Շրջափակում, Ղարաբաղ եւ տնտեսական իրավիճակ Հարավային Կովկասում. Ֆրանսիայի Սենատում քննարկում են հայամետ օրինագիծը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 4, 2011 21:30

«Երբեմն օրենսդիրները զգացմունքների ազդեցության տակ գնում են այնտեղ, որտեղ պատմաբանների տեղն է»,- այդ մասին Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն ենթադրող օրինագծի քննարկումների ժամանակ, հայտարարել է Սոցկուսի նախագահ Ռոբբեր Բատինտերը:

«Սխալ է օրենք ունենալ, որը կարգավորում է պատմությունը եւ առավել եւս բանտարկություն է նախատեսում: Օրենսդիր եւ դատական իշխանությունների տարբերությունն այն է, որ օրենսդիր իշխանության առջեւ խոչընդոտ կա` դատելու այս կամ այն իրադարձության վերաբերյալ: Օրենքը չի համապատասխանում Սահմանադրությանը: Ցեղասպանության ժխտման դեմ պետք է պայքարել այլ միջոցներով»,- նկատել է նա:

Իր հերթին UMP-ի ներկայացուցիչ Ամբրուազ Դյուպոնն ընդգծել է, թե ընդունելով օրենքը պետք է հիշել Հարավային Կովկասում Ֆրանսիայի դերի, ԵԱՀԿ ՄԽ-ում անդամության մասին: Դյուպոնը նկատել է նաեւ տարածաշրջանի բարդ տնտեսական վիճակը, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման, փակ սահմանի առկայությունը հաշվի առնելու անհրաժեշտությունը: Իր ելույթի վերջում նա նշել է, թե կիսում է օրինագծի անընդունելիության մասին հանձնաժողովի գնահատականը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին օրերս ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է, թե չի խոչընդոտելու Սենատում Հայոց ցեղասպանության ժխտման պատժումը սահմանող օրինագծի քվեարկությանը:

Հանդիպման ընթացքում Նիկոլա Սարկոզին նշել է, թե կառավարությունը թույլ կտա, որ Սենատը ազատորեն կողմնորոշվի իր քվեում, եւ որ ինքը ոչ մի հանձնարարություն չի տա իր քաղաքական մեծամասնությանը այդ քվեարկության վերաբերյալ: Այսինքն, Սարկոզին երաշխավորել է, թե չի ընդդիմանա այդ օրենքի ընդունմանը:

Նա նաեւ շեշտել է, թե շարունակում է անհրաժեշտ համարել Ֆրանսիայում հայերի ցեղասպանության ժխտման դեմ պայքարը, որն «իր համար ցեղատյացության արտահայտություն է»:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը դժգոհություն էր հայտնել Սարկոզիի քաղաքականությունից եւ սպառնացել նրա դեմ օգտագործել ֆրանսահայերի ձայները 2012թ. նախագահական ընտրություններին:

Նշենք, որ մայիսի 4-ին Ֆրանսիայի Սենատը սկսել է քննարկել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն ենթադրող օրինագծի քննարկումը: Ֆրանսիայի հայ համայնքի ներկաայցուցիչները բողոքի ակցիա են անցկացնում:

2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել էր օրինագիծը, որն այժմ սպասում էՍենատի կողմից վավերացմանը:

NEWS.am

Դիտվել է 1520 անգամ:
Print Friendly

Leave a Reply