Մայիսի 5-ին կմեկնարկի «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 4, 2011 17:50

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մայիսի 5-13-ն անցկացվելու է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ- փառատոնը: Այն կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ջանքերով: Մրցույթ-փառատոնին այս տարի աջակցում է նաեւ ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Վերածնունդ» փառատոնի հիմնադիր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանը, մրցույթի անցկացման նպատակն է նպաստել հանրապետությունում երաժշտարվեստի զարգացմանն ու մասսայականացմանը, երեխաների երաժշտական ճաշակը ձեւավորելուն, աճող սերնդի գեղագիտական, մասնավորապես երաժշտական դաստիարակությանը, ինչպես նաեւ ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում, սփյուռքում շնորհալի երաժիշտների հայտնաբերմանը: Նրա խոսքով’ փառատոնն այս տարի անցկացվում է 7 անվանակարգերում’ դաշնամուր, լարային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, ժողովրդական երգեցողություն, ժողովրդական գործիքներ, անսամբլ, փողային գործիքներ: Մրցույթ-փառատոնին մասնակցելու են ՀՀ բոլոր մարզերի, աշխարհի 22 երկրների (ՌԴ, ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Եգիպտոս, Թուրքիա, Իրան, Լատվիա, Լիտվա, Լիբանան, Հարավային Կորեա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Մոլդովա, Չեխիա, Վրաստան, Էստոնիա, Ֆրանսիա եւ այլն) շուրջ 1100 ներկայացուցիչներ:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով’ չափազանց գովելի է այն հանգամանաքը, որ մրցույթ-փառատոնը դինամիկ եւ արագ է զարգանում, բացի այդ փառատոնը հիմնումից սկսած ապացուցել է իր կենսունակությունը եւ հանրապետականից դարձել միջազգային: «Մրցույթը աշխարհի տարբեր երկրների երեխաներին հնարավորություն է տալիս շփվել իրար հետ, ինչպես նաեւ այդ երեխաներին ծանոթացնել մեր երկրի ավանդույթներին»,- ասաց Հ. Պողոսյանը’ ավելացնելով, որ դրա շնորհիվ խաղաղություն կլինի ամբողջ աշխարհում:

Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Սարգսյանը նշեց, որ փառատոնը ոչ միայն մշակութային նշանակություն ունի, այլեւ դիվանագիտական, քանի որ դրա շնորհիվ Հայաստանի կապերը աշխարհի հետ ամրապնդվում են:

Փառատոնի հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, որի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով’ մշակույթը հայաստանյան իրականության կարեւոր հենասյուներից է, որին պետք է միշտ աջակցել:

Նշենք, որ փառատոնի շրջանակներում կանցկացվի «Հայաստանը եւ համաշխարհային մշակույթը» խորագրով միջազգային գիտաժողով’ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի 90-ամյակին: Մրցույթը կգնահատեն մասնագիտական յոթ հանձնաժողովները, որոնցում ընդգրկվել են 77 ճանաչված արվեստագետներ, երաժիշտ-կատարողներ, երաժշտագետներ’ աշխարհի տարբեր երկրներից: Մրցույթի ժյուրիի որոշումները վերջնական են եւ փոփոխման ենթակա չեն: Ըստ անհրաժեշտության’ մասնակցին կտրամադրվի նվագակցող:

Դիտվել է 1508 անգամ:
Print Friendly

Leave a Reply