Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել երկօրյա աշխատանքային այցով Երևան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | May 4, 2011 21:02
Նախագահը նշել է, որ Հայաստանի անկախության ձեռքբերման և Լիտվայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու օրվանից` երկկողմ կապերն ինտենսիվ զարգանում են. Լիտվան առաջին պետությունն էր, որը ճանաչել է մեր երկրի անկախությունը, և առաջին միջազգային պայմանագիրը Հայաստանն ստորագրել է Լիտվայի հետ: Սերժ Սարգսյանի խոսքով, երկու երկրներն այսօր լավ հնարավորություններ ունեն քննարկելու հարաբերությունների զարգացմանն ու համագործակցությանն ուղղված հարցեր` ձևավորելով օրակարգ ապագայի համար:
«Ձեր այցը նշանակալի է նաև նրանով, որ Լիտվան ներկայումս նախագահում է ԵԱՀԿ-ում: Դա, իհարկե, պատվաբեր և պատասխանատու առաքելություն է, և այն խոսում է ձեր պետության` միջազգային հանրության առջև պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամության մասին»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի խոսքով, հայ-լիտվական հարաբերություններում նոր փուլ է սկսվում, ինչը շատ ուրախալի է: Նա նշել է, թե իր երկրի համար տարիներ առաջ անչափ կարևոր էր ճանաչել բոլոր նորանկախ պետություններն այնպես, ինչպես նրանք էին ճանաչում Լիտվան` այդպիսով նոր էջ բացելով պատմության մեջ:
«Այդ պատճառով մենք շահագրգռված ենք, որ բոլորս, ովքեր իբրև պետություն 20 տարի ինքնուրույն ապրում և զարգանում ենք` բարգավաճենք և կարողանանք օգնել միմյանց, քանի որ իրար հասկանում ենք ավելի լավ, քան մյուսները, ովքեր երբեք չեն եղել պատմականորեն այդքան մոտ: Ես նույնպես շատ ուրախ եմ, որ մենք կարող ենք հասկանալ միմյանց ու օգտակար լինել ինչպես տնտեսական, այնպես էլ միջազգային հարցերում»,-ընդգծել է Նախագահ Գրիբաուսկայտեն:
Հանդիպումից հետո Հայաստանի և Լիտվայի նախագահները զանգվածային լրատվամիջոցների առջև հանդես են եկել հայտարարությամբ` ամփոփելով հանդիպման արդյունքները:






Facebook
Tweet This
Email This Post
