Քաղաքական դաշտի վերագծումները, կամ ինչո՞ւ են երկխոսում ՀԱԿ-ն ու իշխանությունը
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | May 4, 2011 17:47
Այցյալ շաբաթ ՀԱԿ-ն ու իշխանությունները, ըստ էության, հրապարակավ արձանագրեցին, որ իրենց հարաբերությունները որակապես նոր փուլ են մտնում: Նախագահ Սերժ Սարգսյանը լիցքաթափման մասին իր հայտարարությամբ, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ երկխոսության դուռը կիսաբաց լինելու և դրա լիովին բացման հնարավորության մասին հայտարարությամբ հստակեցրին քաղաքական դաշտի վերագծումը: Այս երկու ուժերի դիրքորոշումների փոփոխությունը ենթադրում է, որ փոխվելու է քաղաքական պայքարի ողջ տրամաբանությունը:
Սակայն այդ գործընթացներին մենք ականատես կլինենք ավելի ուշ: Իսկ այս պահին և՛ ՀԱԿ-ը, և՛ ՀՀԿ-ն մի լուրջ խնդիր ունեն` իրենց գործողությունների նման շրջադարձը ընդունելի դարձնել սեփական կողմնակիցների շրջանում, քանի որ ակնհայտորեն թե՛ իշխանական վերնախավում (կոալիցիայի ներսում), թե՛ Լևոն Տեր-Պետրոսյան-ՀԱԿ-ցուցարարներ հարաբերություններում որոշակի լարվածություն է առաջացել: Նկատենք, որ վերոհիշյալ երկու ուժերն էլ փորձում են այս խնդիրը լուծել` նույն մարտավարական հնարքը կիրառելով: Մասնավորապես, համոզում են հասարակությանն ու իրենց թիմակիցներին, որ զիջել է դիմացինը` այլընտրանք չունենալով, իսկ իրենք անխոս հաղթանակով են դուրս եկել ստեղծված իրավիճակից:
Կողմերից ամեն մեկն իր փաստարկներն ունի այս հարցի առնչությամբ. Կոնգրեսը պնդում է, որ իշխանությունների զիջողականությունն իրենց 3 տարվա համառ պայքարի արդյունքն է, քանի որ իրենք ապացուցեցին, որ վայելում են բնակչության աջակցությունը: Ըստ ՀԱԿ-ի ներկայացուցիչների` իշխանություններն ընդառաջում են իրենց նախապայմաններին, քանի որ տեսնում են հանրահավաքներին գնացող մարդկանց թվի աճը, որ սեփական ապաշնորհ տնտեսական քաղաքականության հետևանք է: Այսինքն` ՀԱԿ-ը փորձում է համոզել, որ եթե ինքը չկառավարի հասարակական սպասումները, ապա սոցիալական ընդվզում կսկսվի, ինչը, բնականաբար, ձեռտու չէ իշխանություններին:
Հենց սրա վրա հիմնվելով` իշխանական թևն էլ պնդում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք էլ չի ձգտել գնալ հեղափոխական ճանապարհով և, ի վերջո, իր խիստ ծայրահեղ մերժողական մոտեցումներն ավելի կառուցողական ձևակերպեց ու համաձայնեց երկխոսության, քանի որ հասկացավ`քաղաքական կոնյունկտուրայում իր դերը պահպանելու միակ տարբերակը իշխանությունների հետ երկխոսության նստելն է: Իշխանությունը կտրականապես հերքում է, որ ՀԱԿ-ի պահանջով թույլ տվեց հանրահավաքները Ազատության հրապարակում, խոստացավ վերսկսել մարտի 1-ի դեպքերի շուրջ հետաքննությունը և, ենթադրաբար, շուտով ազատ կարձակի մարտի 1-ի գործով դեռևս բանտերում գտնվող ընդդիմադիրներին`տեղի տալով ՀԱԿ-ի պահանջներին: Ըստ նրանց` իշխանությունն ուղղակի փորձում է հանդուրժողականության մթնոլորտ ձևավորել քաղաքական դաշտում, և այդ քայլերը ժողովրդավարական բարեփոխումների իրականացման արդյունք են:
Այս ամենը` հրապարակային մակարդակով: Սակայն իրապես կողմերի մարտավարության փոփոխությունները հասկանալու համար պետք է քննարկել մի քանի սցենարներ ու խնդիրներ, որոնք կողմերին ստիպեցին հրաժարվել առճակատումից ու դեռևս գոնե հայտարարել, որ պատրաստ են գնալ երկխոսության:
Առաջին սցենար: Քաղաքական քննարկումներում անընդհատ բարձրաձայնվում է արտահերթ ընտրությունների հարցը: Ընդդիմությունը պնդում է, որ երկխոսության գնում է բանակցելու արտահերթ ընտրությունների շուրջ: Իշխանությունը պնդում է, որ իրենք չեն պատրաստվում արտահերթ ընտրությունների հարց քննարկել, քանի որ դրա համար ներկայումս ոչ մի հիմք չկա, մանավանդ որ հերթական ընտրություններին ուղիղ մի տարի ժամանակ է մնացել: Հայաստանում փաստացի նախընտրական պայքարը մի տարուց էլ շուտ է սկսվում, ինչպես և հիմա: Սակայն մի հարց կա: Այս անգամ լուրջ ընտրազանգված ունեցող մի քանի քաղաքական ուժ գոյություն ունի, որոնց քաղաքական հավակնությունները բավարարելուն պատգամավորական մանդատները կարող են և հերիքել: Բացի այդ, չեն դադարում խոսակցությունները երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին, որի քաղաքական հենարանը ԲՀԿ-ն է:
Հետևաբար, կարծիքներ կան, որ Սերժ Սարգսյանը, խուսափելով անկանխատեսելի զարգացումներից (Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորության ու ներկայիս սոցիալական վատ վիճակի պատճառով Կոնգրեսի կողմից բնակչությանը մոբիլիզացնելու առումով), գաղտնի համաձայնության է եկել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ իսկապես արտահերթ ընտրություններ անել, որպեսզի նախ` կարողանան երկուստեք շահավետ կերպով բաժանել պատգամավորական մանդատները, նաև ԲՀԿ-ի ներկայիս պատմագավորական մանդատների հաշվին, և բացի այդ, ընտրական գործընթացները արագացնեն, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի վերադարձի նախապատրաստությունները նպատակին չծառայեն: Սակայն սա այնքան էլ հավանական չի թվում: Արտահերթ ընտրությունների շուրջ խոսակցություններն ավելի շատ նման են ՀԱԿ-ի կողմից իշխանության հետ համաձայնության գալու պայմաններում սեփական դեմքը պահելու մեթոդի, քանի որ, ի վերջո, եթե ՀԱԿ-ը համաձայնում է երկխոսություն սկսել և «խնդիրները լուծել ազգային համերաշխության ճանապարհով», ապա դրանով իսկ լեգիտիմացնում է Սերժ Սարգսյանի իշխանությունը:
Երկրորդ սցենար : Շատ ավելի հավանական է, որ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը փորձում է ամրապնդել իր դիրքերը, այսինքն` ցույց տալ, որ ինքը ժողովրդավարական լիդեր է, պատրաստ է երկխոսության գնալ բոլոր ուժերի հետ և քաղաքական պայքարի ավելի կառուցողական պայմաններ ստեղծել: Բացի այդ, նա փորձում է հերթական ընտրութունների ընթացքում թույլ չտալ, որ ՀԱԿ-ը շահարկի մարտի 1-ի խաղաքարտը, այնպես անել, որ մարտի 1-ի դեպքերը կապվեն ոչ թե իր, այլ նախկին նախագահի անվան հետ, և խորհրդարանական ընտրություններից հետո ամբողջությամբ փոխել քաղաքական դաշտի բևեռացվածությունը: Ավելին` տպավորություն կա, որ Սերժ Սարգսյանը փորձում է հավասարակշռել իր կախվածությունը օլիգարխիկ համակարգից ու դա անում է քաղաքական դաշտը ձևափոխելու միջոցով: Լևոն Տեր-Պետրոսյանն էլ խնդիր ունի ցույց տալու, որ իրենց պայքարը արդյունք է տալիս, իսկ անցյալ հանրահավաքի ժամանակ մարդկանց թույլ չտալով նստացույց անել, պիտակավորելով նման ցանկությունները որպես քաղաքական մարգինալների ու արկածախնդիրների ծայրահեղ տրամադրություններ, իշխանություններին մեսիջ ուղարկեց, որ ինքը պատրաստ է կառավարել բնակչությանը և թուլացնել հավաքվածների` ժամ առաջ հեղափոխություն անելու ցանկությունը, եթե ստանա իր ուզածը:
Մյուս կողմից` նա շատ լավ հասկանում է, որ հիասթափություններ են լինելու իր ընտրազանգվածի և Ազատության հրապարակում հավաքվող մարդկանց շրջանում, մանավանդ որ իշխանությունները գնացին զիջման մարտի 1-ի հետևանքները վերացնելու հարցում, սակայն դա ոչ մի կերպ լուծում չի տալիս բնակչության սոցիալիական լուրջ խնդիրներին: Հետևաբար, սա ևս ցույց է տալիս, որ Լևոն-Տեր Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի միջև համաձայնություն կա պատգամավորական տեղերի հարցում, չնայած համաձայնությունը կարող է փոփոխությունների ենթարկվել` կապված հետագա քաղաքական զարգացումների հետ:
Արտաքին դերակատարության հավանականությունը: Երկխոսության շուրջ համաձայնության գալու և Հայաստանի քաղաքական դաշտի այս փոփոխությունների վրա ազդեցություն են ունեցել նաև արտաքին ճնշումները: Անգամ որոշ լրատվամիջոցների տեղեկացմամբ` արդեն քանի ամիս է` Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի միջնորդությամբ գաղտնի բանակցություններ էին ընթանում ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի միջև: Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի իր ելույթը սկսեց` հիշեցնելով ԵԽԽՎ-ի և ԱՄՆ-ի` Հայաստանին հասցեագրված նկատառումները ժողովրդավարության հետընթացի առնչությամբ, որի հետևանքով Հայաստանը նաև զրկվեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով տրվող ֆինանսավորումից: Ավելին` հենց նույն օրերին Հայաստան ժամանեցին և՛ ամերիկացի, և՛ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք, ի թիվս այլ հարցերի, ընդդիմության և իշխանության հետ խոսել են նաև Հայաստանի ներքաղաքական խնդիրների շուրջ: Եվ այդ մասին բացահայտ ասված է հանդիպումների մասին մամլո հաղորդագրություններում:
Քաղաքական մյուս ուժերի արձագանքը: Բնակաբար, ՀԱԿ-ՀՀԿ հարաբերությունները չեն կարող լուրջ անհանգստություն չառաջացնել և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական դաշտի մյուս ուժերի շրջանում: Ըստ էության, Սերժ Սարգսյանը խախտեց կոալիցիոն հուշագրի «ոգին»` փաստացի ԲՀԿ-ին մղելով երկրորդ պլան, հետևաբար լիովին սպասելի է, որ ԲՀԿ-ն կրկին վերադարձավ մինչհուշագրային քաղաքանությանը` հայտարարելով, որ ընտրություններին մասնակցելու է սեփական թեկնածուներով, առանց որևէ ուժի հետ համագործակցության: Իհարկե, այս ամենը դեռևս ասվել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի շուրթերով, բայց փաստ է, որ սա միայն առաջին արձագանքն էր, բողոքը իրեն քաղաքական գործընթացներից դուրս թողնելու փորձի դեմ:
Որոշ արձագանք եղավ նաև ընդդիմադիր ուժերի կողմից: Ակտիվացան խոսակցությունները, թե երրորդ ուժի ստեղծման անհրաժեշտություն կա, մանավանդ որ Լևոն Տեր-Պետրոսյանը «դավաճանեց» ժողովրդին ու չպաշտպանեց նրա արդար պահանջները:
Այսպիսով, քաղաքական դաշտի այս նոր վերաձևումները խոստանում են նոր ինտրիգներ, սակայն դժվար է ասել` կլինե՞ն արդյոք մոտ ժամանակներս լուրջ քաղաքական տեղաշարժեր, թե ոչ. մինչև մայիս ամսվա ընթացքում իշխանությունն ու ՀԱԿ-ը վերջնական համաձայնության գան երկխոսության շուրջ, կսկսվի ամառային քաղաքականապես պասիվ շրջանը:
Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
