Արմենչիկը եկեղեցական ճարտարապետությունում. մասնագետները Սուրբ Աննան որակում են որպես ռաբիս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | May 4, 2011 12:22

Մոտ մեկ ամիս է, ինչ հանրության ուշադրությունը սևեռված է Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ընթացող շինարարությանը:

Բարերարներ Հրայր և Աննա Հովնանյանների ֆինանսական աջակցությամբ  այս տարածքում կառուցվում է կաթողիկոսական նստավայր և Սուրբ Աննա մեծ եկեղեցի:

Յուրաքանչյուր երևանցի գիտի, որ Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում մինչև 2008 թ. կանգնած էր գիտությունների ակադեմիայի հին շենքը, որ ավելի շատ հայտնի էր որպես լեզվի ինստիտուտ: Այն կառուցվել է 1938 թ. և ի սկզբանե նախատեսված է եղել որպես դպրոց,  նախագծի հեղինակը Աննա Տեր-Ավետիքյանն է, որն, ի դեպ, 103 տարեկան է և կենդանի է:

2003 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խնդրանքով և կառավարության որոշմամբ այդ տարածքն անհատույց օտարվել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին՝ կաթողիկոսական նստավայր և եկեղեցի կառուցելու համար: Լեզվի ինստիտուտի շենքի ապամոնտաժումը, որը չի մտել պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկ, և հետևաբար որևէ խոչընդոտ չի եղել, թույլ է տվել Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Նա պատճառաբանել է, որ 1972 թ. հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով և 1981 թ. Երևանի կենտրոնի մանրամասն հատակագծման նախագծով դա պետք է ապամոնտաժվեր:

Հողօրհնեքի ծիսակատարությունը եղել է 2009 թ., իսկ համալիրի համար առաջարկվել է ճարտարապետ Հրաչ Պողոսյանի նախագիծը:

«Անկախի» աղբյուրը, որ քաջատեղյակ ճարտարապետ է և լավ ծանոթ է բոլոր նախագծերին, ասում է, որ այդ նախագիծն այնքան էլ չի հավանել, սակայն ճարտարապետական առումով այն գրագետ է: «Այդ տարածքում ես  մեծ եկեղեցի չեմ տեսնում,- իր տեսակետն է հայտնում նա,- բայց փաստն այն է, որ բարերարն այնտեղ ուզում է մեծ եկեղեցի տեսնել, և տվյալ դեպքում մեղավորը ոչ թե հասարակությունն  է, ճարտարապետները կամ Մայր Աթոռը, այլ բարերարը: Իսկ բարերարները դա շատ լավ շահարկում են»:

«Անկախի» աղբյուրն ասում է, որ պետք է փոխել վերաբերմունքը բարերարների նկատմամբ և վիզը ծուռ չնայել այն մտավախությամբ, որ նա կարող է թողնել ու գնալ:

Իսկ պարոն Հովնանյանը, որ ԱՄՆ քաղաքացի է և պարտաճանաչ ենթարկվում է իր երկրի օրենքներին, Հայաստանում պարտադրում է իր ճաշակը`  զանց առնելով մասնագետների կարծիքը:

Մի բարերար էլ, որի անունը Մայր Աթոռն այդպես էլ չբարձրաձայնեց, եկեղեցի էր ուզում Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում: Հիմա ի՞նչ: Միգուցե նրանք վաղն էլ հրապարակում կամ օպերայի տեղում «ուզենան» եկեղեցի տեսնել: Հայտնի է` ով վճարում է, նա էլ պատվիրում է  երաժշտությունը:

Քանի որ տարածքը Մայր Աթոռինն է, իսկ բարերարը` Հովնանյանը, կարելի է ենթադրել, որ իրերի  նման դրության պարագայում խոսք անգամ չի կարող լինել մրցույթի մասին:

Ճարտարապետ Արեգ Ասատրյանը, որ բնակվում է ԱՄՆ-ում և լավ ծանոթ է ճարտարապետության ամերիկյան փորձին, «Անկախին» ասում է , որ այդ մտածողությունը  տոտալիտար երկրի մնացուկ է. այդպես եղել է խորհրդային ժամանակներում, բայց չպետք է լինի հիմա, քանի որ Հայաստանը ձգտում է գնալ ազատ շուկայական հարաբերությունների:

«Այդ տարածքն իրենն է, բայց քաղաքը` ոչ, և սա է նման հարցերի կարգավորման սահմանագիծը,- մեկնաբանում է  նա,-  իսկ քաղաքի բնակիչները ինչ-որ մեկին նման լիազորություններ տվե՞լ են»:

Ըստ նրա` յուրաքանչյուր երկրում, կախված ազգային, պատմական և մշակութային առանձնահատկություններից, մշակվում  են սեփական մեխանիզմները:

«Նյու Յորքում դա կոչվում է Community board և քաղաքի որոշակի հատվածներում, որտեղ պատմամշակութային շերտը թելադրող է, նախագիծը պետք է հաստատվի այդ թաղի մարդկանցից կազմված ժողովում,- ասում է նա,- իսկ Հայաստանում ոչ մի մեխանիզմ էլ չկա, ուղղակի ինքնահոսով  գործում են սովետի ժամանակ ստեղծված մեխանիզմները»:

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ Մելիքյանն «Անկախին» ասաց, որ եկեղեցու պարագայում այդ կարգի հարցերը քննարկվում են Մայր Աթոռի ճարտարապետական բաժնում:

«Անկախի» աղբյուրը, մեկնաբանելով եկեղեցու դիրքորոշումը, ասում է , որ Մայր Աթոռը դիմում է  ճարտարապետներին, որոնց ներկայացրած նախագծերն էլ ընտրում է բարերարը:

Հրաչ Պողոսյանը համարվում է Հովնանյանների նախընտրած ճարտարապետը, սակայն ամերիկահայ բարերարը, առաջնորդվելով հայրենաբաղձ նկատառումներով, նախընտրել է մեկ այլ նախագիծ, որը ճարտարապետները որակում են Երևան քաղաքի ամոթ և խայտառակություն:

«Դա ահավոր անթույլատրելի նախագիծ է,- ասում է «Անկախի» աղբյուրը,- ճիշտ է, Երևանում նման բաներ շատ են արվում, բայց Կաթողիկեի մոտ` կենտրոնում, օտարները կնայեն և կմտածեն, որ մենք գրագետ ճարտարապետություն չունենք»:

Նրա կարծիքով` դա  50-ական թվականների ակումբագրադարանային ոճ  է` գյուղական մշակութային տներին բնորոշ սյուներով գավառական թամանյանիզմ. «Դա ճարտարապետական ռաբիս է` Արմենչիկը ճարտարապետությունում, իսկ եկեղեցու մեջ ինչ ասես, որ չկա. տարբեր մշակույթների էկլետիկա է»:

Մեկ այլ ճարտարապետ`  Արսեն Կարապետյանը,  «Անկախին» ասում է, որ այդ համալիրը կարելի էր  կառուցել անապատում, ժայռի գլխին կամ ցանկացած այլ տեղ:

«Որովհետև միջավայրի հետ որևէ կապ չկա, և նախագիծը չի պատասխանում մի շարք հարցերի,- ասում էնա,-  Քաղաքաշինական հանգուցալուծումները սխալ են արված: Անհասկանալի է, թե հին եկեղեցին նորի և ամբողջ միջավայրի հետ ինչպես է հարաբերակցվում»:

«Չիլինգարյան դիզայն քնսթրաքշն» ընկերությունը, որը զբաղվում է Ս. Աննայի հոգևոր համալիրի շինարարական աշխատանքներով, արձագանքել է հանրության վրդովմունքին և հաղոդրագրություն է տարածել, որ նոր եկեղեցական համալիրի կառուցումը չի փչացնի Սուրբ Կաթողիկե եկեղեցու տեսքը: «Հաշվի են առնված եկեղեցիների տարածքներին բնորոշ բոլոր առանձնահատկությունները, ներառյալ` այն փաստը, որ եկեղեցին կառուցվել է նախկին սրբավայրի հիմքի վրա»,- նշել է ընկերության տնօրեն  Գարիկ Չիլինգարյանը:

Հին Երևանի Շանհար թաղում կանգնած Կաթողիկե սուրբ Աստվածածին եկեղեցին թվագրվում է XIII դարով, իսկ XVII դարում այստեղ կառուցվում է մեծ եկեղեցի՝ Կաթողիկեն, որի խորաններից մեկում էլ թաքնված է եղել ներկա Կաթողիկեն: 1936 թ., երբ խորհրդային իշխանությունները մեծ եկեղեցին քանդում են, խորաններից մեկում երևում է Սուրբ Աստվածածինը, որը շարունակում է կրել Կաթողիկեի անունը:

Համալիրի նախագծի հեղինակը երիտասարդ ճարտարապետ Վահագն Մովսիսյանն է: «Անկախի» աղբյուրն ասում է, որ Վեհափառ Հայրապետը չափազանց նախանձախնդիր է նման հարցերում և չէր վստահի երիտասարդ ու անփորձ ճարտարապետի: «Պարզապես այդ նախագիծը ընտրել է Հովնանյանը, և ամենայն հավանականությամբ, ինչ-որ մեկը, որի անունը չեն ասում, կուրատորություն է  անում այս ողջ գործընթացին»,-ասում է նա:

Այդ նախագիծն ընդհանրապես հայտնի չէ լայն հանրությանը, օրերս միայն դրա օրինակը հայտնվեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ մի խումբ ճարտարապետներ և քաղաքի ցավով ապրող մարդիկ քննարկում են իրավիճակը:

Իսկ ապրիլի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ վեհափառի հանդիսապետությամբ այդ բակում կատարվեց  կառուցվող Ս. Աննա եկեղեցու հիմնարկեքի  արարողությունը: Ու թեպետ տեր Վահրամ Մելիքյանն «Անկախին» ասաց, որ ծիսակատարության համար անհրաժեշտ ամեն ինչ պատրաստ էր, սակայն ֆեյսբուքյան խմբի ակտիվիստ  ճարտարապետներից մեկը գրում է. «Ակնհայտ է, որ մասնագիտական և եկեղեցական մարմինների կողմից ըստ էության մերժված նախագծի շահագրգիռ «քավորները» խուճապային իրավիճակում են և շտապում են օր առաջ հիմքերի օրհնությամբ «օրինականացնել» ու անշրջելի դարձնել անօրինական նախագծի իրականացումը»:

Նա գրում է, որ եկեղեցու հիմնարկեքի ժամանակ 16 խաչազարդ  քարասալերը օրհնվում և դրվում են եկեղեցու չորս անկյուններում` գմբեթակիր չորս սյուներում (կամ դրանց համարժեք մասերում), խորանի երկու կողմում և մուտքերի երկու կողմում, մինչդեռ հիմա փորված է ընդամենը կառույցի փոսորակը:

Հանրության ստվար մի հատված էլ աղմուկ է բարձրացրել, որ հիմքերը փորելու ժամանակ կարասներ են գտնվել: Ապրիլի 1-ին հայտնաբերվել են նախկին եկեղեցու երեք հիմնաքար, պատի մեջ ներկառուցված  խաչքար, բազիլիկի պատի մի դրվագ և երեք կարաս:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն  Գագիկ Սարգսյանն «Անկախին» ասում է, որ եկեղեցին կարասների հետ որևէ կապ չունի, և այդ մասին դժվար է ինչ-որ բան ասելը: «Կարասների վրա որևէ հետք կամ նախշ չկա, որոնցով կարելի լիներ ինչ-որ բան ասել, ամենայն հավանականությամբ դրանք XVI-XVII դարի են»:

Սարգսյանի խոսքով՝ գտածոները Էրեբունու պատմության  թանգարանում են, որտեղ վերամշակվելուց հետո միգուցե հնարավոր լինի պարզել տարիքը: Նա ասում է, որ այդ տեղի մշակութային շերտերի մասին որևէ պատմագրական տեղեկություն չկա. «Հնարավոր է, որ նախքան եկեղեցին կառուցելն այդտեղ մառան է եղել, իսկ ես հաճախակի լինում եմ այնտեղ և հսկում ընթացքը»:

«Անկախի» աղբյուրն ասում է, որ այդ կարասներն այնքան էլ էական չեն, էականն այն է, որ Կաթողիկեն խրված է հողի մեջ. եկեղեցի մուտք գործելու համար իջնում ես:

«Պետք էր բակն իջեցնել. փորելուց հետո  երևաց մի քանի շերտ ասֆալտ,- ասում է նա,- այդպես դարերի ընթացքում պատահում է, բայց եթե դու այդքան կարևորում ես Կաթողիկեն, ուրեմն պիտի այն շահես, փայփայես, փայլեցնես, իսկ շինարարներն ասում են, որ մենք Կաթողիկեի հետ գործ չունենք»:

Այս ամբողջ իրարամերժ  շղթայի մեջ ուշադրությունից դուրս է մնացել Երևանում կաթողիկոսական նստավայր կառուցելու հարցը: Մինչդեռ շարքային էջմիածնեցու համար իր քաղաքը Հայաստանի մնացած քաղաքներից կարևոր է համայն հայության կրոնական կենտրոնը լինելու գիտակցությամբ:

Տեր Վահրամ Մելիքյանն «Անկախին» հավաստիացրեց, որ դրանով Էջմիածնի դերը բնավ չի նսեմացվում: «Մայր Աթոռը պետական և այլ կառույցների հետ որոշակի հարցեր քննարկելու և հանդիպումների անհրաժեշտություն է ունենում, որը նպատակահարմար է անել Երևանում,- ասաց նա,- բացի այդ, որոշ մարդիկ կան, որոնց համար դժվար կլինի գալ Էջմիածին, և վեհափառը նրանց կհանդիպի Երևանում»:

Իսկ այդ ո/ր մարդիկ են, որոնք չեն  կարող գնալ Էջմիածին, և Ամենայն Հայոց կաթողիկոսը պետք է գա նրանց հետ հանդիպման: «Կաթողիկոսը չի գնում նրանց մոտ, այլ նրանք գալիս են կաթողիկոսական նստավայր»,- ասաց տեր Վահրամը:

Դիտվել է 4675 անգամ:
Print Friendly

Leave a Reply