«Կոլցո» տխրահռչակ օպերացիայի դառը դասերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | May 7, 2011 15:00
1991 թ. ապրիլի 30-ին Գորբաչով– Շատալին– Պուգո եռյակի թողտվությամբ` Գետաշենում, Մարտունաշենում վայրագություններով «աչքի ընկան» գեներալ Սաֆոնովի պատժիչ ջոկատները: Համագործակցելով ադրբեջանական ՕՄՕՆ–ի հետ, «անձնագրային ստուգման» պատրվակով` նրանք գիշերները ներխուժում էին հայերի բնակարանները, ձերբակալում նրանց ու տալիս ադրբեջանցիներին: Դրան հաջորդում էր խաղաղ բնակչության բռնի տեղահանությունը: Այդ շեների նկատմամբ կիրառված բռնության համատեղ ակցիան պատմության մեջ մտավ «Կոլցո» անվամբ, որի մասին աշխարհով մեկ բարձրաձայնեց ռուս գրող Ինեսա Բուրկովան` անիծելով Գորբաչովին:
«1991 թ. ապրիլի 30-ին խորհրդային զորքերը և Ադրբեջանի 0Մ0Ն-ականները մտան Մարտունաշեն և գրեթե ամբողջովին հրկիզեցին այն: Այնտեղ ճենճահոտ է: Ոմանք հասցրեցին փախչել Գետաշեն, որտեղ տառապում են սովից, ցրտից, վախից: Բոլորն անիծում են Գորբաչովին, և ես` նրանց հետ միասին: Ես` ռուս գրողս, դիմում եմ բոլորին, ում խիղճը դեռ ողջ է, արթնացեք: Ես դիմում եմ հայ սփյուռքին. անմիջապես բախեք Բուշի, Միտերանի, ՄԱԿ-ի, Եվրախորհրդի դռները: Այստեղ նոր 1915 թվականն է: Խաղաղ բնակչության հանդեպ արյունալի հաշվեհարդար կազմակերպողների նկատմամբ ես միջազգային դատ եմ պահանջում»: Սակայն անտարբեր աշխարհին ոչ թե ժողովրդի ճակատագիրը, այլ անցյալ դարի սկզբին անարդացիորեն գծված քարտեզն էր հետաքրքրում:
Ազատ ու Կամո գյուղերի անկումից հետո աշխարհից ու հայությունից մեկուսացված գետաշենցիներն ու մարտունաշենցիները շարունակում էին մաքառել, երբ 1991 թ. ապրիլի 12-ին նրանց ներկայացվեց գյուղից հեռանալու վերջնագիր: Ադրբեջանցիները ոչ միայն ճարպկորեն օգտվեցին ԽՍՀՄ-ում ստեղծված խառնակ իրավիճակից, այլև ՀՀՇ-ի հակառուսական հիսթերիայից, քանի որ մեր նորընտիր ղեկավարներն անթաքույց հպարտությամբ հաճախ էին թմբկահարում, որ իրենք կործանեցին «անսասան» կայսրությունը: Իսկ հակառակ մեր «խելոքների»` Մութալիբովը սիրաշահում էր Մոսկվային` խոստանալով ստորագրել միութենական պայմանագիրն ու մնալ խորհրդային կազմում, եթե օգնեն իրենց… Ինչպես կյանքն ու արցախյան գոյամարտի տարեգրությունը ցույց տվեցին, օգնեցին, այն էլ ինչպես: Սկզբում հայաթափեցին Գետաշենն ու Մարտունաշենը, այնուհետև` արդեն մայիսին, նույն ձեռագրով Հադրութի շրջանի, իմ գիտցածով, 13 գյուղ, ու հերթը Շահումյանին հասավ: Փառք Աստծո, որ կարողացանք ազատագրել Հադրութի գյուղերը, իսկ Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենն այդպես էլ փայփայած երազանք մնացին: Ցավն այն է, որ ՀՀՇ իշխանությունը ոչ միայն Գետաշենում իրավիճակը փրկելու որևէ փորձ չարեց, այլև ապրիլի 20-ին այնտեղից հանեց իր լավ զինված ջոկատը: Ո՞ւմ էր պետք նրանց լավ զինված լինելը, եթե զենքը պիտի ժանգոտեր չկրակելուց…
Անմահության երկու տասնամյակ
Գետաշենում մնացին դաշնակցականներ Թաթուլ Կրպեյանը, Արթուր Կարապետյանը, Հրազդանի «Ալաշկերտ» ջոկատը` Հրաչիկ Դանիելյանի ղեկավարությամբ, որոնք էլ դարձան Գետաշենի առաջին զոհերը: Գետաշենում էր նաև վաղամեռիկ Վահան Զատիկյանի ջոկատը: Երբ Թաթուլին հայտնի է դառնում, որ Սպիտակ ջրի ուղղությամբ գյուղ ներխուժած թշնամին, բնակիչներին վնասելով, առաջ է շարժվում, հակառակորդի վայրագությունները կանխելու նպատակով Թաթուլը, նռնակը ձեռքին, նետվում է գյուղ մտնող զրահամեքենայի վրա: Պատանդ է վերցնում խորհրդային զորքերի հրամանատար, գնդապետ Մաշկովին ու նրա զինվորներին և գյուղից հեռանալու պահանջ ներկայացնում: Սակայն դավադիր գնդակից զոհվեց Գետաշենի հրամանատար, միաժամանակ գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Թաթուլ Կրպեյանը: Մայր բուհի պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողն առաջին Արցախ մեկնողներից էր, որտեղ նորից փորձում էին հային անհայրենիք թողնել, քանզի աշնակցի Կրպեյանների ընտանիքում ծնված Թաթուլը մեծերից, հատկապես պապից ժառանգել էր Էրգրի կորստի ցավն ու այդպես հզորացել:
Գետաշենի փոխհրամանատար Արթուր Կարապետյանն էլ Ժողտնտեսության ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող էր: Երիտասարդ էր, բայց համառ ու վճռական: 1988-ից իր շուրջը համախմբելով մի խումբ համախոհների` հայտնվեց թեժ կետերում, իսկ 1990-ի սեպտեմբերից արդեն Գետաշենում էր: 1991-ին նոր պիտի բոլորեր 24 տարին, երբ բռնեց անմահության ճամփան:
Նույն օրը գերվեց նաև Գետաշենը: Այստեղ զավեշտն այն էր, որ բնակիչներից նախապես ստորագրություն էին պահանջում, թե իբր կամավոր են հեռանում, իսկ ընդդիմացողներին սպասում էր մեզ արդեն ծանոթ ձեռագիրը:
Եթե Գետաշենում մարտական գործողություն չծավալվեց հրամանատարների զոհվելու պատճառով, ապա Մարտունաշենում կռիվն անխուսափելի դարձավ, կռիվ, որ վերջինը եղավ նաև մայր բուհի երկրաբանական ֆակուլտետի դասախոս, քաղսովետի պատգամավոր, «Նարեկ» երգչախմբի անդամ, մտավորական Սիմոն Աչիկգյոզյանի (ԴԵԴ) համար: Վիրավոր հրամանատարը կփրկվեր, եթե համաձայներ, որ իրեն էլմյուս վիրավորի հետ հանեին կրակի բերանից: «Ես թշնամուն կպահեմ, մինչև վիրավորին հանեք,- ասում է ու իրեն յուրահատուկ հանդարտությամբ կրակում ու երգում «Վաղուց եմ ուխտել կռվել ու մեռնել» երգը:- Զոհվելուց չեմ վախենում, միայն թուրքի ձեռքը մարմնիս չդիպչի»,- ահա թե որն էր նրա մտահոգությունը, որի համար պատերազմը դեռ 1915-ից էր սկսվել: Նրա տոհմական բնօրրանը Արևմտյան Հայաստանն էր, իսկ Հովհաննես հայրը` Եղեռնից հրաշքով փրկված, որի 86-հոգանոց գերդաստանից 78-ը զոհվել էր Դեր-Զորի անապատում: Սիմոնն այդպես էլ չիմացավ, որ փրկված վիրավոր զինվորը իր սան արթիկցի Մկրտիչն էր:
Մայիսի 3-ը Հայաստանում սուգ հայտարարվեց: Բոլորին հուղարկավորեցին հավուր պատշաճի: Մեզանում միայն դա է լավ ստացվում: Գետաշենի ու Մարտունաշենի համար ընկածները հիրավի չպարտվեցին, որովհետև բոլորն էլ ընկան հերոսաբար: Խունկ ու հիշատակ բոլորին: Պարտվեցին նրանք, ովքեր զենք ու զինամթերք ունեին, բայց փախան…
Օրերս մայր բուհի երկրաբանական ֆակուլտետի պետրոգրաֆիայի կաբինետն անվանակոչվեց Սիմոն Աչիկգյոզյանի անունով: Այդ առիթով համալսարանում էին հավաքվել Սիմոնի մարտական ընկերները: Խոսք ու զրույցի թեման Սիմոնն էր ու մտավորականին վայել նրա պահվածքը, ճշմարիտ ապրած կյանքը: Ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն ասաց. «Մեր այս քայլով արժանին ենք մատուցում Սիմոնի հիշատակին, զոհված բոլոր ազատամարտիկներին, այդ թվում նաև` ողջերին: Միշտ ուշադիր լինել այն մարդկանց նկատմամբ, ովքեր ապահովեցին մեր երկրի խաղաղությունն ու անվտանգությունը: Ցավով պիտի նշեմ, որ այսօր մեր հերոսները ինչպես հարկն է չեն ներկայացվում մեր կերպարվեստում, գրականությունում, կինոարվեստում: Ուշանում է այն հիմնարար գործերի ստեղծումը, որոնք իսկապես սերունդ կդաստիարակեն»:
Տղաների աճյունները Երևան տեղափոխելու օրը Գետաշենից և Մարտունաշենից հեռացան նաև բնակիչները` գյուղերը թողնելով արալեզներին:
Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
