Ահաբեկչություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | May 6, 2011 7:10

Այս եզրույթը տարբեր մարդկանց և ազգերի մեջ տարբեր հույզեր է առաջացնում: Նույն երևույթը դիտարկելով այլ տեսանկյունից` ստանում ենք ուրիշ արդյունք. ոմանց համար դա ահաբեկչություն է, ոմանց համար` ազգային-ազատագրական պայքար: Հիշենք թեկուզ ԱՍԱԼԱ-ն` Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակը կամ Ցեղասպանության մարտիկներին, որոնց վրեժի գործողությունները ժամանակին համայն մարդկությունը դիտարկում էր որպես ահաբեկչություն և, բնականաբար, քննադատում: Նույն կերպ և կարելի է դիտարկել այսօրվա հայտնի Ալ- Քաիդայի գործողությունները, սակայն պետք է նկատել, որ այսօր Ալ-Քաիդայի և տասնամյակներ առաջ գործած ահաբեկչական  կազմակերպությունների միջև էական տարբերություններ կան: Նախ` դեռ տասնամյակներ առաջ գործող կազմակերպությունները հստակ ներկայացնում էին որոշ ժողովուրդների շահեր, իսկ Ալ-Քաիդան այսօր ստանձնել է ողջ իսլամական աշխարհի մունետիկի պարտականությունները: Եվ եթե առաջներում, չնչին բացառությամբ, սահմանափակ էին նաև գործող ահաբեկչական կազմակերպությունների գործունեության ոլորտները, աշխարհագրությունը, անգամ գործելաոճը, այսօր Ալ-Քաիդան բազմաբնույթ, բազմապրոֆիլ կազմակերպություն է` իր լայն ցանցով ու ենթակառուցվածքներով:

ԱլՔաիդան այսօր դիտարկվում է աշխարհի թիվ 1 ահաբեկչական կազմակերպություն, իսկ նրա ղեկավար ՈՒսամա բեն Լադենը` աշխարհի թիվ 1 ահաբեկիչը, որ համարձակություն է ունեցել բացեիբաց պատերազմ հայտարարելու «ազատականացման և ժողովրդավարության առաջնորդ» ԱՄՆ-ին: Այսօր աշխարհի լրատվամիջոցները հեղեղված են Բեն Լադենի սպանության լուրով, և արևմտյան աշխարհը ցնծության մեջ է: Կարծես ԱՄՆ-ն հաղթել է միջուկային մեծ պատերազմում կամ աշխարհը փրկվել է մեծ աղետից: Սակայն Բեն Լադենի սպանության լուրը դարձյալ տարակարծությունների տեղիք է տալիս. ամերիկյան լրատվամիջոցները միասնական տեղեկատվություն չեն տարածում, թե այնուամենայնիվ ինչպես է սպանվել ահաբեկիչը, հրթիռակոծությա՞ն, թե՞ հատուկ ջոկատայինների գրոհի հետևանքով: Նաև հարց է առաջանում` մեկ շաբաթ առաջ կատարված գործողության մասին ինչո՞ւ միայն այսօր խոսեց պաշտոնական Վաշինգտոնը, կամ պատահականությո՞ւն էր արդյոք, որ Բեն Լադենը սպանվեց ամերիկյան հերթական ընտրություններից առաջ…

Ալ-Քաիդան կազմավորվել է 1988 թ. Աֆղանստանում, և նրա սկզբնական նպատակը լոկ  ագրեսիա իրականացնող ԽՍՀՄ-ի դեմ պայքարելն էր: Կազմակերպությունն աշխարհին հայտնի է բազում անուններով. «Համաշխարհային իսլամական ճակատ հրեաների և խաչակիրների դեմ ջիհադի համար», «Սրբավայրերի ազատագրման իսլամական բանակ», «Իսլամական փրկության հիմնադրամ», «Իսլամական բանակ»… Կազմակերպության մեջ նախկինում միավորված էին այդ պայքարի համար Աֆղանստանում հավաքված կամավորները: Հետագայում այն տարածվեց ողջ իսլամական աշխարհում և ապակենտրոն ենթակառույցներ ստեղծեց ողջ երկրագնդում, որոնցից էին, մասնավորապես, Խատաբի, Շամիլ Բասաևի չեչենական խմբավորումները, ծայրահեղական այլ խմբավորումներ:

Ալ-Քաիդայի առաջին մեծամասշտաբ գործողությունն իրականացվեց 1998 թ. Աֆրիկայում (Քենիա, Տանզանիա), երբ պայթեցվեցին ամերիկյան դեսպանատները, և հարյուրավոր զոհեր եղան: Դրանով, փաստորեն, Ալ- Քաիդան պատերազմ հայտարարեց իրեն ոխերիմ թշնամի համարող ԱՄՆ-ին և աշխարհին ցույց տվեց, որ մինչ այժմ եղած ահաբեկչական գործողությունները սոսկ մանկական խաղ են այն ամենի համեմատ, ինչ կարող է և պետք է իրականացնի այս կազմակերպությունը: Եվ ապացույցները երկար չսպասեցրին. օրինակ` սեպտեմբերի 11-ը:  Եվ արդեն  երկար ժամանակ Ալ- Քաիդայի ղեկավար Ուսամա բեն Լադենին է պատկանում աշխարհի թիվ 1 ահաբեկչի «պատվավոր» կոչումը: Նա է, փաստորեն,  իր բազմամիլիոն կարողությամբ (կարողությունը գնահատվում է կես միլիարդ դոլար) պահում այս կազմակերպությունը:

Յուրաքանչյուր 2 տարին մեկ ԱՄՆ կառավարությունը, որ ստանձնել է այսօրվա միջազգային ահաբեկչության դեմ տարվող պայքարի ծանրությունը, հրապարակում է Միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ցանկը: Այնտեղ, իհարկե, պատվավոր առաջնությունը պատկանում է դարձյալ Ալ- Քաիդային և ապա` Թալիբանին: (Արաբերեն թալիբ` ուսանող, պահանջատեր: Թալիբները գործում են Աֆղանստանում,  իրենցից ներկայացնում են կուսակցություն, ունեն կոնկրետ նպատակներ, մշակված քաղաքականություն:)

Այսօր հայտնի ահաբեկչական կազմակերպություններից է իրանական «Մուջահեդին է հալկը», որ հայտնի է նաև «Իրանի դիմադրության ազգային խորհուրդ» անվամբ, ստեղծվել է 1964 թ.: Գաղափարական հիմքում մարքսիզմն է` «համեմված» իսլամով: Ունի հազարավոր համակիրներ Իրանում և համայն աշխարհում: Խմբավորման մեծ կենտրոններից է Իրաքի հյուսիսում գտնվող Աշրաֆ քաղաքը, որտեղ ճամբարներում կենտրոնացած են մի քանի հազար զինյալներ: 2009-ի ամռանն Իրաքի բանակի ստորաբաժանումները հատուկ գործողություն իրականացրին ճամբարի վրա, որի արդյունքում եղան երկկողմանի տասնյակ զոհեր:

Եգիպտական «Ալ Ջամաա ալ Իսլամիան» (Իսլամական միություններ)   ծայրահեղ իսլամիստական կազմակերպություն է և, փաստորեն, համարվում է Ալ- Քաիդայի ներկայացուցիչը Եգիպտոսում, քանի որ նրա ներկայացուցիչները վերջերս ի լուր համայն աշխարհի հայտարարեցին, որ պաշտոնապես միանում են Ալ-Քաիդային:

Միությունն ստեղծվել է 1975 թ. որպես միջհամալսարանական իսլամիստ ուսանողների կազմակերպություն: Նպատակը երիտասարդության շրջանում իսլամական գաղափարախոսության ամրապնդումն ու ազգային կրավորական արժեքների պահպանումն էր: Կառավարությունը երկրի նախագահի ցուցումով ամեն կերպ աջակցում էր նորաստեղծ շարժմանը: Սակայն երբ Եգիպտոսի արտաքին քաղաքական կուրսը փոխվեց և Սադաթը հաշտություն կնքեց Իսրայելի հետ, կազմակերպությունն ուղղակի պատերազմ հայտարարեց Եգիպտոսի կառավարությանը:

Այս արմատական ծայրահեղական կազմակերպությունը հայտնի է իր ուրույն գործելաոճով ու դաժանությամբ: Բավական է հիշել 1997 թ. Լուքսորի հովտում Խատշեպսուտ թագուհու դամբարանի մոտ նրանց կատարած սպանդը, երբ սառնասրտորեն գնդակահարեցին 58 արտասահմանցի զբոսաշրջիկների և 4 տեղաբնակների: Նաև պատերազմ հայտարարեցին Եգիպտոսի քրիստոնյաներին` նրանց մեղադրելով միջնադարում Խաչակրաց արշավանքներին աջակցելու մեջ և ահաբեկությունների շարք իրականացրին եկեղեցիներում: Այս կազմակերպության ղեկավարներից Խալիդ ալ-Իսլամբուլիին է պատկանում 1981 թ. հոկտեմբերի 6-ին Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթին սպանելու «պատիվը»: Այն աֆրիկյան մայրցամաքի խոշորագույն և ամենաարմատական ահաբեկչական խմբավորումն է: Մասնաճյուղեր ունի եվրոպական երկրներում, Աֆղանստանում, Իրանում:

Կոլումբիայի հեղափոխական բանակը, որի հարձակման թիրախներն են Լատինական Ամերիկայի ԱՄՆ կապիտալին պատկանող օբյեկտները, ստեղծվել է 1964 թ.: Լավ զինված և Լատինական Ամերիկայի ամենակազմակերպված ահաբեկչական խմբավորումն է: Կազմակերպության գաղափարական հիմքում կոմունիզմն է: 2009 թ. նրա ներկայացուցիչները հայտարարեցին` միավորվել են «Ազգային ազատագրական բանակի» հետ և այսուհետ միասին են պայքարելու ԱՄՆ կողմից հովանավորվող կառավարության և այլ հաստատությունների դեմ:

Կազմակերպության վերջին հայտնի ահաբեկչությունը 2010 թ. դեկտեմբերի 1-ին էր, երբ մայրաքաղաք Բոգոտայից 400 կմ հեռավորության վրա գտնվող Վեգալարգա քաղաքում ուղևորատար միկրոավտոբուսում պայթուցիկ սարք էր տեղադրվել: Պայթյունի արդյունքում զոհվեց 4 մարդ, ևս 17 հոգի ծանր վրավորվեց:

Կոլումբիայի հեղափոխական բանակն այսօր փորձում է պայքարել սեփական երկրի կառավարության դեմ, քանզի վերջինս ուզում է իր ռազմական բազաներից մի քանիսը հատկացնել ԱՄՆ-ին: Այս կազմակերպությանը թաքուն և անթաքույց պաշտպանում են Լատինական Ամերիկայի «ձախ» առաջնորդները` Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը և Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը:

Տուպակ Ամարուի հեղափոխականներ. սրանք գործում են հիմնականում Կոլումբիայում և Պերուում: Կազմակերպությունը հիմնադրվել է 1983 թ., և նրա գաղափարախոսության հիմքում մարքսիզմ-լենինիզմն է:

Բասկյան ԷՏԱն (ETA), որ Իսպանիայում պայքարում է բասկերի անկախության համար,  գործող գաղափարական կուսակցություն է: Լրիվ անվանումն է «Բասկերի երկրի ազատության մարտիկների ասոցիացիա»: Հիմնվել է 1959 թ., գործում է Իսպանիայում և Ֆրանսիայում, բայց հիմնական թիրախը Իսպանիան է: Կուսակցության գաղափարախոսական հիմքում մարքսիզմն է: Կազմակերպությունն անջատվել է ազգայնական Բատասունա կուսակցությունից, որի գործունեությունը դադարեցվել է 2003 թ.: ԷՏԱ-ն ստեղծվել է որպես բասկյան երիտասարդական շարժում, որ պայքարում էր Ֆրանկոյի ֆաշիստական վարչակարգի դեմ:  Մեծ աջակցություն ունի արտասահմանյան երկրներում:

2010 թ. սեպտեմբերին կազմակերպությունը հայտարարեց հրադադարի և զինված պայքարը դադարեցնելու մասին: Հայտարարության մեջ ասված էր, որ այսուհետ նպատակներին հասնելու համար պիտի գործածվեն խաղաղ միջոցներ: Սակայն պետք է նշել, որ վերջին տասնամյակում ԷՏԱ-ն երեք անգամ այդպես հրադադար է հայտարարել և բոլոր դեպքերում խախտել է այն:

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, որ բավական արդյունավետ պայքար է մղում թուրքական պետության դեմ, ստեղծվել է 1974 թ. Աբդուլա Օջալանի (Ապո) կողմից: Կուսակցությունը նախապես մաոիստական գաղափարախոսություն ուներ, հետագայում վերափոխվեց ազգայնականի: Կուսակցության նպատակը Թուրքիայում քրդական պետության ստեղծումն է: Գաղափարական հիմքում մարքսիզմն է: Ունի տասնյակ հազարավոր անդամներ: Նյութական ու տեխնիկական աջակցություն է ստանում Իրանից: Ակտիվ պայքար է մղում թուրքական պետության դեմ:

Շրի Լանկայի` «Թամիլի ազատագրման վագրեր» կազմակերպությունը` «Թամիլ-Իլամին», այսօր աչքի է ընկնում ոչ միայն ահաբեկչական գործողություններով, այլև թմրադեղերի առևտրով և թրաֆիքինգով: Կազմակերպությունը հիմնադրվել է 1976 թ., լավ զինված, կուռ շարքեր ունի և Շրի Լանկայում, փաստորեն, ներկայացնում է պետություն պետության մեջ:

Կազմակերպության շարքերում հաշվառված է ավելի քան 10000 մարդ, իսկ զինանոցը համալրված է անգամ հրետանիով, զրահամեքենաներով, տանկերով և հակաօդային պաշտպանության զենքերով: Սրանք իրենց գործողություններում միջոցների մեջ խտրականություն չեն դնում: 1985 թ. մայիսին Վագրերը ավտոբուսով մայրաքաղաք մտան, իջան ավտոկայանում և կրակահերթ բացեցին խաղաղ բնակիչների վրա: Մոտ 150 բնակիչ զոհ գնաց այդ ահաբեկչությանը:

Կազմակերպությունը պայքարում է Թամիլի անկախ պետության ստեղծման համար և իսկական պատերազմ է հայտարարել Շրի Լանկային: Պատերազմի հետևանքով տասնյակհազարավոր մարդիկ են զոհվել: 2009 թ. մայիսին կառավարական ուժերին հաջողվեց ծուղակը գցել և սպանել կազմակերպության ղեկավարներին, այդ թվում` առաջնորդ  Վելուպիլայ Պրաբխակարանին, որից հետո անջատողական շարժումը թուլացավ:

Այսօր աչքի ընկնող կազմակերպություններից է նաև Իռլանդական հանրապետական բանակը (IRA), որ ձևավորվել է 1913 թ. իռանդացի կամավորների նախաձեռնությամբ: Պայքարի նպատակը Հյուսիսային Իռլանդիան Բրիտանիայի տիրապետությունից ազատագրելն է: 1916 թ. ԻՀԲ-ն այնտեղ միակողմանիորեն անկախություն հռչակեց և պատերազմի մեջ մտավ Բրիտանական կայսրության դեմ: Տասնամյակներ տևած պատերազմը հազարավոր մարդկանց կյանք խլեց: Պայքարի հիմնական թիրախը բրիտանական զինվորականությունն է: 1984 թ. մահափորձ կատարեցին անգամ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգրետ Թետչերի դեմ, որ սակայն, ձախողվեց: 2005 թ. հուլիսին Իռլանդիայի հանրապետական բանակը հայտարարեց զենքը վայր դնելու, Անգլիայի դեմ պատերազմը վերջնականապես ու առհավետ դադարեցնելու մասին:

«Օլսթերի ազատագրման մարտիկներ» (UFF) կազմակերպությունը գործում է Հյուսիսային Իռլանդիայում: Այն կազմված է բողոքականներից և պայքարում է Իռլանդիայի հանրապետական բանակի դեմ` ձգտելով չեզոքացնել նրանց պայքարը և երկրամասը թողնել Բրիտանիայի կազմում: Մոտ երեսնամյա պատերազմի ընթացքում նրանց ահաբեկչությունների զոհ են դարձել ավելի քան 3000 կաթոլիկ իռլանդացիներ:

Չեչնիան ներկայացնող «Գեներալ Դուդաևի բանակը» քիչ բանով է տարբերվում իսկական, լավ վարժված բանակից: Կազմվել է 1991 թ., խորհրդային գեներալ Ջոհար Դուդաևի կողմից: Նպատակը Ռուսաստանից անկախ Իչկերիայի Հանրապետության ստեղծումն է: Բանակն անցյալ դարի 90-ականներին հաջողությամբ պատերազմ մղեց ռուսական կանոնավոր բանակի դեմ: 1996 թ.  այն վերակազմավորվեց: Նրա հրամանատարն ու ղեկավարը դարձավ Սալման Ռադուևը: «Մոխիր» օպերացիայի արդյունքում Ռուսաստանի տարածքում բազում ահաբեկչական գործողություններ իրականացվեցին, դրանց հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին: Կազմակերպությունը ֆինանսական մեծ աջակցություն է ստանում Աֆղանստանից, արաբական արևելքից, իսլամական ծայրահեղական այլ խմբավորումներից:

Ֆրանսիական «Ուղղակի գործողություն» ահաբեկչական կազմակերպությունը, փաստորեն, իրենից ներկայացնում է «Կորսիկայի ազգային ազատագրության ճակատը», գաղափարախոսության հիմքում մարքսիզմն է:

(շարունակելի)

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 4399 անգամ:
Print Friendly

Leave a Reply