«Մանկության աշխարհ EXPO 2011»` Երեւանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 5, 2011 10:43

Երեւանի «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում հունիսի 4-6-ը կանցկացվի «Մանկության աշխարհ EXPO 2011» միջազգային ցուցահանդեսը: Այն կազմակերպվում է «Լոգոս Էքսպո» կենտրոնի կողմից’ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Ցուցահանդեսին կներկայացվեն երեխաների համար նախատեսված իրեր’ հագուստ, կոշիկ, խաղալիք, հեծանիվներ, հիգիենիկ պարագաներ, կահույք, ինչպես նաեւ սնունդ: Տեղական արտադրողները եւ միջազգային ընկերությունները կներկայացնեն նաեւ երեխաների ունակությունները զարգացնող պարագաներ, խաղեր, գրքեր, տեսանյութեր եւ այլն:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կենտրոնի լրատվության հարցերով պատասխանատու Արմինե Հակոբյանը, ցուցահանդեսի նպատակը ոչ միայն հասարակությանը մանուկներին վերաբերող ապրանքների, նոր արտադրատեսակների ներկայացումն է, այլեւ գործարարների միջեւ կապերի հաստատմանը նպաստելը:

«Լոգոս Էքսպո» ընկերությունը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու է, որպեսզի երեք օրերը տոնի վերածվեն երեխաների համար: Ա. Հակոբյանի խոսքով’ կազմակերպելու են բազմաթիվ մրցույթներ, նախատեսվում են նվերներ, համերգային կատարումներ եւ այլն: Անցկացվելու են «Փոքրիկ նկարիչ» եւ «Ժպտերեսիկ» մրցույթները:

Ցուցահանդեսի այցելուների համար կկազմակերպվեն երեխաների հագուստների ցուցադրություններ, ելույթներով հանդես կգան «Կաստանետա», «Փոքրիկ երեւանցիներ» պարային խմբերը:

«Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում կենտրոնը պարուրված կլինի տոնական մթնոլորտով, որտեղ յուրաքանչյուրը կհայտնվի մանկության զարմանահրաշ աշխարհում: Ցուցահանդեսին կներկայանան նաեւ մանկատներ Հայաստանի տարբեր մարզերից’ Գյումրիից, Գավառից, Երեւանից»,-ասաց Ա. Հակոբյանը: Երեւանի «Զատիկ», Գավառի մանկատների, Գյումրու «Սուրբ Տիրամայր» եւ Գյումրու ստացիոնար մանկական կենտրոնների սաները կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները:

Ցուցահանդեսը կանցկացվի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունների, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության աջակցությամբ:

Դիտվել է 1237 անգամ:
Print Friendly

Leave a Reply