«Ես սիրում եմ իմ դպրոցը»,- ասում են մուլտհերոսներ Նարեկն ու Անին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 4, 2011 15:39
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Ես սիրում եմ իմ դպրոցը» սոցիալական  տեսահոլովակների շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Ռոբերտ Սահակյանց ստուդիայի» տնօրեն Դավիթ Սահակյանցը և «Փի Արտ» ասոցիացիայի տնօրեն Կարեն Քոչարյանը:
Նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով սոցիալական տեսահոլովակների գաղափարը, նշել է. «Սոցիալական գովազդի այս տեսահոլովակները  վերաբերում են կրթությանը, մասնավորապես   դպրոցին: Տեսահոլովակների նպատակն է նպաստել հասարակության մեջ դպրոցների նկատմամբ նոր վերաբերմունքի ձևավորմանը:   Լրատվական հոսքերում կրթության և գիտելիքի արժևորման անհրաժեշտությունը և կարևորությունը  վաղուց է բարձրացվել  թե կառավարության, թե հանրային խորհրդի, թե ազգային ժողովի կողմից: Գիտելիքի ու կրթության այս քարոզարշավը կիրականացվի ինչպես հեռուստաընկերությունների, այնպես էլ տպագիր մամուլի և գովազդային վահանակների միջոցով: Քարոզարշավի հիմնական  իմաստն է դպրոցը հասարակության համար դարձնել արժեքային համակարգի կարևոր մաս»:
«Ռոբերտ Սահակյանց ստուդիայի» տնօրեն Դավիթ Սահակյանցը և «Փի Արտ» ասոցիացիայի տնօրեն Կարեն Քոչարյանը ներկայացրել են տեսահոլովակների պատրաստման գործընթացը և նշել, որ հնարավորինս հաշվի են առնվել ժամանակակից հեռուստատեսության պահանջներն ու թիրախային խմբերի տարիքային  առանձնահատկությունները: Նրանք հույս են հայտնել, որ սոցիալական գովազների հերոսները՝  Նարեկն ու Անին կընդունվեն իրենց հասակակիցների կողմից:
Շնորհանդեսի ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ նամակով դիմելու է բոլոր հեռուստաընկերությունների ղեկավարներին սոցիալական գովազդների հեռարձակման և շարունակական համագործակցության առաջարկով:
Դիտվել է 2056 անգամ:
Print Friendly

Leave a Reply