Ինչպես Չարենցը Հռոմում սեղանի վրա բարձրացավ ու արտասանեց

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | August 18, 2009 20:49

charents-1-249x3001924 թ. տարեվերջին Եղիշե Չարենցը Հայաստանի իշխանությունների և անձամբ երկրի ղեկավար Ալեքսանդր Մյասնիկյանի աջակցությամբ մեկնում է ուղևորության եվրոպական մի շարք երկրներ: Նպատակը ոչ միայն արևմտյան արժեքների հետ ծանոթությունն էր, այլև այն, որ բանաստեղծը խորհրդային կարգերը պրոպագանդի հայկական գաղթօջախներում:
Սակայն նման առաքելության համար բոլշևիկ ղեկավարներն այնքան էլ հաջող թեկնածու չէին ընտրել:

Չարենցը Չարենց չէր լինի, եթե անակնկալներ չմատուցեր նրանց: Չարենցը Չարենց չէր լինի, եթե դավաճաներ իր անհանգիստ էությանն ու աղմկահարույց բնույթին: Եվ այս ուղևորությունը նույնպես բացառություն չեղավ: Ճիշտ է, հետագայում թե ինքը և թե նրա մեկենասները հնարավոր ամեն ջանք գործադրեցին քողարկելու համար պատահած տհաճ միջադեպերը, սակայն, ինչպես ասում են, մախաթը պարկի մեջ պահելն այնքան էլ դյուրին գործ չէ: Եվ այժմ մենք կարող ենք գոնե ընդհանուր գծերով վերականգնել բանաստեղծի արկածները Իտալիայում:
Իսկ ի՞նչ պատմության մեջ էր այս անգամ հայտնվել նա:

1925 թ. ապրիլին Հռոմ հասած Չարենցը որոշում է առաջին հերթին ծանոթանալ քաղաքի հասարակաց ակումբների ու կաբարեների կյանքին և ժամանակն անցկացնել կրքոտ ու գեղեցիկ իտալուհիների շրջապատում: Օրեր շարունակ նա հաճախում է Հռոմի վատահամբավ թաղամասերի գետնահարկ հաստատությունները: Սակայն վերջին այցելությունը ցավալի ավարտ է ունենում գիշերային խրախճանքների սիրահարի համար: Այս անգամ զվարճության վայր ընտրելով համեստ մի կաբարե` նա չէր էլ կարող կռահել, որ դա արկածախնդիրների ու դրամաշորթների հայտնի հավաքատեղի է:

Մի քանի թեթև վարքի տեր կանանց ընկերակցությամբ Չարենցն այստեղ թունդ հարբում է, ապա բարձրանում է սեղանի վրա և պատրաստվում է բանաստեղծություններ արտասանել իրեն դուր եկած աղջկա համար: Սկսվում է իրարանցում: Տեղի ծառայողները փորձում են նրան ցած իջեցնել, սակայն Չարենցը շարունակում է համառել` ետ մղելով վրդովված աշխատակիցների «գրոհները»:

Դիմադրության հետևանքները ծանր են լինում` շրջված սեղաններ, փշրված սպասք, զայրացած հաճախորդներ… Ի վերջո, երկու հաղթանդամ երիտասարդներ նրա թևերը ոլորելով` դուրս են բերում կաբարեից: Եվ հենց այստեղ Չարենցը նրանց առաջարկում է հաշտություն, պատճառած տհաճության փոխհատուցում և ցույց է տալիս իր լեցուն դրամապանակը: Իտալացիներն իսկույն համաձայնում են, ու հարբած եռյակն ուղևորվում է մեկ ուրիշ խորտկարան` շարունակելու կիսատ մնացած գինարբուքը:

Առավոտյան Չարենցն արթնանում է բաց երկնքի տակ` անծանոթ մի փողոցում: Առաջին բանը, որ նկատում է նա, դատարկված գրպաններն էին: Անհետացել էր նաև դրամապանակը: Հետագայում խոսում էին, թե կորուստը կազմել է շուրջ 15 հազար ֆրանկ, թեև գումարի այս չափը կարող էր փոքր-ինչ չափազանցված լինել:

Ինչ խոսք, նյութական վնասը վերականգնելն այնքան էլ հեշտ չէր նրա համար, ով հազարավոր կիլոմետրեր հեռու էր Երևանից: Բայց կար նաև բարոյական վնասը, ինչն էլ ավելի էր բարդացնում Չարենցի կացությունը: Բանն այն է, որ սփյուռքի կուսակցական որոշ խմբավորումներ թշնամաբար էին տրամադրված բոլշևիկ բանաստեղծի նկատմամբ և ցանկացած առիթ օգտագործում էին նրան վարկաբեկելու համար: Իսկ այս միջադեպը պարզապես նվեր էր քաղաքական ու գաղափարական շահարկումների սիրահարների համար: Տեղի մամուլն իր հերթին լրացնում էր պակասը` գունեղ երանգներով ներկայացնելով «Բաքոսի խնկարկության» չարենցյան ծեսերն ու մյուս «քաջագործությունները»: Հիմնական աղբյուրն Աթենքում լույս տեսնող դաշնակցական «Նոր օր» պարբերականն է. «Չարենցը բացարձակ տգետ մըն է. զինք շփացուցած են շուրջինները. ան իբրև բանաստեղծ ոչ մեկ արժեք չունի…»:

Մի կողմ թողնելով թերթային բանսարկությունները` ասենք, սակայն, որ Հռոմում պատահած դեպքը միակը չէր իտալական շրջագայության օրերին: Ավետիք Իսահակյանի որդին` Վիգենը, իր հիշողություններում ակնակում է ևս մի քանի նմանատիպ արկածների մասին, որոնք կատարվել են Վենետիկում այն օրերին, երբ Չարենցն այդ քաղաքում էր ու համարյա ամեն օր հանդիպում էր Վարպետի հետ: Ըստ այդ հուշերի` մի անգամ Չարենցը հրապուրվում է վենետիկցի գեղեցիկ մի օրիորդով ու սկսում է սիրաբանել: Հանկարծ որտեղից որտեղ հայտնվում են կնոջ տաքարյուն երկրպագուները և որոշում պատժել անպատկառ օտարերկրացուն: Ամեն բան կարող էր ավարտվել ծեծկռտուքով, եթե չլինեին Իսահակյանի միջամտությունն ու թախանձանքները…

Տհաճ իրավիճակների պակաս չի զգացվել նաև հետագա շաբաթներին: Հիշատակություններ կան այն մասին, որ թե Փարիզում և թե Բեռլինում Չարենցն անմասն չմնաց իրեն ուղեկից դարձրած պատահարներից: Եվ հավանաբար նաև այդ ձախորդությունները պատճառ դարձան, որ նա ստիպված ժամանակից շուտ ընդհատեց ճամփորդությունը և շտապեց օր առաջ հասնել Հայաստան:

Դիտվել է 5469 անգամ:
Print Friendly

Leave a Reply