Այս տարի 1209 դիմորդները կպայքարեն շուրջ 21 հազար ուսանողական տեղերի համար

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 4, 2011 13:33

Հունիսի մեկին այս տարվա 1209 դիմորդների համար կմեկնարկեն միասնական քննությունները: Քննաշրջանի առաջին օրը ՀՀ 11 և ԼՂՀ մեկ քննական կենտրոններում  դիմորդները քննություն կհանձնեն քիմիա և ռուսերեն առարկաներից:

Չնայած այս տարի դպրոցներում շրջանավարտներ չկան, սակայն բուհերում նախորդ տարիների պես ընդունելություն է կազմակերպվելու: Կառավարությունն էլ բուհերին հատկացրել է շուրջ 21 հազար ուսանողական տեղ` 2482 անվճար և  18 500 վճարովի:  ԳԹԿ մշակումների և կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանն ասում է, որ այս տարի բուհ կընդունվեն բոլոր դրական ստացողները, սակայն դրական միավորի շեմը կմնա նույնը` 7,5: Նրա խոսքով` այս տարի քննություններն այդքան էլ հեշտ չեն լինելու, ինչպես հանրությունն է կարծում. «Բոլոր քննական կենտրոններում քննության ընթացքը վերահսկելու են ԳԹԿ աշխատակիցները»:

Դիմորդների միջին տարիքն այս տարի 19 է: Կա անգամ 46 տարեկան դիմորդ: Շուրջ 60 դիմորդ էլ դպրոցն ավարտել է մինչ 2000 թվականը:  ԳԹԿ ներկայացուցիչն ասում է, որ դիմորդները հիմնականում կողմնորոշված են և հստակ գիտեն, թե ինչ մասնագիտություն են ուզում ստանալ, չնայած քիչ չեն նաև մարդիկ, ովքեր քննական հայտում նշել են տարբեր մասնագիտությունների հետ կապ ունեցող առարկաներ, ինչպես Հայոց լեզու և գրականություն, Հայոց Պատմություն, Անգլերեն, Ֆիզիկա, Քիմիա, Մաթեմատիկա և այլն:

Քննական կարգում  որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել. նախ այս տարի 28 պետական բուհերի դիմորդների հետ միասնական քննություն են հանձնելու նաև շուրջ 40 մասնավոր բուհերի դիմորդներ: Բացի այդ` բուհական դիմում հայտում այժմ շրջանավարտները կարող են նշել 2 անվճար և 8 վճարովի հայտ` նախկին 2 անվճարի և 6 վճարովիի փոխարեն:  Այս տարի հանրապետական ընդունող հանձնաժողովում ընդգրկվեն նաև ներկայացուցիչներ մասնավոր բուհերից:

Իսկ դիմորդները գործերը բուհեր պետք է ներկայացնեն մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածը: Բացառություն են կազմում այս գարնանը բանակից զորացրվածները և ներքին ու արտաքին սփյուռքի ներկայացուցիչները, որոնց համար դիմում հայտերի ընդունելության 2-րդ փուլ կիրականացվի հունիսի 24-ից մինչև հուլիսի 2-ը:

Նասիբյանն ասում է, որ չնայած այս տարի քննության հայտ է ներկայացրել ընդամենրը 1209 շրջանավարտ, սակայն դիմորդների թիվն անհամեմատ ավելի շատ կլինի, քանի որ ըստ գործող կարգի` անցած տարի քննություն հանձնած և սերտիֆիկատ ստացած անձինք այս տարի կարող են առանց քննությունների մասնակցել մրցույթին. «Բուհերից բազմաթիվ ուսանողներ են դուրս մնացել, կամ գուցե հասկացել են, որ սխալ մասնագիտություն են ընտրել, կամ այլ բուհում են ուզում սովորել»:

Էքստեռն քննություն հանձնած շրջանավարտներ բուհական ընդունելության առաջին փուլին, ըստ Նասիբյանի, չեն մասնակցում: Սակայն հունիսին շուրջ 120-130 շրջանավարտների համար Երևանում կկազմակերպվի էքստեռն քննություն, որին կարող են մասնակցել միայն այն անձինք, ովքեր առնվազն 3 տարի առաջ ավարտել են հիմնական դպրոցը և ստացել վկայական (այսինքն այն անձինք, ովքեր ավագ դպրոցում կրթությունը չեն շարունակել, սակայն հիմա ուզում են ատեստատ ստանալ):

Դիտվել է 1775 անգամ:
Print Friendly

Leave a Reply