Ինչպե՞ս է կարգավորվում ժառանգության իրավունքը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | May 10, 2011 7:00

Որպես իրավական ինստիտուտ` ժառանգումն առաջացել է մարդկային հասարակության զարգացման վաղ շրջանում, տոհմի քայքայման, առանձնացված ընտանիքների երևան գալու և մասնավոր սեփականության զարգացման հիման վրա: Մասնավոր սեփականության ամրապնդման ու զարգացման արդյունքում ձևավորվել է նաև սեփականատիրոջ ունեցվածքը նրա մահվանից հետո այլ անձանց անցնելու երևույթը, որն էլ անվանվել է ժառանգում:

Նախնադարյան համայնական հասարակության գոյության ժամանակաշրջանում, հատկապես նրա զարգացման վաղ շրջանում, երբ մարդկանց պահանջմունքները և դրանց ապահովման միջոցները եղել են ոչ զարգացած, ժառանգությունը ժամանակակից հասկացությամբ գոյություն չի ունեցել, քանի որ ժառանգելու ոչինչ չի եղել:

Սակայն հետագայում մարդկային հասարակության զարգացման  շնորհիվ առաջացել է մասնավոր սեփականություն,  դրա հետ միասին` մարդու` մահվանից հետո սեփականության հետագա ճակատագիրը տնօրինելու իրավունքը:

Ընդհանրապես սեփականության, հետևաբար և ժառանգման իրավունքը մարդու կարևորագույն իրավունքներից են:

Ժառանգման իրավունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքն է: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության համաձայն` «յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը»:

Ժառանգության վերաբերյալ իրավահարաբերությունը մանրամասն կարգավորում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ բաժինը` ընդգրկելով 70-79 գլուխները:

Ժառանգություն հասկացությունը տրված է օրենսգրքի 1184-րդ հոդվածի առաջին մասով, ըստ որի` Ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ տվյալ օրենսգրքի կանոններով:

Ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի: Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե կտակ չկա, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև նշված օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:

Ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո: Դատարանով քաղաքացուն մահացած ճանաչելն առաջացնում է նույն իրավական հետևանքները, ինչ քաղաքացու մահը:

Ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում` այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:

Ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է: Եթե ժառանգատուի բնակության վերջին վայրն արտասահմանում է կամ անհայտ է, ապա ժառանգության բացման վայր է համարվում ժառանգության զանգվածի մեջ մտնող անշարժ գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի, իսկ անշարժ գույքի բացակայության դեպքում շարժական գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի գտնվելու վայրը:

Ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:

Ըստ կտակի` ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը գոյություն ունեցող իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները, ինչպես նաև օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները:

Ավետիք Հարությունյան

Դիտվել է 4710 անգամ:
Print Friendly

Leave a Reply