Ֆեյսբուքի ֆենոմենը. հայկական պետական գործիչները ամենատարածված սոցիալական ցանցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | May 10, 2011 10:40

Մայիսի 2-ին  համացանցում հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ստեղծել է իր անձնական կայքը: Ինչպես գրում է վարչապետը, «նման որոշման համար հիմք հանդիսացավ նոր վիրտուալ տարածքներ յուրացնելու ցանկությունը»:

Տիգրան Սարգսյանը վիրտուալ տարածքներում ամենաակտիվ պետական գործիչն է, նա անցյալ տարի բլոգ էր բացել livejournal բլոգային տիրույթում, որտեղ պարբերաբար գրառումներ էր անում: Բլոգի գրառումների մասը տեղափոխվել է նոր կայք:

Վարչապետը էջ ունի նաև Ֆեյսբուքում, որն այս պահին հավանում է 2962 ֆեյսբուքյան օգտատեր:

Ֆեյսբուք սոցիալական ցանցն այսօր ավելի ու ավելի է տարածվում և շատ պետական գործիչներ հասկացել են, որ այն կարելի է ըստ նպատակի գործածել: Ֆեյսբուքում այսօր գրանցված շատ  քաղաքական գործիչներ կան, սակայն առավել ակտիվ են Տիգրան Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջերը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը պետական այրերի` Ֆեյսբուքում հայտնվելու միտումը «Անկախին» մեկնաբանեց նրանով, որ նրանք սկսել են հասկանալ և օգտագործել Ֆեյսբուքը որպես գրագետ PR միջոց:

«Դա շատ ավելի կենդանի միջոց է անմիջական շփման և տեղեկություն տարածելու համար, քան պաշտոնական ռելիզները»,- ասում է նա:

Մարտիրոսյանն ասում է, որ այսօր հայ հասարակության համար Ֆեյսբուքը գործիքից դարձել է գործոն. «Դա լուրջ ազդեցություն ունեցող և խնդիրներին հրապարակային հնչեղություն հաղորդող հարթակ է, և բնական է, որ պետական գործիչներից նրանք, ովքեր հասկանում են դա, պետք է հայտնվեին այնտեղ»:

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդամենը մեկ ամիս առաջ է հայտնվել Ֆեյսբուքում, սակայն նրա էջն այս պահին 8748 երկրպագու ունի և լցված է տարաբնույթ բողոքներով: Կարեն Կարապետյանն այնքան է կարևորել Ֆեյսբուքի դերը, որ ապրիլյան մի խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի վարչության բոլոր պետերին ու ղեկավարներին առաջարկել է պարտադիր գրանցվել Ֆեյսբուքում:

Ապրիլի սկզբներին Ֆեյսբուքը հյուրընկալեց նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որն այս պահին ամենահամեստն է. նրա էջը հավանում է 546 օգտատեր:

Բոլոր էջերն էլ լցված են բողոքներով, նյութերի լինքերով, առաջարկություններով: Բնական է, որ պետական գործիչները իրենք չեն վարում այդ էջերը և, ըստ ամենայնի, չեն տեսնում իրենց էջերի անցուդարձը: Մարտիրոսյանը  դա  հավանական չի համարում: «Բայց մեծ է հավանակությունը, որ, ինքն, այնուամենայնիվ, տեղեկացված կլինի, թե ինչ են գրում մարդիկ իր էջում,- կարծում է նա,- որովհետև, եթե  նա գրանցվել է, ուրեմն հետաքրքրված կլինի»:

Պետական գործիչների ֆեյսբուքյան «արկածներից» ամենահետաքրքիրն այն է, որ Հովիկ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում պատասխանեց վարչապետ Սարգսյանին: «Դա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում քիչ պատահող դեպք է»,- մեկնաբանում է Մարտիրոսյանը:

Տիգրան Սարգսյանը ապրիլի 21-ի կառավարության նիստում հայտարարեց. «Կառավարությունը չի փորձում համայնքների լիազորությունները կենտրոնացնել իր ձեռքում, ընդհակառակը՝ էապես ընդլայնում է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) լիազորությունները»։

Այս հայտարարությանը նախորդել էր  ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովում Հովիկ Աբրահամյանի արտահայտած այն միտքը, որ կառավարության քաղաքականությունը փոխվել է, և ՏԻՄ լիազորությունները սկսել են կենտրոնացվել դեպի կառավարություն։ Եվ ահա, ԱԺ նախագահը որոշեց Ֆեյսբուքի միջոցով պատասխանել վարչապետին: «Ազգային ժողովում հնչեցրած իմ տեսակետը ոչ թե քննադատություն էր, այլ եզրահանգում, որը հիմնված էր ՏԻՄ-երում աշխատելու և կառավարությունում այդ ոլորտը համակարգելու տարիների իմ փորձի վրա: Ինչ վերաբերում է կառավարության նիստում վարչապետի հայտարարությանը, կրկնեմ իմ այն տեսակետը, որ միշտ կողմնակից եմ եղել լիազորությունների ապակենտրոնացմանը դեպի ՏԻՄ-եր»,- գրել է Հ. Աբրահամյանը։

Անցյալ տարի Ֆեյսբուքում «հայտնի» էր նաև նախագահ Սարգսյանի էջը: Այժմ այն չկա: Մարտիրոսյանն ասում է, որ այդ էջը կեղծ էր:  Իսկ ինչպե՞ս տարբերել կեղծ էջը պաշտոնականից: Եթե, օրինակ, Թվիթերում, որը Հայաստանում  փաստորեն մեռած ցանց է, հատուկ նշանով դա տարբերակվում է, ապա Ֆեյսբուքում դրա համար մեխանիզմ չկա:

«Դրա համար, օրինակ, Պենտագոնում կամ Սպիտակ տան պաշտոնական կայքում նշվում է Ֆեյսբուքի էջը՝ դրանով հստակեցնելով, որ դա է իսկական էջը,- մեկնաբանում է Մարտիրոսյանը,- մեզ մոտ դա դեռևս մի փոքր տնավարի է արվում, սակայն, ամենայն հավանականությամբ, մեզ մոտ ևս շուտով դրա վրա կսկսեն ուշադրություն դարձնել»:

Տիգրան Սարգսյանի անձնական կայքում, որը եռալեզու է, արդեն դրված է Ֆեյսբուքյան էջի հղումը՝ դրանով հստակեցնելով իսկական էջի մասին տեղեկությունը:

Դիտվել է 1862 անգամ:
Print Friendly

Leave a Reply