Սնուցե՛ք մաշկը, և այն կշողա

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | August 18, 2009 20:27

img_7016Մաշկն ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սնուցման կարիք: Հատկապես ձմռանը ցուրտն ու վիտամինների սակավությունը բացասական ազդեցություն են թողնում մաշկի վրա, ուստի գարնանն ու ամռանը մաշկը պետք է վերականգնել՝ լրացնելով այդ պակասը թարմ մրգերի, հատապտուղների բանջարեղենի բաղադրությամբ դիմակներով:

Սակայն նախքան դիմակներ պատրաստելը, նախ պետք է ճշտել մաշկի տեսակը` յուղոտ է, չոր, նորմալ, թե խառը, ապա ընտրել համապատասխան դիմակ:
Մի քանի խորհուրդ, թե ինչ է հարկավոր անել դիմակներ դնելուց առաջ:

Առաջին հերթին պետք է դեմքը լավ լվանալ ու չորացնել: Դիմակները պետք է օգտագործել պատրաստելուց անմիջապես հետո:
Չոր և նորմալ դեմքին դիմակ դնելուց առաջ անհրաժեշտ է դեմքին նախապես փափկեցնող քսուք քսել: Անհրաժեշտ է թուլանալ ու հանգստանալ, իսկ դեմքը պահել անշարժ վիճակում: Որպեսզի դիմակը լինի հնարավորինս էֆեկտիվ, պետք է պրոցեդուրայից առաջ թեթևակի մերսել դեմքը, իսկ դիմակը քսել մերսման գծերով` պարանոցից դեպի քունքերը, վերին շրթունքից դեպի ականջի բլթակները, քթից դեպի քունքերը:

Քսուքը դեմքին քսելուց անպայման պետք է շրջանցել աչքերը: Կարելի է աչքերը փակել վարունգի կլոր շերտով կամ բամբակով: Խորհուրդ չի տրվում դիմակը դեմքի վրա պահել 20 րոպեից ավել: Դիմակը պետք է մաքրել տաք ջրով, ապա լոսյոնով կամ սառը ջրով դեմքը շփել, իսկ վերջում մաշկի տեսակին համապատասխան քսուք քսել:
Նորմալ մաշկին սնուցող դիմակը բավական է երկու շաբաթը մեկ անգամ, մեծ տարիքում՝ շաբաթը մեկ անգամ, իսկ չոր մաշկի դեպքում` ավելի հաճախ:

Չոր մաշկի համար դիմակ պատրաստելիս բաղադրության մեջ կարելի է ավելացնել բուսական յուղ, թթվասեր, սերուցք, իսկ յուղոտ մաշկի դեպքում օգտակար են մրգերի, հատապտուղների, բանջարեղենի պարունակությամբ թթուներով դիմակները:
Զգայուն մաշկի համար ամենաէֆեկտիվը համարվում են ձվի դեղնուցով դիմակները, քանի որ նրանք պարունակում են մաշկի համար օգտակար մի շարք վիտամիններ:

Սնուցող դիմակներ.
Մեկ ձվի դեղնուցը խառնել մեկ ճաշի գդալ զեյթունի ձեթի հետ, ավելացնել մի փոքր լիմոնի հյութ, կամ ձվի դեղնուցն ու զեյթունի ձեթը խառնել մեկ թեյի գդալ մեղրի հետ, քսել դեմքին, թողնել 20 րոպե և լվանալ: Դիմակը մաշկը դարձնում է առաձգական ու թարմ:
Եթե մաշկը չափազանց զգայուն է, կարմիր ու կոշտացած, ապա օգտակար են կարտոֆիլի բաղադրությամբ դիմակները:

Խաշած կարտոֆիլը խառնել կաթի և դեղնուցի հետ, քսել դեմքին, 15-20 րոպե անց մաքրել: Դիմակից հետո մաշկը ձգվում է, դառնում հարթ ու նուրբ, իսկ կնճիռները վերանում են:
3 թեյի գդալ կաթնաշոռը և 1 թեյի գդալ մեղրը խառնել իրար, քսել դեմքին, 15-20 րոպե անց լվանալ: Մաքրել սառը կաթով թրջած բամբակի միջոցով:
Վարունգի կեղևը 20 րոպե դնել դեմքին: Պետք չէ դեմքը լվանալ:

Լավ մանրեցված խնձորին ավելացնել 2 ճաշի գդալ անյուղ կաթնաշոռ, լավ խառնել, քսել դեմքին, 20 րոպեից լվանալ:
1 ճաշի գդալ թթվասերը խառնել մեկ ճաշի գդալ ցանկացած տեսակի մանրեցված մրգի կամ հատապտուղի հետ, քսել դեմքին և 20 րոպե անց մաքրել տաք ջրով:
2 ճաշի գդալ կաթնաշոռը խառնել մեկ ձվի դեղնուցի հետ, ավելացնել մի քանի կաթիլ ջրածնի երկօքսիդ: Քսել դեմքին, 20 րոպե հետո լվանալ տաք ջրով:

img_7018Փափկեցնող դիմակներ

Չոր մաշկը փափկեցնելու հիանալի միջոց է վարսակը:
Երկու ճաշի գդալ վարսակի փաթիլները կաթով եփել մինչև միասեռ զանգված դառնալը, մի քիչ սառեցնել, ավելացնել մեկ թեյի գդալ մեղր: Դիմակը պետք է դեմքին քսել տաք վիճակում` պահելով մոտ քսան րոպե:
Դեմքի լարվածությունը վերացնում և մաշկը փափկեցնում է նաև կաթնաշոռով դիմակը:
Երկու թեյի գդալ կաթնաշոռը խառնել մեկ թեյի գդալ մեղրի հետ: Եթե կաթնաշոռը չոր է, ավելացնել մի քիչ սերուցք: Դեմքի գույնը թարմեցնելու համար ավելացնել նաև մեկ ճաշի գդալ գազարի թարմ հյութ:

Որպեսզի հասկանաք, թե հատկապես որ դիմակն է ձեր մաշկի վրա ավելի դրական ազդեցություն գործում, պետք է պարզապես փորձել դրանք:
Պրոբլեմատիկ մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում մաշկի խնամքն իրականացնել բժիշկ-կոսմետոլոգի հսկողությամբ, քանի որ զգայուն մաշկին բնական դիմակները կարող են ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ:
Եվ հիշեք, որ մաշկի համար առաջին հերթին կարևոր է ներքին սնուցումը. որքան հարուստ է սնունդն ամինաթթուներով ու վիտամիններով, այնքան առողջ, թարմ ու գեղեցիկ է մաշկը:

Դիտվել է 10890 անգամ:
Print Friendly

Leave a Reply