Վարչապետը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 4, 2011 18:19

Կառավարության ղեկավարն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան և հանդիպել է ուսանողների հետ: Տիգրան Սարգսյանն ուսանողների հետ խոսել է նրանց հուզող խնդիրների, մասնավորապես, կոռուպցիայի մասին: Վարչապետն առաջարկել է ներկայացված խնդիրների լուծման համար համատեղ քննարկումներ կազմակերպել. «Այս հանդիպումը կարևոր է այն առումով, որ դուք կլսեք, կտեսնեք ու կզգաք, թե ինչպես եմ ես մտածում այն հարցերի շուրջ, որոնք մտահոգում են ձեզ»:

Վարչապետը ժամանակակից հասարակության ձևավորման հարցում կարևորեց աշխարհն ամբողջականորեն ճանաչելու կարողություն. «Կարևոր է հասկանալ, թե ժամանակակից աշխարհն ինչ օրինաչափություններով է զարգանում, և ինչպիսի հասարակություն է անհրաժեշտ ձևավորել, որ այդ աշխարհում մրցունակ լինենք»: Վարչապետը նաև նշել է. «Հայաստանի ապագան պայմանավորված է նրանով, թե այս լսարանում ինչ մտածողություն է տիրում: Եթե մենք իմանանք դա, կարող ենք ասել, թե ինչպիսին կլինի մեր ապագան»:
Անդրադառնալով կոռուպցիայի տարածվածության հարցին Տիգրան Սարգսյանը նկատեց, որ վերջինիս հաղթահարումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ համընդհանուր համոզմունք ձևավորվի, որ կաշառակերությունը չարիք է. «Չափազանց կարևոր է, որ ուսանողները ցանկություն ունենան մասնակցել հակակոռուպցիոն շարժմանը»:
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը ներկայացրեց ուսանողների առաջարկությունների փաթեթը` ուղղված կաշառակերության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
Այնուհետև տեղի ունեցավ վարչապետի և ուսանողների հարցուպատասխանը, որի ընթացքում արծարծվեցին ուսանողությանը հետաքրքրող մի շարք հարցեր:

Դիտվել է 1635 անգամ:
Print Friendly

Leave a Reply