Գործը կասեցվել է, իսկ հարազատներն այդ մասին տեղյակ չեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | May 7, 2011 0:07

2011 թ. հունվարի 29-ի առավոտյան 33-ամյա Սևակ Սարուխանյանը ճամպրուկը ձեռքին դուրս եկավ տնից, որպեսզի հանդիպի ընկերներին և նրանց ուղեկցությամբ օդանավակայան գնա. մեկնում էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի:

Սակայն  չհասցրեց ընկերներին հանդիպել, վրաերթի ենթարկվեց: Ժամը 4:40-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայի 71 շենքի մոտ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով անհայտ վարորդը, վրաերթի ենթարկելով նրան և թողնելով անօգնական վիճակում, դիմեց փախուստի:

Նրան գլխուղեղի վնասվածքով, անգիտակից վիճակում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այդ օրվանից Սևակը գիտակցության չէր գալիս:

Դեպքի կապակցությամբ գործ հարուցվեց: Ոստիկանության Երևանի քաղաքի վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինը օպերատիվ-քննչական միջոցառումներ ձեռնարկեց վրաերթի ենթարկող մեքենայի վարորդին և մեքենան հայտնաբերելու ուղղությամբ:  Սակայն ո՛չ մեքենան հայտնաբերվեց, ո՛չ էլ վարորդը, չնայած դեպքի վայրում եղել են տեսախցիկներ և ականատեսներ: Հայտնի է դարձել միայն, որ վրաերթ ը կատարվել է  սպիտակ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով:

Հարազատները ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին նամակ են հղել՝ խնդրելով հետամուտ լինել դեպքի բացահայտմանը: Նրանց պատասխանել են, որ դեպքը քննության ընթացքում է, հանգամանքները պարզվում են:

Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնից մեզ հայտնեցին, որ  ապրիլի 4-ին դեպքը կասեցվել է, քանի որ լրացել է օրենքով սահմանված 2-ամսյա ժամկետը. «Սակայն կասեցումը չի նշանակում, որ գործը փակվեց, գնաց արխիվ,- պարզաբանեց բաժնի աշխատակիցներից մեկը,- մեր կողմից արվել են բոլոր հնարավոր և անհրաժեշտ քննչական գործողությունները, սակայն հայտնի չի դարձել վարորդի ինքնությունը և թե ինչ մեքենայով է վրաերթը կատարվել: Պետք է դրանց վերաբերյալ օպերատիվ որևէ տվյալ ստացվի, որպեսզի քննությունը վերսկսվի և շարունակվի: Օրինակ` 3-4 ամիս առաջ մեր կողմից բացահայտվել է 10 տարի առաջ տեղի ունեցած մահվան ելքով մի դեպք»:

Ըստ նրա` դեպքի ականատեսները՝ հավաքարարներն ու դիմացից եկող մեքենայի վարորդը, տեսել են միայն վրաերթ կատարող մեքենան և փախուստի ուղղությունը, սակայն չեն տեսել ավտոմեքենայի պետհամարանիշը: Ինչ վերաբերում է տեսախցիկին, ապա դա պատկանել է մասնավոր խանութի և նկարահանել է միայն դիմացի հատվածը, բայց ոչ ճանապարհը: Նա նշեց, որ եթե անգամ տեսախցիկը նկարահանած լիներ դեպքը, ապա իրենք դժվար թե կարողանային բացահայտել տվյալ ավտոմեքենայի պետհամարանիշը, քանի  որ այդ ժամին փողոցի լույսերն անջատված են լինում:

Մայիսի 2-ի դրությամբ Սևակի հարազատները դեռևս տեղյակ չէին, որ գործը կասեցվել է, այդ մասին մենք նրանց տեղեկացրինք:

Ոստիկանության աշխատակիցն ասաց, որ քննիչը պետք է գրությամբ նրանց տեղյակ պահեր: Քննիչ Աշոտ Ասատուրյանը հայտնեց, որ որոշումը գրավոր ձևով Սևակի հարազատները պետք է ստանան փոստատարի միջոցով, իսկ թե ինչու չեն ստացել, շատ պատճառներ կարող են լինել. «Միգուցե փոստատարը գնացել է, բայց նրանց տանը չի գտել»:

Ինչ վերաբերում է գործի բացահայտմանը, ապա Ասատուրյանն ընդգծեց, որ իրենց կողմից մի քանի անգամ հանձնարարական է տրվել Էրեբունու ոստիկանության բաժին՝ հարցն անուշադրության չմատնելու և դեպքի բացահայտման ուղղությամբ օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:

Գործը քննող նախկին քննիչը Սևակի եղբորն ասել էր, որ մինչև Սևակը գիտակցության չգա, իրենք գործը չեն կարող փակել: Սևակի հարազատներն ասում են, որ վերջին օրերին նա գիտակցության է եկել և պատասխանում է հարազատների հարցերին աչքերի թեթևակի շարժումներով: Չնայած դրան, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչը Սևակի վիճակը գնահատում է ծայրահեղ ծանր:

Կկարողանա՞ պատասխանել Սևակը քննիչի հարցերին, թե ոչ, կարող է ասել միայն բժիշկը, բայց այն փաստը, որ Սևակի գիտակցության գալու մասին քննիչը տեղյակ չէր, խոսում է այս դեպքի նկատմամբ իրավապահների ոչ այնքան սրտացավ վերաբերմունքի մասին. միգուցե պատճառն այն է, որ Սևակի հարազատները «մեջք» չունեն և «թափ չեն տալիս» համապատասխան մարմիններին՝ գործին առավել լրջորեն վերաբերվելու համար, կամ միգուցե նրանց այժմ հետաքրքրում է միայն Սևակի առողջությունը: Ամեն դեպքում բարեկամներից մեկը մեզ հետ զրույցում ոստիկանության աշխատանքը որակեց անորակ և անարդյունավետ. «Եթե կան տեսախցիկներ, վկաներ, բացի այդ, հայտնի է ավտոմեքենայի փախուստի ուղղությունը և այլ փաստեր, կարծում եմ՝ հնարավոր էր գտնել հանցագործին»,-ասաց նա:

Սևակը երկու անչափահաս երեխա ունի: Սոցիալական ծանր վիճակի պատճառով նա մեկնում էր արտագնա աշխատանքի: Այժմ հարազատներն ու բարեկամները սոցիալական լուրջ խնդրի առջև են կանգնած, քանի որ հիվանդանոցում ամեն օր նորանոր ծախսեր են առաջ գալիս: «Սկզբում հիվանդանոցային ծախսերն իր վրա էր վերցրել ապահովագրական մասնավոր մի ընկերություն՝ մոտ 3 միլիոն դրամի մասով,-ասաց Սևակի բարեկամներից մեկը,- բայց ապահովագրական ընկերության տրամադրած գումարի չափը սպառվել է, և հարազատներն ահագին պարտքերի մեջ են ընկել»:

Ի դեպ, Սևակի հետ այդ հիվանդանոցում է գտնվում նաև մեկ այլ հիվանդ, որին վրաերթի են ենթարկել հենց նույն վայրում. նա արդեն 3 տարի է՝ անգիտակից վիճակում է:

Երևանի շտապօգնության ծառայության պետ Թագուհի Ստեփանյանը հայտնեց, որ հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը իրենք 59 վրաերթի դեպք են արձնագրել. 54-ի դեպքում վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են հիվանդանոց, 5-ի դեպքում արդեն մահացած են եղել:

Դիտվել է 1503 անգամ:
Print Friendly

Leave a Reply