Հայաստանը` քաղաքակրթության և կիսասոված գիտնականների բնօրրան

Հարցազրույց, ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | May 8, 2011 16:35

Հարցազրույց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն,  հնագետ  Հակոբ Սիմոնյանի հետ

Արդեն 11-րդ տարին է, ինչ Շենգավթում պեղումներ եք իրականացնում: Ի՞նչ է բացահայտվել, և ի՞նչ նշանակություն ունեն դրանք:

– Շենգավթում կատարված պեղումները հիմնավորեցին նախկին դիտարկումներն այն մասին, որ բնակատեղին ունեցել է հոծ կառուցապատում, ինչը  բնորոշ է քաղաքային տիպի բնակավայրերին: Ե՛վ  ներկա, և՛ նախորդ պեղումները վկայում են, որ 100 քմ-ի վրա եղել է մոտավորապես 1,6 բնակարան: Քաղաքը զբաղեցրել է 6 հա տարածք: Ամենահամեստ հաշվարկներով բնակավայրն ունեցել  է առնվազն 900-1000 շինություն և 3-5 հազար բնակիչ: Սա հին արևելյան բոլոր չափանիշներով քաղաք է: Այս  բացահայտումը փոխում է պատկերացումները հին հայկական բրոնզեդարյան մշակույթի մասին:

Ընդունված և գրականության մեջ լայն տարածում ունեցող մոտեցումների համաձայն` եղել է մի սովորական գյուղատիպ բնակավայր: Իսկ եթե քաղաք է եղել, նշանակում է, որ պետք է լինեին նաև քաղաքին հարիր այլ ենթակառուցվածքներ: Նախկինում օնիքսից և մարմարից հղկված հիանալի կացինը, գավազանի գլուխները, չգիտես ինչու, համարվում էին աշխատանքային գործիքներ: Պարզ է, որ  կիսաթանկարժեք հումքից չէին պատրաստի հղկված աշխատանքային գործիքներ:

Հին արևելքում գավազանը համարվել է բարձրագույն իշխանության խորհրդանիշ: Ունենք նաև կանանց իշխանության խորհրդանիշներ: Խեթական բարձրաքանդակներում աստվածուհիները և թագուհիները պատկերված են իլիկները ձեռքներին, որը հավանաբար տնայնագործության հետ կապված խորհրդանիշ է եղել: Շենգավիթում գտել ենք քարից իլիկ, որը ժամանակին զարդարված է եղել խորշերի մեջ ագուցված կիսաթանկարժեք քարերով: Քարերն ընկել են, սակայն այդ իլիկի պատրաստման որակը, հղկումը, սիմետրիան միանգամից վկայում են, որ դա հասարակ աշխատանքային գործիք չէ: Բացի այդ, աշխատանքային իլիկները պատրաստվում էին կա՛մ ոսկրից, կա՛մ կավից, իսկ գտածոն քարից է: Այսինքն` ունենք իշխանության խորհրդանիշներ ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց միջավայրում:

Պեղումների ժամանակ գտել ենք նաև պղնձագործական արհեստանոցի մնացորդներ` 10-12 կավանոթների բեկորներ, որոնց ներսի մակերեսին ներծծված պահպանվել են  հալված պղնձի մնացորդները: Այսինքն` ունեցել ենք իրավիճակ, երբ հալված պղինձը, որպես կիսաֆաբրիկատ, պահել են կավանոթների մեջ: Կավանոթներից ամեն մեկն ունի 3-5 լիտր տարողություն: Ստացվում է, որ միայն մեկ արհեստանոցում պահվել է մոտավորապես 300 կգ պղինձ, որը վիթխարի ծավալ է: Եվ սա միայն մեկ արհեստանոցում, իսկ քաղաքում նման արհեստանոցներ  շատ պետք է լինեին: Դրանք կա՛մ դեռ չեն պեղվել, կա՛մ ավերվել են 6-րդ հիվանդանոցի կառուցման հետևանքով: 300 կգ պղինձը բավարար էր ոչ միայն Շենգավիթի և Արարատյան դաշտի պահանջմունքները բավարարելու, այլև միջազգային առևտուր իրականացնելու համար:

Գերմանիայում կատարված սպեկտրալ անալիզի միջոցով պարզվել է, որ հումքը բերվել է Շամլուխ-Ալավերդու հանքերից: Եթե ունեցել ենք պղնձագործության նման բարձր մակարդակ, ապա միանշանակ  է, որ ունեցել ենք խիստ կանոնակարգված պղնձի և բրոնզի արտադրություն: Հանքաքարը ձեռք էր բերվում Շենգավիթից մոտ 250-300 կմ հեռու գտնվող  վայրում, որտեղ հանքը շահագործելու մասնագիտացված մեխանիզմ է գործել, այնուհետև այդ հանքաքարը տեղափոխվում էր արհեստավարժ վարպետների քաղաքը, Հրազդան գետի ափին տեղի էր ունենում հանքի հարստացումը, ձուլումը, որից հետո կավանոթների մեջ հալված պղինձը տեղափոխում էին քաղաք, որտեղ էլ ստացված մետաղից պատրաստում էին զենքեր, պերճանքի առարկաներ: Այս ամենը վկայում է, որ քաղաքում եղել է արհեստավարժ վարպետների խավ, համքարություն: Սա քաղաքին բնորոշ մյուս հատկությունն է:

Վարպետները չէ, որ պետք է իրացնեին իրենց արտադրանքը: Ուստի եղել է նաև առևտրականների դաս:

Հանքաքարը նման երկար ճանապար ապահով բերելու համար եղել են նաև զինված ջոկատներ, որոնք ուղեկցել են քարավանը և ապահով տեղ հասցրել: Եթե զինված ջոկատներ են եղել, ապա եղել է նաև կազմակերպված իշխանություն և բանակ:

Քաղաքատեղին շրջապատված է եղել նաև հզոր պարսպով:

Համադրելով բացահայտումները` կարող ենք ասել, որ քաղաքում առնվազն 3 արտադրական միավոր է գոյություն ունեցել: Գյուղատնտեսական, որը կենտրոնացած  էր քաղաքի հյուսիսային հատվածում. այստեղ գտնվել են հորեր, որտեղ մինչև 4 տոննա ցորեն են ամբարել: Եթե հաշվենք, որ ունենք տասնյակից ավել հորեր, ապա 40-50 տոննա ցորեն է ամբարվել, դա կարող էր հոգալ ամբողջ քաղաքի կարիքները, նաև օգտագործվել առևտրի ու փոխանակման համար: Հորերն ունեն գլանաձև քարաշար մուտքեր, տանձաձև լայնացող ամբարներ, իսկ վերևից ծածկվել են հղկված տուֆե սկավառակաձև կափարիչներով:

Մյուս արտադրական միավորներից էր քարագործ և մետաղագործ վարպետների խումբը: Սրանցից յուրաքանչյուրը քաղաքում ունեցել է իր թաղամասը:

Շենգավիթում հայտնաբերվել են նաև հին ապակեգործության վկայություններ: Սա արդեն ամեն պատկերացումից վեր է: Եգիպտոսում, Շումերում այդ ժամանակ ապակի չի եղել, և հանկարծ Հայաստանում հայտնաբերվում են 4-3 հազարամյակների սահմանագլխին թվագրվող ապակեգործության նմուշներ: Սա հեղաշրջող նշանակություն ունի:

Սրանք բոլորը արտադրության այն ճյուղերն են, որոնք պահանջում են արտադրության բարձր տեխնոլոգիաների կիրառում, ինչն անհնար էր առանց կենտրոնացված իշխանության: Նման քաղաք գոյություն է ունեցել  սրանից 5 հազար տարի առաջ:

Դուք շատ կարևոր եք համարում ձիաբուծության վկայությունները: Ինչո՞ւ

-Ձին այն կենդանին է, որ կարող է հաղթահարել առանց ճանապարհի ռելիեֆը: Ձին նպաստել է մետաղագործության զարգացմանը, ինչն էլ իր հերթին հայկական քաղաքակրթության հիմքերից մեկն է: Ձին ռազմական նպատակներով օգտագործելը նաև ահռելի առավելություն էր տալիս. ճակատամարտի ելքը որոշում էր հեծելազորի թիվը:  Ձին քաղաքակրթության կրողն էր, մարդկության ճակատագրի դարբինը: Այն ժողովուրդը, որ առաջինն ընտելացրեց ձին և օգտագործեց որպես գրաստ և հեծկան կենդանի, մյուս ժողովուրդների նկատմամբ մեծ առավելություն ունեցավ: Իսկ Հայաստանը եղել է ձիաբուծության հայրենիքներից մեկը:

Մ.թ.ա. III հազարամյակի 2-րդ կեսին  թվագրվող պրոֆեսիոնալ զենք է բացահայտվել  Ներքին Նավերում: ԱՄՆ-ում, Գերմանիայում և Հայաստանում կատարված լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ դա դասական բրոնզից պատրաստված սուսեր է, որ պարունակել է 11 տոկոս անագ:

Հայաստանում կատարված բացահայտումները միջազգային ասպարեզում որքանո՞վ են ընդունելի:

– Նախ և առաջ բուն Հայաստանում անգամ շատ դժվարությամբ են համակերպվում  այս նորարարությունների հետ, քանի որ արմատացած տեսակետներ կան: Մարդիկ կան, որոնք այդ են ուսուցանել, դրանով են մասնագիտական բարձունքների հասել, ճանաչում ձեռք բերել: Սա ընդունելու համար գիտական քաջություն է պետք: Արմատացած տեսակետներից դժվար է հրաժարվելը: Այս ողջ գործընթացն իրականացնելու համար երկար ժամանակ և նորանոր հայտնագործություններ են պետք, որպեսզի ոչ մեկի մեջ կասկած չմնա: Սա բախումներով լի պայքար է, որ փորձում ենք իրականացնել: Կարևորը` ինքս ինձ համոզել եմ, իսկ մյուսներին համոզելը ժամանակի գործ է: Այսպիսին է գիտության զարգացման փշոտ ուղին:

Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում թե՛ ներքին, թե՛ արտաքին ասպարեզում բացահայտումներն ընդունելի դարձնելու և պատմագիտական կարծրատիպերը կոտրելու համար:

– Պահպանելով ակադեմիական գիտության բոլոր կանոնները` հիմնավորում ենք մեր բացահայտումները: Շատ կարևոր է  գտածոներից վերցրած փորձանմուշներն ուղարկել արտերկրների լաբորատորիաներ, քանի որ այդ դեպքում արդյունքի դեմ չեն կարող առարկել: Պետք է կատարվեն նաև նորանոր հայտնագործություններ: Այդ ամենը հրատարակել օտար լեզուներով, հատկապես անգլերենով,  իսկ դրա համար պետությունը պետք է միջոցներ տրամադրի:

Դրսի մարդուն տեղեկացնելու համար կա՛մ պետք է տարիներով սպասել, որ հեղինակավոր ամսագրերում այդ նյութերը տպագրվեն, կա՛մ գիրք հրատարակել, ինչը թանկ է: Գիրքը ցանկալի է հրատարակել արտերկրներում, օրինակ` Օքսֆորդի, Քեմբրիջի կամ Սորբոնի համալսարանում հրատարակված գրքերն ընդունվում են գիտական աշխարհում:

Հիմա խիստ ուշագրավ քաղաքակրթություն է բացահայտվում Հայաստանում: Ոչ բոլոր երկրներն են շահագրգիռ, որ Հայաստանը նման փառքի արժանանա: Սա մեր պետական խնդիրն է: Եթե քիմիան, ֆիզիկան, մաթեմատիկան համաշխարհային գիտություններ են, որոնք խրախուսվում և ֆինանսավորվում են աշխարհի հզորագույն երկրների կողմից, ապա հայագիտությունը Հայաստանի խնդիրն է: Պատմական գիտությունները, մեզնից անկախ, քաղաքականացված գիտություններ են:

Մի անգամ ասացիք, որ պատմագիտական կարծրատիպերը կոտրելը նույնն է, թե ձմռանը Արարատ լեռը բարձրանաս: Որքանո՞վ է իրատեսական, որ մի օր աշխարհը Հայաստանն ընդունի որպես քաղաքակրթության կենտրոն, ինչպես Եգիպտոսը, Միջագետքը:

– Կհաջողվի` լավ, եթե ոչ, ինձանից հետո ավելի համարձակները կգան, և գուցե նրանց հաջողվի: Պետք է փորձել: Ասել եմ, որ շատ դժվար է, բայց ոչ անհնարին: Փաստերի դեմ ոչ ոք չի կարող խոսել:

Ընթացող պեղումներին նաև օտարերկրյա գիտնականներ են մասնակցում, ո՞րն է նպատակը:

– 2009-2010 թթ. աշխատել ենք կանադացի և ամերիկացի գիտնականների հետ: Իհարկե, ոչ բոլոր հարցերում ենք համամիտ, նրանք ունեն իրենց դպրոցը, պատկերացումները, բայց վերջ ի վերջո նրանք սուրհանդակներ են, որոնք կտարածեն մեր մշակույթը Արևմուտքում:

Գիտնականի աշխատանքի համար կա՞ն նպաստավոր պայմաններ:

– Մեր երկրում  հնագիտական հուշարձանները հազարավոր են, իսկ հնագետները մի քանի տասնյակ ` մոտ 30-40 մարդ: Կարևոր է նաև հասարակության դրական վերաբերմունքը: Արվեստի և գիտության մեծագույն նվաճումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ եղել է հասարակության աջակցությունը, երբ գիտնականը կամ արվեստագետը ճանաչվել, հարգվել և սիրվել է հասարակության կողմից: Այժմ գիտնականն իր ժամանակի 90 տոկոսը սոցիալական խնդիրները լուծելու վրա է ծախսում: Ստիպված աշխատում է երեք, չորս, անգամ հինգ տեղում, որ իր ընտանիքը պահի, այլապես 50-60 հազար դրամով մարդը չի կարող գոյատևել:

Առկա ֆինանսավորումը բավարա՞ր է նշված նպատակներին հասնելու համար:

– Ես  երախտապարտ եմ  կառավարությանը, որ հիմա  կանոնավոր ֆինանսավորում ունենք, նախկինում թաղապետի կամ այլ մարդկանց ֆինանսավորմամբ ենք պեղումներ իրականացրել: Հիմա կա պետական ֆինանսավորում, որը գլոբալ մեծ խնդիրը լուծելու համար, իհարկե, քիչ է: Պեղումները կատարում ենք Շենգավթում` Ներքին և Վերին Նավերում:  Ընդհանուր 100-ից ավելի բանվորներ և ուսանողներ են աշխատում պեղումների վայրում: Տարեկան 10 ամիս պեղումներ ենք իրականացնում Նավերում, 2 ամիս էլ Շենգավիթում:

Ի՞նչն է պատճառը, որ Նավերում պեղումներն այդքան երկարատև են:

– Նավերի դամբարաններում երկար ենք աշխատում, քանի որ այս  կամ մյուս տարի կսկսվի Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը, մինչդեռ լավ հուշարձանը պեղելու համար տարիներ են պետք: Մենք, փաստորեն,  փրկարարական աշխատանքներ ենք իրականացնում` դեռևս չունենալով ֆինանսավորում այդ ճանապարհաշինարարական աշխատանքների համար: Հնագետները մինչև հիմա  չգիտեն, թե ուղին որտեղով է անցնելու: Իսկ երբ աշխատանքները սկսվեն, այլևս հակադրվելն անհնար կլինի: Միայն Աշտարակից Գյումրի ճանապարհին մատնանշել ենք 23 հուշարձան, էլ ե՞րբ հնագետը պետք է դրանք ուսումնասիրի:

Նշեցիք, որ հնագետները քիչ են: Ի՞նչն է պատճառը: Չկա՞ն երիտասարդ որակյալ կադրեր:

– Բավականին խոստումնալից երիտասարդներ կան, բայց պետք է գրավիչ պայմաններ ստեղծել երիտասարդի համար, որ գա դեպի գիտություն: Եթե նա գիտի, որ ավարտելուց հետո ամսական 50 հազար դրամ  աշխատավարձ պիտի ստանա, որը կարող է այլ ոլորտում 1 օրում վաստակել,  եթե օրինակ` բանկի հավաքարարն ավելի շատ է վաստակում, քան պրոֆեսորը, պարզ է, որ ցանկություն չի ունենա գիտությամբ զբաղվել: Խելացի, լեզուների տիրապետող երիտասարդների մեծ մասը փորձում է բիզնեսով զբաղվել, որտեղ արագ հաջողության կարող է հասնել: Գիտնականին սպասում է ծանրագույն աշխատանք և կիսասոված գոյություն: Միայն կիսախելագարները նման աշխատանքի կգան, և միայն նվիրումը կարող է բացատրել, թե ինչու են գիտնականները, ամեն ինչ թողած, իրենց աշխատանքով զբաղվում:

Ի՞նչ լուծում եք առաջարկում նշված խնդրին:

– Աշխատավարձի կտրուկ բարձրացում է պետք, մոտավորապես 10 անգամ: Թող ընտրեն լավագույններին, բայց  պայման ստեղծեն, որ գիտնականը դիմանա: Չէ՞ որ մեր երկրում  գները վաղուց եվրոպական են: Այս պայմաններում պահանջել, որ երիտասարդը գա դեպի գիտություն, դժվար է: Չնայած դրան, կան երիտասարդներ, որոնք նվիրվում են գիտությանը:


Դիտվել է 2481 անգամ:
Print Friendly

Leave a Reply