Այգևան համայնքներում:
Ծրագրի ավարտին ՀՄԿ ընդհանուր ներդրումը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տեղակայված 17 պոմպակայաններում համարժեք կլինի 41 միլիոն դոլարիի: Արարատի մարզում, որտեղ գտնվում են Արմաշի և Ավշար-Այգևանի պոմպակայանները, ՀՄՀ-Հայաստանի շրջանակներում արված ներդրումը ամենաշոշափելիներից է. այն կազմում է շուրջ 13 միլիոն Ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման և Ջրից դեպի շուկա բաղադրիչների մասով:

Դիտվել է 5200 անգամ:
Print Friendly

Leave a Reply