Մահվան խորհրդատուն. «Հիվանդն ինքն է որոշում` երբ հեռանալ»
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | ankakh | May 8, 2011 15:01
Բժիշկ, նկարիչ, երաժիշտ, երգահան և մարդու` կյանքից ինքնակամ հեռանալու իրավունքի գլխավոր պաշտպան: Ջեկ Գևորգյանի մասին ողջ աշխարհում սկսեցին խոսել, երբ հայտնի դարձավ նրա հայտնագործած «մերսիթրոնի»` «գթասրտության մեքենայի» մասին: 20 տարի անց «Օսկարի» դափնեկիր Բարրի Լևինսոնը Հոլիվուդի լեգենդ Ալ Պաչինոյին հրավիրեց «Դուք չգիտեք Ջեկին» կենսագրական խոսուն վերնագրով ֆիլմի գլխավոր դերակատարման համար:
Ասում են, որ Ջեկ Գևորգյանին ընկերները «բժիշկ Մահ» էին անվանում դեռևս 1965-ից, երբ հետազոտությունների ժամանակ նա լուսանկարում էր մահացողների աչքերը: Այդ մականունը զրկվեց կատակի երանգից, երբ միչիգանցի պաթոլոգ-անատոմը, լրջորեն զբաղվելով էվթանազիայի հարցով, 1990-ին անձամբ որոշեց օգնել անբուժելի հիվանդին հեռանալու կյանքից: Ի դեպ, Գևորգյանն այս առիթով իր տերմինաբանությունն ունի. հիվանդի հեռացումը նա անվանում է «տառապանքներին վերջ դնել», իսկ իրեն` «մահվան խորհրդատու»:
«Գթասրտության մեքենայի» ստեղծումից ի վեր` 8 տարվա ընթացքում, նրա օգնությամբ կյանքից ինքնակամ հեռացավ 130 մարդ: Դրան հետևեց դատաքննությունը. Գևորգյանը մեղադրվեց սպանության համար: Անհերքելի ապացույց էր Լու Գերիգի ախտանիշով անբուժելի հիվանդ 52-ամյա Թոմաս Յուկի էվթանազիայի տեսաժապավենը: Գևորգյանի ցանկությամբ` այդ տեսաժապավենը հասանելի էր ցանկացողների համար: Ի վերջո, նրան ձերբակալեցին ու 10-25 տարով բանտարկեցին Միչիգանի ուղղիչ աշխատանքային հիմնարկում: Բայց օրինակելի վարքի շնորհիվ 2007-ին 79-ամյա Գևորգյանն ազատ արձակվեց: Դրա փոխարեն նա պարտավորվեց 3 պայման կատարել. ոչ մեկին չօգնել էվթանազիայի ճանապարհով հեռանալ կյանքից, 62 տարեկանից բարձր անձանց չխնամել ու մոտիկից չշփվել ֆիզիկական բնածին արատներ ու շեղումներ ունեցողների հետ: Դատավարությունից հետո Գևորգյանը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց, իսկ էվթանազիայի հարցերը մինչ օրս չմարող բուռն քննարկումների թեմա դարձան: Բժիշկ Մահին անընդհատ հրավիրում են հեռուստատեսություն, նրա մասին նյութեր ու գրքեր են հրապարակվում: Նրա ստեղծագործության` երաժշտության ու գեղանկարների նկատմամբ հետաքրքրություն է առաջացել: Սակայն կարողացա՞ն , արդյոք , իսկապես հասկանալ, թե ով էր նա և ինչ էր ուզում:
Ֆիլմի նկարահանումից առաջ Բարրի Լևինսոնը հանդիպեց Գևորգյանի հետ, որպեսզի քննարկի որոշ հարցեր: Գևորգյանին սուրճ առաջարկեցին հարցնելով` առանց կոֆեինի՞: «Սուրճն առանց կոֆեինի վախկոտի համար է»,- պատասխանեց Գևորգյանը: Հետո ռեժիսորը կպատմի, որ այդպիսի մանրամասներից է, որ ստեղծվել է Ալ Պաչինոյի կերտած կերպարը: Երբ Գևորգյանն իմացել է, որ իր մասին ֆիլմ է նկարահանվելու, զարմացել է.«Իրականում այդ ուշադրությունն ինձ համար այնքան նշանակություն չունի, որքան կունենար, եթե ես լինեի երիտասարդ»: Այնուամենայնիվ, աշխարհում քիչ չեն լինի մարդիկ, որոնք խիստ շոյված կզգան այն մտքից, որ կենդանության օրոք իրենց կերպարը մարմնավորում է ոչ այլ ոք, քան ինքը` Ալ Պաչինոն: Ու թե ինչքան ճիշտ է ընտրված դերասանը, Գևորգյանը հասկացավ մինչև ֆիլմի պրեմիերան:«Ես իմ գործընկերոջ` Նիլ Նիկոլի հետ (ընկերն ու գաղափարակիցը, ում կերպարը ֆիլմում մարմնավորել է Ջոն Գուդմենը) դիտում էինք ստուդիայի ներկայացրած սև-սպիտակ լուսանկարները: Դրանցից մեկում ես էի, ավելի ճիշտ` համոզված էի, որ դա ես եմ: Երբ Նիլն ասաց, որ դա Ալ Պաչինոն է իմ դերում, ես ապշած էի: Նա ինձ ավելի նման էր, քան ես ինքս»:
Իսկ Պաչինոյին հեաքրքիր էր ինչպես ֆիլմի սյուժեն, այնպես էլ կերպարը:«Սցենարն ինձ անսահման հետաքրքրեց: Շատ քիչ է պատահում, երբ ձեռքդ է ընկնում մի աշխատանք, որը կարդալով ասում ես` ես ուզում եմ սա խաղալ: Ինձ գրավեց լավ, ուժեղ մի պատմություն և անորսալի, ինձ համար ոչ տիպիկ մի կերպար: Առաջներում ես ոչ մի նման դեր չեմ ունեցել: Հետաքրքիր էր մարմնավորել նման գաղափարով տարված մի մարդու, ինչպիսին Ջեկն է»: Տարօրինակ է, բայց կերպարի մեջ մտնելու համար դերասանը մինչև ֆիլմի ավարտը չհանդիպեց իր նախատիպի հետ: Սցենարը, մամուլում հրապարակված հարցազրույցները և հիվանդների հետ Գևորգյանի զրույցների տեսագրությունները (ի դեպ դրանց մի մասն օգտագործվել է ֆիլմում) բավարար էին, որպեսզի հասկանալի դառնար` բժշկի մասին ստեղծված պատկերացումները ճիշտ չեն:«Ես չէի էլ ենթադրում, թե Ջեկը որքան է իր գաղափարին նվիրված եղել, չգիտեի, թե ինչ ինտելեկտուալ է և հումորի ինչ նուրբ զգացում ունի, որքան ստեղծագործ ու հետաքրքիր մարդ է նա: Գեղանկարչություն, գրականություն, երաժշտություն… նա նույնիսկ բանտում սկսել էր ճապոներեն ուսումնասիրել: Ես նույնպես կուզենայի նրա նման խելացի լինել: Համենայն դեպս, ինձ հնարավորություն ընձեռվեց խաղալու շատ խելացի ու հետաքրքիր մարդու կերպար: Ժամանակը ցույց տվեց, որ ամերիկացիների մեջ քիչ չեն այն մարդիկ, ովքեր համաձայն են Գևորգյանի հայացքներին: Նրան մոտենում են փողոցում անծանոթ մարդիկ, ձեռք սեղմում ու երախտագիտություն հայտնում: Երբ ես բանտում էի, այցելության ժամին մի կին մոտեցավ, որ ինչ-որ մեկի մոտ էր եկել: Նա հարցրեց` կարելի՞ է գրկել ինձ: Ես կանգնեցի, ու նա փաթաթվեց ինձ, չնայած դա արգելված էր: Սակայն հսկիչներից ոչ ոք ձայն չհանեց»: Գևորգյանը չի սիրում, երբ իրեն շնորհակալություն են հայտնում, չէ՞ որ նա անում է այն, ինչ պարտավոր է անել:
«Մենք բոլորս էլ կմեռնենք, ի՞նչ կա որ,-ասում է բժիշկ Մահը, մենք կգնանք անհայտություն, որտեղից էլ եկել ենք: Ամեն բան վախի մեջ է: Իսկ մահից վախենալ պետք չէ, մահը կյանքի մի մասն է»:
Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ, այն գնահատեցին կինոհանդիսատեսն ու կինոքննադատները: Ֆիլմի նմանօրինակ հաջողության մասին ռեժիսոր Բարրի Լևինսոնն ասում է. «Մենք բոլորս շատ վատ գիտեինք այդ մարդուն, չգիտեինք նրա անձնական կյանքի ու մարդկանց հետ հարաբերությունների մասին: Ֆիլմում մեր խնդիրը նրան բարձրացնելը չէր, այլ ներկայացնել այն, ինչով նա զբաղվել է, ինչպես է մտածել, ինչպես է հարցին նայել նաև վարքականոնի տեսանկյունից: Կարծում եմ, որ ֆիլմը դրանով է հետաքրքիր»:
Դժվար թե ֆիլմը դիտողը կարողանա կողմնորոշվել` դեմ է, թե ոչ Գևորգյանի մեթոդներին: Նույնիսկ գլխավոր դերակատար Ալ Պաչինոն է խույս տվել պատասխանից, ասելով.«Գուցե ես համաձայն եմ նրա հետ, գուցե և ոչ. դա նշանակություն չունի: Սակայն ակնհայտ է, որ նա մարդկությանն ասելիք ունի»:
Ամեն անգամ, երբ խառնվում ես իրերի բնական ընթացքին, դու Աստծու դերն ես խաղում: Նա է որոշում, թե ինչ պիտի լինի բնական ընթացքով: Այսինքն` եթե մարդը հիվանդ է, նա չպետք է դիմի բժշկի, քանի որ բժկի մոտ գնալով` մենք խնդրում ենք բնական ընթացքին խառնվել, որը կանխորոշված է Աստուծո կամոք: Սակայն մարդիկ դրան համաձայն չեն. նրանք կամենում են ապրել հնարավորինս երկար և առանց տանջվելու: Ու նրանք դիմում են բժշկին, որպեսզի նա դադարեցնի իրենց տանջանքները:
Ինձ մղձավանջները չեն տանջում: Կարծում եմ, որ բժշկին, ինչ բժշկական գործողություններ էլ կատարելու լինի, չպետք է տանջեն մղձավանջները: Այլապես` էլ ի՞նչ բժիշկ :
Ես խաղացի ու պարտվեցի: Թող որ ինձ չհաջողվեց մահացողների համար ընտրության իրավունքը ստանալ, բայց ես հաստատ իմացա, որ մութ դարերը դեռևս չեն անցել»:
Ըստ «Ереван» ամսագրի






Facebook
Tweet This
Email This Post
