Նախագահների տիկնայք ստորագրեցին Թեղուտի հանքի շահագործման դեմ ուղղված բողոքի տակ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 3, 2009 18:41

tiknayqՀանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանը երեկ Հաղթանակ զբոսայգում ստորագրել են Թեղուտի հանքերի շահագործման դեմ ուղղված բողոքի տակ: Ստորագրահավաքը կազմակերպել էր «Էկոդար» բնապահպանական կազմակերպությունը:

Ռոբերտ Քոչարյանի օրոք Թեղուտի հանքավայրի օգտագործման մասին ընդունված որոշմանը հավանություն տվեց նաև 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով դեռևս վարչապետ եղած ժամանակ հանքավայրի շահագործման մեկնարկին այցելել էր Թեղուտ և, ի պատասխան լրագրողների հարցերի, ասել, որ բոլոր տեսակի հանքավայրերի շահագործումն էլ ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա, բայց ընկերությունն իր վրա պատասխանատվություն է վերցրել: «Կարծում եմ` անհանգստանալու առիթ չկա, քանի որ ՀՀ կառավարության որոշման մեջ հստակ ամրագրված են խաղի կանոնները, եւ մենք` որպես կառավարություն, մշտապես վերահսկելու ենք այս երկրորդ կողմը»,-հայտարարել էր Սարգսյանը:

«Էկոդար»-ի նախագահ Հրայր Սավզյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց, որ հավաքվել է 4-5000 ստորագրություն, որը փոխանցելու են Հանրապետության նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին:

Թեղուտի անտառների պաշտպանության նախաձեռնող խումբը փաստաբան Հայկ Ալումյանի օգնությամբ պատրաստվում է դատական հայցով դիմել վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել 2001թ.-ից կառավարության և տարբեր իրավասու մարմինների կողմից ստորագրված ներպետական և միջազգային վարչական ակտերը:

«Մենք նման ենք մարդու, ով իր տունը տաքացնելու համար պատրաստ է վառվել»,- ասում է փաստաբանը:

ԱԺ պատգամավոր, Ժառանգություն խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն էլ հավելեց, որ պատրաստվում է ստորագրությունները ներկայացնել Եվրոպայի Խորհրդի` հունիս ամսին կազմակերպվելիք վեհաժողովում, որի ընթացքում պետք է քննարկվի Հայաստանի հարցը:

mhm22296-copy-1«Եթե շահագործվի Թեղուտը, կշահագործվի նաև ուրանի հանքավայրը,-ասում է «Transparensy international» հակակոռուպցիոն հ/կ կազամակերպության ներկայացուցիչ Սոնա Այվազյանը,- Չպետք է մոռանալ նաև անդրսահմանային Դեբեդ գետի մասին. այն միանշանակ կաղտոտվի, կվերանան Կարմիր գրքում գրանցված մի շարք կենդանիներ ու բույսեր»:

«Armenian Copper Program» («ԷյՍիՓի») ընկերության 2007թ.-ի աշխատանքային նախագծի համաձայն` Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար պետք է հատվի 357,16 հա անտառ, որի փայտանյութի ծավալը կկազմի 57,7 հազար խմ: Ըստ Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի հաշվարկների` հատվելու են մինչեւ 40-45 աստիճան թեքության լանջերին աճած 170 հազարից ավելի ծառեր, որոնց մեջ կան նաեւ եզակի համարվող ընկուզենի, խնձորենի, տանձենի, որոնց արժեքն ընկերությունը հաշվել է վառելափայտի գնով, ինչը մոտ 10-20 անգամ ցածր է իրական արժեքից:

Բացի այդ, ՀՀ Անտառային օրենսգիրքը սահմանում է, որ 30 աստիճան թեքություն ունեցող լանջերով անտառները համարվում են պաշտպանական, հետեւաբար արգելվում են հատումները: Թեղուտի անտառներում կան 55 հազար հազվագյուտ եւ 45 հազար արժեքավոր ծառեր, ինչպես նաեւ Կարմիր գրքում գրանցված բույսեր ու կենդանատեսակներ:

Ըստ աշխատանքային նախագծի` նախատեսվում է պոչամբար կառուցել տարածքում գտնվող Պակասաջուր գետի հովտում, այն իր ենթակառույցներով կզբաղեցնի 170-180 հա տարածք: Հակոբ Սանասարյանը մտահոգված է նաև պոչամբարի համար տեղանքի ընտրությամբ, ինչը, նրա կարծիքով, կարող է սողանքներ ու փլուզումներ առաջ բերել:

Ինչպես նաև իրական մտավախություն կա, որ պղնձի, մոլիբդենի, ծծմբի, մկնդեղի, կապարի, ցինկի և այլ թունավոր մետաղների ներթափանցումը հողային, ջրային և օդային ավազան վնաս կհասցնի շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը: «Նախատեսվող պոչամբարի տեղանքը գտնվում է բնակավայրերից բարձրադիր վայրում, բարձր թեքությունների վրա և գետի հունում: Թվարկվածներից յուրաքանչյուրն արդեն բացառում է այդ վայրում պոչամբարի կառուցումը».նշված է Կանաչների միության վերլուծության մեջ:

«Վալեքս գրուպ»-ի մեջ ընդգրկված «ԷյՍիՓի» ՓԲԸ-ին տրամադրվել է 1970 հա տարածք, որից 1589,6-ը` անտառային ֆոնդի, իսկ 380,4-ը համայնքային հողեր են: («ԷյՍիՓի» ընկերության բաժնետոմսերի 81 տոկոսը պատկանում է Լիխտենշտեյնում գրանցված Valex F.M. Establishment ընկերությանը, իսկ 19 տոկոսը` ռուսաստանաբնակ գործարար Վալերի Մեժլումյանին):

2008 թ.-ի մայիսի 27-ին Հայաստանի կառավարությունում ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ստորագրեցին վարկային համաձայնագիր, ըստ որի` Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար տրամադրվեց 249.5 մլն դոլար ծավալով վարկ, որի հետ կապված խնդիրներ առաջացան ֆինանսական ճգնաժամի պատճառով: Արդյունքում` Թեղուտում սկսած աշխատանքները դադարեցրին:

picture-314-copy-1Այս տարվա ապրիլին կայացած մամլո ասուլիսի ժամանակ, սակայն, նախագահ Ս. Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ ընկերությունն ի վիճակի է կոմբինատը գործարկել նախատեսված ժամկետներում: «Որքանով տեղյակ եմ, այս օրերին ձեռնարկության սեփականատերը շատ ինտենսիվ բանակցություններ է վարում համապատասխան բանկի հետ, որպեսզի կարողանա ներգրավել միջոցներ, առանց որի անհնար է գործարկումը»,-ասաց Սարգսյանը:

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման և Հայաստանի տարածքում լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության գործարքի մասնակիցների ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 275 մլն դոլար: ՎՏԲ-ի մասնակցությունը ծրագրի ֆինանսավորմանը նախատեսվում էր մինչև 12 տարի:

«ACP» ընկերության ներկայացուցիչ Վահրամ Ավագյանը, ով ներկա էր ասուլիսին որպես դիտորդ, վերացական համարեց հայցադիմումի փաստը` ասելով, որ Ալումյանը վարչական ակտի խախտման որևէ կոնկրետ օրինակ չբերեց: Նա հերքեց նաև Կարմիր գրքում գրանցված կենդանիներին ոչնչացնելու փաստը. «Անտառահատումն իրականացվելու է տարեկան բաժին ընկնող մակերեսներով. այսինքն`օրական չի գերազանցելու 250 քմ-ն»:

Թեղուտի անտառների պաշտպանության նախաձեռնող խումբը հունիսի 5-ին` շրջակա միջավայրի պաշտպանության օրը, նախատեսում է երթ կազմակերպել:

Քրիստինե Վարդանյան
Արփի Հարությունյան

Դիտվել է 1744 անգամ:
Print Friendly

Leave a Reply