Ողջ ճշմարտությունը «odnoklassniki»-ի մասին

Շաբաթվա լուր | | August 20, 2009 16:42
odno

Հայաստանում կան մարդիկ, որոնք կատոգորիկ դեմ են օդնոկլասնիկին ու չեն բացում այնտեղ իրենց էջը:

Բարև, մենք ծանո՞թ ենք:
Դեռ ոչ…
«Odnoklassniki.ru» սոցիալական ցանցում այս երկխոսությամբ ծանոթություն հաստատելը 22-ամյա ուկրաինուհի Լենայի ու ինձ համար դարձավ ճակատագրական: Նա մտել էր իմ ինտերնետային էջն ու գնահատել նկարս: Ինձ էլ գրավել էր այն, որ կայքում օրերով «բնակություն հաստատողների» նման չէր գրել ոչ մի անձնական տվյալ` անուն, բնակության վայր, տարիք: Մոտ երկու ամիս շփվելուց հետո միայն բացահայտեց իր իսկական անձը:

«Odnoklassniki.ru» սոցիալական ցանցը, որն ինտերնետային սոցցանցերի շարքում հաճախելությամբ առաջին հինգի մեջ է, իրականում գողացված նախագիծ է: Ի սկզբանե այն համակարգչային ծրագրերի ստեղծմամբ ու դոմենների ապահովմամբ զբաղվող բրիտանական խոշոր կազմակերպության` I-CD Publishing-ի նախագիծ էր, որը գողացավ նույն կազմակերպության անդամ Ալբերտ Պոպկովը, երբ նրան ազատեցին աշխատանքից: Մի քանի ամիս հետո նախագիծը նրան բերեց առաջին միլիոն դոլարը: Կազմակերպությունը դատի տվեց իր նախկին աշխատակցին` պահանջելով իր անունով գրանցել կայքի դոմենը և ստացված հասույթը փոխանցել իրեն: Դատական գործը շարունակվում է մինչ հիմա: Պոպկովը շարունակում է հերքել, թե գողացել է նախագիծը:

Բացի ծանոթություն հաստատելուց, դասընկերների հետ շփվելուց ու «աղջիկ կպցնելուց», «Odnoklassniki.ru»-ն հնարավորություն է տալիս անդամագրվել կայքում ակտիվ գործող խմբերին` գրուպաներին, որի շնորհիվ հաստատում ես նոր ծանոթություններ, ձեռք բերում ընկերներ, ում հետ կարելի է շփվել ու նույնիսկ համագործակցել վիրտուալ աշխարհից դուրս:

Ինքս արշավասեր եմ: «Odnoklassniki.ru»-ում գտա բազմաթիվ մարդկանց ում հետ գնում եմ արշավների: Իրական կյանքում մի քիչ դժվար է գտնել մարդկանց նման յուրահատուկ հետաքրքրություններով, իսկ այդ կայքը դրա հնարավորությունը շատ հեշտ ընձեռնում է: Նաև անդամագրվեցի «Արշավականներ» խմբին: Էդոն, որ խումբը ստեղծողն է և արշավների կազմակերպիչը` մոդերատորը, հիմա Օդնոկլասնիկի շնորհիվ 70 հոգանոց արշավներ է կազմակերպում: Պատմում է, որ երբ նոր էին բացել խումբը, ոչ ոք չէր անդամագրվում, վստահություն ու հետաքրքրություն չկար, արշավի գնում էին 7-10 հոգով:

«Արշավականներ»-ի Էջում պարբերաբար հայտնվող նկարներն ու հաղորդագրությունները իրենց գործն արեցին. այժմ արշավ գնալու համար հավաքվում է 100–ից ավել մարդ, որոնց մի մասը միջին տարիքից բարձր է: Կայքի շնորհիվ առաջին մեծ արշավին դեպի Լաստիվեր մասնակցել է 50 մարդ:

«Շատերի համար այս կայքն ընդամենը ծանոթության միջոց է, բայց ոչ մեզ համար, – ասում է Էդոն, – մենք այն օգտագործում ենք տարբեր տարիք ու նախասիրություն ունեցող մարդկանց մեկ գաղափարի շուրջ համախմբելու համար: Պիտի ասեմ, որ բավական արդյունավետ միջոց է»:
«Odnoklassniki.ru»-ում գործող ոչ բոլոր խմբերն են «Արշավակնների» նման «բարյացակամ»: Ակտիվ մրցակցություն են ծավալում նաև քաղաքական կուսակցություններն ու կրոնական ուղղվածություն ունեցող խմբերը: Կուսակցություններն հատկապես ակտիվանում են ընտրությունների ժամանակ և ոչ թե գաղափարներ են քարոզում, այլ մրցակցում են, թե որը իր խմբում ավելի շատ անդամ կհավաքագրի:

Առավել վտանգավոր են կրոնական ուղղվածության այնպիսի խմբեր, ինչպիսին սատանիստներն են, որոնց անդամակցելիս մարդ կարող է չիմանա, թե ուր է ընկել, քանի որ այդ խմբերը ստեղծողները ծածկանուններով են: Եթե իրականությունը թույլ է տալիս նման խմբեր հայտնաբերելիս կանխարգելիչ միջոցառում ձեռնարկել, ապա վիրտուալ աշխարհում գործում են այլ օրենքներ ու սկզբունքներ: Պաշտպանվելու համար ընդամենը պետք է դուրս գալ նման խմբերից: Նրանք մեծամասամբ գործում են ռոք խմբերի անվան տակ, պատահում է` նաև բացահայտ «Սատանիստներ» անունով: Մի անզգույշ քայլ, ու արդեն հոգիդ ծուղակում է:

Լինում է` որևէ տղա աղջկա անվան տակ խումբ է բացում` «Միայն գեղեցկուհիներ», և հրավիրում աղջիկներին ու միայն աղջիկներին: Այսպիսով, հնարավորություն է ունենում իր խնդիրը արդյունավետ լուծել` ծանոթանալ աղջիկների հետ, այն էլ գեղեցկուհիների:
Հայաստանում կան մարդիկ, որոնք կատոգորիկ դեմ են օդնոկլասնիկին ու չեն բացում այնտեղ իրենց էջը: Օրինակ 25-ամյա Դավիթ Գևորգյանն այն եզակի մարդկանցից է, ով սկզբունքորեն հրաժարվում է կայքում գրանցվել` նույնիսկ համադասարանցիների կամ հեռվում գտնվող հարազատների հետ շփվելու համար: Ասում է, որ Հայաստանի բնակչության 99 տոկոսը պարապ է ու «Odnoklassniki.ru» է մտնում «աղջիկ կպցնելու» համար:

Նա ասում է, որ ինքը նման ձևով աղջիկ կապելու կարիք չունի, քանի որ համարձակ է ու իրական կյանքում կարող է աղջկան մոտենալ, իսկ կայք մտնողները անհամարձակ մարդիկ են, քանի որ եթե համարձակություն ունենային` իրական կյանքում մարդու երեսին ամեն ինչ կասեին, և չէին թաքնվի վիրտուալի հետևում: Այսուհանդերձ, Դավիթը մեկ անգամ կեղծանունով գրանցվել է «Odnoklassniki.ru»-ում: Ասում է, որ մտել է ընկերոջ «օբյեկտը» գովազդելու համար ու չի բողոքում. կայքում արված գովազդն արդյունավետ էր:

Եղիր ուշադիր, եթե մտել ես «Odnoklassniki.ru», ու քեզ գրել է երիտասարդ, գեղեցիկ արտաքինով աղջիկ ու հարցրել երկրիդ մասին որևէ «անմեղ» բան, ապա մի շտապիր պատասխանել: Հնարավոր է` նա հատուկ ծառայության աշխատակից է` հոգեբան, այն էլ` տղամարդ: Նման դեպք պատահեց ընկերոջս հետ (չցանկացավ անունը նշել): Ոգևորված պատմում էր, որ կայքի միջոցով արդեն ամիսներ է` շփվում է գեղեցկուհու հետ: Իսկ աղջիկն էլ անընդհատ հարցեր է տալիս հասարակության, քաղաքական վիճակի մասին: Անցնում է երկու ամիս, ու ընկերս ինձ տխուր ահազանգում է, որ վիրտուալ ընկերուհին անհետացել է: Հաղորդագրությունները վերընթերցելուց ու վերլուծելուց հետո հասկացանք, որ իրականում գեղեցկուհին հատուկ ծառայության աշխատակից էր:

119

«Odnoklassniki.ru»-ում գործող ոչ բոլոր խմբերն են «բարյացակամ»: Առավել վտանգավոր են կրոնական ուղղվածության այնպիսի խմբեր, ինչպիսին սատանիստներն են, որոնք մեծամասամբ գործում են ռոք խմբերի անվան տակ, պատահում է` նաև բացահայտ «Սատանիստներ» անունով:

Մոսկվայում տեղի Ազգային անվտանգության աշխատակիցներն այս տարի «Odnoklassniki.ru» կայքի միջոցով կարողացել են բռել խանութների մեծ ցանց ունեցող մի բիզնեսմենի (նախաքննության շահերից ելնելով` անունը չի նշվում), ով դեռ 2005թ. դատարանի որոշմամբ պետք է մուծեր 111.000 ռուբլի հարկ: 70.000-ը մուծել էր սեփական կամքով, հետո անհետացել: Ռուսական ԱԱԾ-ի աշխատակիցները կայքի ադմինիստրացիայի համաձայնությունը ստանալով` սկսել են փնտրել նրան վիրտուալ աշխարհում: Հատուկ ծառայության գործակալը գրանցվել է աղջկա անունով ու հայտնաբերել բիզնեսմենին, որն էլ իր հերթին գրանցված է եղել կեղծանունով ու տեղադրած է եղել ոչ իր նկարը: Ծանոթություն են հաստատել, ժամադրել ու հենց հանդիպման վայրում էլ ձերբակալել բիզնեսմենին:

Կրկին աղջկական կերպարանքով ռուս անվտանգության աշխատակիցներին հաջողվել էր բռնել նաև Լվովի վճռաբեկ դատարանի դատավորներ Իգոր Զվարիչին, ով մեղադրվում էր խարդախության մեջ և աշխատանքային ժամին իր սենյակում դատարանի մեկ այլ աշխատակցուհու հետ սիրաբանում:

Պետք է կարողանալ ճիշտ ընտրել սոցիալական կայքում «ապրելու ձևը»` չնայած այնտեղ առկա բազմապիսի «աղբին» ու հետաքրքրություններին: Շնորհիվ «Odnoklassniki.ru» կայքի` ես գտա 2-րդ կեսիս: Ուկրաինուհի Լենան է` մասնագիտությամբ մենեջեր: Մոտ մեկ տարի վիրտուալ աշխարհում շփվելով` հասկացանք, որ ստեղծված ենք միմյանց համար: Այս տարվա մայիս ամսին գնացի Ուկրաինա` Խարկով: Հանդիպեցինք: Որոշեցինք ամուսնանալ:

Դիտվել է 5061 անգամ:
Print Friendly

Leave a Reply