ԶԼՄ-ների համար Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` Լիտվայի Հանրապետության Նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ հանիպումից հետո
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | May 4, 2011 21:10
Մեծարգո՛ տիկին Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Մեկ անգամ ևս ողջունում եմ Լիտվայի Հանրապետության Նախագահ տիկին Դալիա Գրիբաուսկայտեին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին Հայաստանի Հանրապետությունում:
Մեր երկրների անկախության հռչակումից ի վեր Հայաստանի ու Լիտվայի հարաբերություններում արձանագրվել է համագործակցության դինամիկ ընթացք։ Եվ Հայաստանը Լիտվային դիտում է որպես բարեկամ երկիր և վստահելի գործընկեր: Գոհունակությամբ եմ արձանագրում, որ միջպետական հիմքերի վրա դրված հայ-լիտվական երկխոսությունը տարեցտարի զարգանում և ընդլայնվում է` ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ:
Նախագահ Գրիբաուսկայտեի հետ մեր առանձնազրույցի ընթացքում արդյունավետ և կառուցողական քննարկում ունեցանք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, անդրադարձանք տարածաշրջանային և գլոբալ որոշ խնդիրների: Վերահաստատեցինք երկկողմ և բազմակողմ հարթություններում հայ-լիտվական կապերը խորացնելու փոխադարձ ցանկությունն ու հանձնառությունը:
Ես կրկին շնորհակալություն հայտնեցի տիկին Նախագահին Լիտվայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչելու համար, ինչը վկայությունն է լիտվացի բարեկամ ժողովրդի բարձր բարոյական նկարագրի և համամարդկային արժեքներն այսրոպեական շահերից վեր դասելու գիտակցման: Դեռևս XIXդ. վերջին լիտվացի ժողովուրդն արձագանքել է Օսմանյան կայսրությունում թուրքերի իրագործած կոտորածներին` մամուլում հրապարակելով հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին նվիրված հոդվածներ և ընդգծելով հայ ու լիտվացի ժողովուրդների պատմական ճակատագրերի նմանությունը:
Հաշվի առնելով ընդհանուր պատմական անցյալը՝ նաև կարևորեցի Լիտվայի լավագույն փորձի ընդօրինակումը պետականաշինության, եվրաինտեգրման գործընթացներում և աջակցությունը Եվրոպական միության Արևելյան գործընկերության շրջանակներում: Վկայակոչեցի Բալթյան երկրների միջև համագործակցությունը որպես հաջողված մոդել` ափսոսանք հայտնելով, որ առայժմ նույնը հնարավոր չէ կիրառել մեր տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանը շարունակում է խորացնել իր իսկ ստեղծած անջրպետը՝ գծելով 21-րդ դարի համար այդքան օտար թվացող բաժանարար գծեր:
Անդրադարձանք Լիտվայի՝ ԵԱՀԿ նախագահությանը, որը պատվաբեր և միաժամանակ խիստ պատասխանատու առաքելություն է միջազգային հանրության առջև: Դրական գնահատեցի Վիլնյուսի ցանկությունը սատարելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին` շեշտելով հայկական կողմի հանձնառությունը կարգավորման հասնել բացառապես խաղաղ ճանապարհով:
Ցավոք, Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը՝ կրկնվող և քաղաքակիրթ երկխոսության որևէ չափանիշների չհամապատասխանող հայտարարություններով, որոնք լրջորեն հարվածում են բանակցային գործընթացին: Ըստ էության, Ադրբեջանը որպես մարտավարություն ընտրել է ձգձգման քաղաքականությունը և, ըստ էության, իր համար հարմար առիթի է սպասում, որպեսզի նոր ռազմական ավանտյուրա սկսկի:
Հայաստանը ողջունում է միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և անձամբ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդևի ջանքերը խնդրի կարգավորման ուղղությամբ: Մենք պատրաստ ենք աշխատելու, պատրաստ ենք բանակցելու, պատրաստ ենք և անհրաժեշտ ենք համարում որոնել փոխզիջումներ: Բայց լուծման համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը ևս ունենա նույն ցանկությունը:
Ես մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Լիտվայի Նախագահին՝ հետաքրքիր քննարկումների համար և հաճույքով խոսքը փոխանցում եմ նրան:






Facebook
Tweet This
Email This Post
