Թուրքիայում սպանված հայազգի զինվորի մայրը որդուն սպանողին տեսնելուն պես ուշագնաց է եղել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 5, 2011 1:12

Թուրք զինվորականներն ապրիլի 24-ին սպանված Սեւակի ընտանիքին տարել են այն զորամաս, որտեղ տեղի է ունեցել սպանությունը:

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Սեւակի մայրը զինվորական հրամանատարությունից ստացած հատուկ թույլտվությամբ դեմ առ դեմ հանդիպել է իր որդուն սպանած Քվանչ Աղաօղլուին: Սեւակի մայրը կարողացել է հարցնել միայն, թե ինչո՞ւ է նման բան արել Քվանչը եւ ուշագնաց եղել, որից հետո նրան դուրս են հանել սենյակից: Քվանչը պատասխանել է.  «Ի՞նչ ասեմ»:

Սպանությունից հետո քաղաքացիական դատարանը ազատ էր արձակել Քվանչին, սակայն զինվորական դատարանն օրեր անց կրկին ձերբակալել է նրան: Իր բացատրության մեջ Քվանչը նշել է, թե ինքը Սեւակի հետ լավ հարաբերություն է ունեցել: «Այդ օրը պահակակետում աշխատանքներ էինք իրականացնում, որի ընթացքում կատակներ էինք անում: Իմ հրազենի փողը դեպի երկինք էր ուղղված: Մի պահ, երբ կռացա, կրակոց արձակվեց: Սկզբում չէի նկատել, որ Սեւակին է դիպել, կարծեցի կատակով է որովայնը բռնել»,- նշել է հայազգի զինվորին սպանողը:

Դեպքին ականատես զինվորներից Ֆազլա Քեսքինը պատմել, որ կրակոցի ձայնը լսելուց հետո Սեւակն ասել է. «Քվանչ եղբայր, այս ի՞նչ արեցիր, հասիր»:

Նշենք, որ 25-ամյա Սեւակը ավարտել էր Ստամբուլի տեխնիկական համալսարանի գեղեցիկ արվեստների ֆակուլտետը եւ ծառայության էր անցել Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում տեղակայված ժանդարմերիայի զորամասում։

Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։  Ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայողի կողմից։  Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել զինծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սակայն Սեւակի ծնողները չեն հավատում այս տեսակետին եւ պահանջում են մանրամասն հետաքննություն իրականացնել։

– NEWS.am

Դիտվել է 3002 անգամ:
Print Friendly

Leave a Reply