Առայժմ` քաղաքակրթության ճանապարհին
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | May 8, 2011 7:00
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպումների ժամանակ մտքին եղածն ասում է, ու որպես կանոն, հաջորդում են տարաբնույթ խոսակցությունները: Եվ ահա, երբ ՀՖՖ շտաբ–բնակարանում ՀՖՖ նախագահը և «Կոկա կոլա Հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը, տեղեկացրին,որ ընկերությունը աջակցելու է ֆեդերացիային դպրոցահասակ երեխաների մրցումներ կազմակերպելու գործում, ՀՖՖ նախագահին մի շարք հարցեր ուղղվեցին: Դրանք և տրված պատասխանները ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
– Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստանի և Ռուսաստանի ազգային հավաքականների երևանյան հանդիպումից հետո դժգոհությունները շատ են, ռուսաստանցի ֆուտբոլասերները խոչընդոտների են հանդիպել, նրանց մի մասն էլ, տոմսեր ունենալով, չի կարողացել մտնել մարզադաշտ և դիտել խաղը, նաև մարդկանց կուտակումեր են առաջացել:
– Բոլորդ էլ գիտեք, որ ռուս երկրպագուները չեն կարող մտնել այն սեկցիաները, որոնք նախատեսված են հայ երկրպագուների համար: Նրանց հատկացված էր առանձին սեկցիա: Նույնիսկ տոմսարկղների վրա գրված էր, որ այն քաղաքացիները, ովքեր գնած տոմսերը կվաճառեն ռուսներին, միևնույն է, վերջիններիս չենք թողնելու մտնել: Դա արվել է` անվտանգությունից ելնելով, որ Ռուսաստանի քաղաքացիները չգան մերոնց սեկցիա, կոնֆլիկտներ չլինեն: Ավելացնեմ նաև, որ Ռուսաստանից ոչ ոք մեզ բողոքով չի դիմել, որովհետև նրանք գիտակցում ենք, որ մենք գործել ենք օրենքի սահմաններում:
– Բայց Ռուսաստանից եկած մեր հայրենակիցներից ոմանց նույնպես չեն թույլատրել ներս մտնել:
– Խնդիրը միայն ռուսների հետ է կապված եղել: Նույն բանը արվելու է Ռուսաստանում կայանալիք պատասխան խաղի ժամանակ: Հայ երկրպագուներին չեն թողնելու ռուսների հետ միևնույն սեկցիայում նստել: Իսկ իրականում եղել են պրոբլեմներ: Կուտակումներ են եղել, դժվարություններ` մեր երկրպագուների համար: Ես այդ մասին ասել եմ և ներողություն եմ խնդրում: Երկրպագուների համար խոչընդոտներ եղել են, և ինչքան էլ դրանք փորձեն բարդել ոստիկանների վրա, նրանք մեղավոր չեն: Անվտանգության նկատառումներով ոստիկանները երեք անցակետում ստուգել են: Պրոբլեմը եղել է էն մարդկանցից, ովքեր քսերոքսով հանած տոմսերով կամ էլ առանց տոմսերի եկել են և կուտակվել վարոտների մոտ` դժվարացնելով մուտքը: Եվ այդ մարդկանց թիվը մոտավորապես 4-5 հազար էր: Պետք է հետևություններ անենք, որպեսզի հաջորդ խաղերին այդպիսի բան չլինի: Բացի այդ, մեր ժողովրդի մի մասը չգիտեր, որ երկրորդ մուտք է բացվել: Հիմա երրորդն ենք Չարենցի կողմից կառուցում: Ամեն ինչ մի օրում չի սարքվի: Ես` որպես ֆեդերացիայի նախագահ, ամեն օր մի նոր բան եմ սովորում, որովհետև ամեն օր նոր պրոբլեմների առաջ ենք, իսկ Էդ պրոբլեմներին պետք է լուծում տալ: Կգա ժամանակ, որ մենք էլ ամեն բան կանենք քաղաքակիրթ ձևերով:
– Ճիշտ չի՞ լինի, որ «Հրազդան» մարզադաշտը հանձնվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
– Աշխարհում չկա ֆուտբոլի որևէ ֆեդերացիա, որ սեփական մարզադաշտ ունենա: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն մի աբսուրդի առաջ կանգնել ա, քանի որ մարզադաշտ ունի: Մարզադաշտերն իրականում պետք է պատկանեն տեղական ինքնակառավարման մարմիններին կամ էլ ակումբներին: Իմ կարծիքով, եթե «Հրազդան» մարզադաշտի տերը ակումբ չի պահում, այն պետք է հանձնի պետությանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումն այդ մարզադաշտում անցկացնելուն, ապա հարց է` մեր հավաքականն ի վիճակի՞ էր այդ մարզադաշտում խաղալու: Բացի այդ, ես մտավախություն ունեի, թե այն 50-60 հազար մարդ կարող էր տեղավորել: Գնացեք տեսեք, թե արևելյան տրիբունան ինչով է ամրացված. խողովակներով, ապորաներով: Ես իրավունք ունե՞մ ռիսկի դիմել, ժողովրդին տանել:
– Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն այդ խաղից հետո պարգևավճար ստացե՞լ են, ինչպե՞ս:
– Բնականաբար, ոչ բնամթերքով, այլ գումարային տեսքով Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները պարգևատրվել են:
– Եթե գաղտնիք չէ, ի՞նչ չափի է եղել:
– Գաղտնիք է: Չնայած իմ սրտվ չէ, չէի ուզում տալ, որովհետև չհաղթեցին:
– Վերջին ամիսներին մեր պետական պաշտոնյաները, մասնավորապես ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը և ուրիշները գրանցվել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և օնլայն եղանակով պատասխանում են քաղաքացիների հարցերին: Դուք չե՞ք ցանկանում նրանց օրինակին հետևել, հարցեր ստանալ և պատասխանել:
– Ճիշտն ասած, ես չեմ տիրապետում էտենց բաների, բայց եթե նման աշխատանքը հեշտացնում է, բնականաբար, ես հենց հիմա հրահանգ կտամ, որ անենք, և իրականում կարողանամ ինձ հետաքրքրող հարցերը և՛ տալ, և՛ պատասխանել ու բավարարել լրագրողներին:
– ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Ֆեյսբուք» ցանցում հայտարարություն է տարածել, որ այն պատգամավորները, ովքեր հաճախ են բացակայում նիստերից, պատժվելու են, և որպես մեխանիզմ` նրանց աշխատավարձից պահումներ են կատարվելու: Ձեզ այնքան էլ հաճախ չի կարելի տեսնել ԱԺ–ում: Ձեր բացակայությունները հարգելի՞ են, թե՞ ոչ: Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր աշխատավարձից պահումներ կատարելուն:
– Ես «Ֆեյսբուք» չեմ կարդում, չգիտեմ` ինչ է ասվել: Եթե խոսքը վրաբերում է պատժելուն, ես ընդհանրապես խորհուրդ չեմ տա փորձ անեն ինձ պատժել. ով փորձ է արել, պատժվել է: Երկրորդ, եթե ԱԺ նախագահը որոշի բացակայությունների համար աշխատավարձը պահել, ես բողոք չունեմ, որովհետև, Աժ նախագահ է, կարա քիչ տա. աշխատանքի չես գնացել: Ես ավելի կարևոր գործով եմ զբաղված հիմա: Իմ համար ավելի կարևոր է ֆուտբոլն առաջ տանել, քանց թե օրենսդիր գործունեությամբ զբաղվել, որովհետև ես գտնում եմ` դա իմ տեղը չի:
– Հաջորդ խորհրդարանում չե՞ք լինելու:
– Ես հայտարարել եմ արդեն: Ես կուսակցական եմ, եթե իմ կուսակցությունը որոշի, բնականաբար կմասնակցեմ: Բայց եթե ես եմ որոշելու, մտադիր չեմ: Ես ամեն ինչ անելու եմ` չմասնակցեմ:
– Ձեր աշխատավարձը բարեգործական որևէ հիմնադրամի՞ եք փոխանցում:
– Դե երբ եմ ես իմ բարեգործությունների մասին բարձրաձայն հայտնել, որ հիմա էլ ասեմ:
– Թե՞ Ազգային ժողովում այդ փողերը վերցրել են:
– Ես նմա՞ն եմ պրովոկացիայի ենթարկվողի:
– Վերջին շրջանում շատ է խոսվում Արկադի Անդրեասյանի և մի լուսանկարչի միջև «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած միջադեպի մասին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ի՞նչ դիրքորոշում է դրսևորելու այդ հարցում:
– Կարգապահական կոմիտեն հարց է բարձրացրել, որ Անդրեասյանը հայկական ֆուտբոլում անցանկալի անձ ճանաչվի: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմն այդ հարցը կքննարկի: Խոստանում եմ, որ լրագրողները ներկա կարող են լինել այդ նիստին:
– Օրաթերթերից մեկին դուք դատի էիք տվել` պատիվ և արժանապատվություն պահանջելով: Բայց դուք լրագրողներից մեկին սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել, և ձեր մեղքը չեք ընդունում:
– «Ուզում ես հղիանա՞լ իմ տղայից» արտահայտությունը. բա դա հայհոյանք ա՞: Ասել եմ, լավ բան եմ առաջարկել, առողջ գենետիկ ֆոնդով, լավ որակով էրեխեք կունենան: Ես լրագրողին չեմ հայհոյել, միշտ հարգալից եմ վերաբերվել լրագրողների հետ, երբ որ լրագրողը փորձել ա իմ նկատմամբ հարգալից լինել: Հիմա էլ հայտարարում եմ` ով փորձի` իմ նկատմամբ ոտնձգություն անի, հաստատ շատ ավելի վատ կվարվեմ:
– Բայց ընդամենը ձեզ հարց է ուղղվել:
– Ես նրան միայն պատասխանել եմ, որ բժշկի մոտ հիվանդանոցում պառկած եմ, ու անջատում եմ հեռախոսը: Երեք անգամ զանգում ա: Այսինքն` ես բուժվելու իրավունք չունե՞մ:
– Իսկ հայհոյանք տալու իրավունք ունե՞ք:
– Իհարկե, ոչ: Ես հեռախոսը միացրած եմ թողել, ինքն էլ լսել ա: Ես հո չեմ ուզել` իրան հայհոյեմ:
– Հայհոյանքը պատասխա՞ն եք համարում:
– Իհարկե:
– Ի՞նչ կասեք ֆուտբոլի Հայաստանի ընթացիկ առաջնության մասին:
– «Արարատ» ակումբն առաջնությանը մասնակցելու համար չէ, այլ ինտրիգներ ստեղծելու: Բոլորս էլ տեսնում ենք, թե «Արարատ» ակումբն ինչով է զբաղված: Իհարկե, ցավալի է, որ այս լարված առաջնությունում 7 թիմ համառ պայքարում է, իսկ մեկը դուրս է եկել երամից ու զբաղվում է անհասկանալի բաներով: Այնուամենայնիվ, այս առաջնությունը համարում եմ լավագույններից մեկը:






Facebook
Tweet This
Email This Post
