Ստանիսլավ Սիդորով. «Ես չեմ կարող Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ չնկարահանել»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | May 6, 2011 15:30

Հղացած գաղափարը կյանքի կոչելու նպատակով HTB-ի գլխավոր ռեժիսորը օրերս կրկին Երևան կգա

«Անկախ» շաբաթաթերթն իր նախորդ համարներում արդեն հայտնել է, որ Երևան են գալիս ռուսական HTB հեռուստաընկերության փորձառու մասնագետները՝ վարպետության եռօրյա դասընթացներ անցկացնելու: Նրանցից մեկը` հեռուստաընկերության փրայմ-թայմ հեռարձակման գլխավոր ռեժիսոր Ստանիսլավ Սիդորովը, անչափ տպավորվել էր Հայաստանով՝ հայոց պատմությամբ ու մշակույթով, հայկական մշակութային հուշարձաններով:

Բացի Էջմիածնից, Սևանա լճից, Գառնիից ու Գեղարդից, նրանք եղան նաև Ցեղասպանության թանգարանում ու ծաղիկներ դրեցին Եղեռնի հուշարձանին` երդվելով, որ մեր երկիր նորից կգան:

«Անկախը» տեղեկացավ, որ Երևան գալու պատրաստակամություն է հայտնել Ստանիսլավ Սիդորովը և «Օրդֆիլմ» ընկերության տնօրեն Հայկ Օրդյանի միջամտությամբ զրուցեց  նրա հետ:

Պարոն Սիդորով, ի՞նչն է Ձեզ երկրորդ անգամ բերում Երևան:

– Այս անգամ գալիս եմ Երևան առանց հատուկ հրավերի: Երբ ինքնաթիռում էի, հեռանում էի Հայաստանից, տպավորությունները շատ մեծ էին: Ազդեցիկ էր հատկապես Ցեղասպանության թանգարանում անցկացրած ժամանակը: Ես հայոց պատմության այս սև էջի՝ ցեղասպանության մասին միայն մի քանի բան գիտեի: Որոշեցի Մոսկվա հասնելուն պես զբաղվել այդ գործով, և երկու օրից արդեն Երևանում կլինեմ՝ էկրանավորելու թղթի վրա գրած գաղափարս՝ ֆիլմ հայկական գենոցիդի մասին:

Բայց հայոց ցեղասպանության մասին քչերը չէ, որ ֆիլմ են նկարահանել...

-Այո, վստահ ես էլ կարող եմ փաստել, որ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ շատերն են նկարահանել, ասեմ, որ մեկին հաջողվել է, մյուսը մի քիչ թերացել: Բայց ես ցանկանում եմ առանց մեկնաբանությունների ֆիլմ նկարահանել, ցույց տալ այն մարդկանց, ովքեր տեսել են ցեղասպանությունը: Այն պատրաստվում եմ ներկայացնել ոչ միայն ռուսական HTB-ով, այլև միջազգային հեղինակավոր կինոփառատոներում: Գիտեք, ես մի սկզբունք եմ որդեգրել. եթե անում եմ մի գործ, ապա պետք է որակով ու լավ անեմ: Մենք հետաքրքրվեցինք ու իմացանք, որ Հայաստանում դեռ կան ցեղասպանության ականատեսներ, մազապուրծ եղած հայեր: Հիմնականում ներկայացնելու եմ վավերագրական կադրեր. ինքս վավերագրության կողմնակից եմ:

Փաստորեն, Ձեր ֆիլմում միայն ցեղասպանության ականատեսնե՞րն են լինելու:

-Ֆիլմում հիմնականում պետք է ներկայանան ցեղասպանության ականատեսները՝ լի հույզերով ու զգացմունքներով, իրական պատմություններով ու փաստերով: Ֆիլմի թիրախը, կորիզը պետք է լինի մարդկանց աչքերը, կարգախոսը, որը հավակնում է դառնալ նաև ֆիլմի վերնագիրը, մոտավորապես այսպես է ձևակերպվում. «…Այս աչքերը տեսել են ցեղասպանությունը» կամ էլ՝ «Աչքեր՝ արցունքով լի»: Եվ հերոսների խոսքի ժամանակ էկրանին գրվելու են, թե, օրինակ, քանի մարդ է ցեղասպանության զոհ գնացել, քանի մարդ է կենդանի մնացել և այլն:

Լսել եմ, գիտեմ, որ նկարահանումների համար «Օրդֆիլմին» եք դիմել...

-Այո, Երևանում ինձ ուղեկցելու են «Օրդֆիլմի» ընկեր-գործընկերներս, առանձնակի անկեղծությամբ պետք է նշեմ, որ եթե տղաները չլինեին, դժվար թե այս նախագիծը կարողանայի այսքան շուտ իրականացնել: Ես Երևան եմ գալիս մեն-մենակ: Օրինակ՝ օպերատորական աշխատանքները հանձն է առել երևանաբնակ գործընկերներիցս մեկը՝ Ալեք Հովհաննիսյանը, որ աշխատում է հենց «Օրդֆիլմ» ընկերությունում: Իսկ Հայկ Օրդյանը, կարծում եմ, իր ռեժիսորական աչքով կօգնի ինձ իրականացնելու հայաստանյան նկարահանումները:

Հավանաբար առաջին դեպքն է, որ ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանվելու հենց մեր երկրում

-Ո՛չ, ո՛չ, ես չեմ պատրաստվում հայաստանյան նկարահանումներով սահմանափակվել: Նկարահանումներ են լինելու նաև Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, և,  անշուշտ, Թուրքիայում: Ականատեսների վկայությունների հիման վրա ներկայացնելու ենք նաև հարցազրույցներ միջազգային պատմաբանների հետ: Աշխարհի տարբեր ափերում, եթե հաջողվի, կնկարահանենք նաև ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին:

Պարոն Սիդորով, իսկ ո՞վ է լինելու հաղորդավարմեկնաբանը ֆիլմում, եթե իհարկե լինելու է...

-Այ հենց այդ մասին շատ երկար եմ մտածել: Ո՞վ կարող է ավելի լավ ներկայանալ ֆիլմում՝ որպես լրագրող-մեկնաբան: Եվ այս օրերին մի հետաքրքիր լուծում գտա. իսկ ինչո՞ւ չներկայացնել հայի: Ամենայն հավանականությամբ, լրագրող-մեկնաբանի աշխատանքը ֆիլմում կվստահեմ հայազգի Տիգրան Քյոսայանին:

Զրուցեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

Դիտվել է 1054 անգամ:
Print Friendly

Leave a Reply