Անմեղության կանխավարկած, կամ ֆուտբոլ` առանց ընդդիմության
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 3, 2011 22:28
Կամա թե ակամա մեր ֆուտբոլային աշխարհի թիվ 1 ընդդիմադիրը Արկադի Անդրիասյանն է, ուստի միանգամայն կանխատեսելի էր «իշխանամետ» զանգվածային լրատվամիջոցների «սև փիառ»-ը նրա հանդեպ` «Արարատ» – «Փյունիկ» հանդիպման ընդմիջմանը արձանագրված միջադեպի կապակցությամբ: Չենք պնդում, թե դա վերևից իջեցված պատվեր էր, բայց լրագրողական համերաշխ հնազանդության նման շքահանդեսը ուժեղի մոտ «աչոկներ հավաքելու» ծառայամիտ ինքնագործունեության տպավորություն է ստեղծում: Որովհետև չի կարող մի կողմը 100%-ով մեղավոր լինել, իսկ մյուսը` անմեղ զոհի խորհրդանիշ:
Տվյալ պարագայում Ա.Անդրիասյանը, գլխավոր մարզչի կարգավիճակում, իր մասնագիտական պարտականություններն էր կատարում` երկրորդ խաղակեսից առաջ ձգտելով հնարավորինս արագ տրիբունայից հանդերձարան հասնել և համապատասխան ցուցումներ տալ «Արարատ»-ին: Իսկ 19 ամյա ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանը, ոչ ճիշտ ժամին հայտնվելով ոչ ճիշտ տեղում, փորձելով կատարել իր մասնագիտական պարտականությունները, փաստացի խոչընդոտել է այդ բանն անելու մեկ ուրիշին: Թե որքանով է դա օրինական, դատեցեք ինքներդ:
Եվս մեկ նկատառում. ՀՖՖ կարգապահական կոմիտեի միաձայն որոշմամբ, խստագույն պատժամիջոցներ սահմանվեցին «Արարատ» ակումբի նկատմամբ, ընդհուպ մինչև Անդրիասյանին ֆուտբոլում անցանկալի անձ ճանաչելու առաջարկը գործկոմին` հիմք ընդունելով չարաբաստիկ հանդիպման տեսուչի զեկուցագիրը: Մինչդեռ Գևորգ Հովհաննիսյանը «դեպքի վայրում» չի եղել և միայն ենթադրյալ տուժողից լսելով է կազմել իր «մեղադրական» եզրակացությունը: Իմացողները գիտեն, որ Արկադի Անդրիասյանը երբևէ չէր իջնի այն մակարդակին, որ հայհոյախոսեր լրագրողին: Այսպես կոչված ծեծկռտուկի վկաներ առ այսօր չկան և չէին էլ կարող լինել, որովհետև հակառակ պարագայում միջադեպին ներկա «Հրազդան» մարզադաշտի անվտանգության ծառայության աշխատակիցները կմիջամտեին` կատարելով իրենց մասնագիտական պարտականությունները£
Ուրիշ խոսակցության թեմա է ֆոտոլրագրողի` հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդին գերկարճ տարածության վրա օպերատիվորեն նկարահանելու օրինականության հարցը:
Իրավական տեսանկյունից Առուշանյանը պետք է պաշտոնական գրությամբ դիմեր «Արարատ» ակումբի մամուլի քարտուղարություն` համապատասխան հավատարմագիր ստանալուց և ժուռնալիստին տարբերակող «բեյջը» կախելուց հետո միայն վերահաստատելով իր գործողությունների թույլատրելիությունը, ինչը չի կատարվելէ` այդ պաշտոնի աթոռը իբր թե թափուր լինելու պատճառաբանությամբ:
Որ «Արարատ»-ի մամուլի քարտուղարը մի անորսալի այլմոլորակային արարած չէ, կարող են վկայակոչել ինչպես այդ պոստում Արա Հակոբյանին նշանակելու հրամանը` խնդրո առարկա հանդիպման նախաշեմին, (ֆեդերացիան պաշտոնապես իրազեկված է նոր նշանակման մասին) այնպես էլ ՀՖՖ հովանու ներքո անցկացված որակավորման սեմինարի ժամանակ նրա ստացած հավաստագիրը: Հիշյալ դասընթացներին մասնակից մյուս ֆուտբոլային ակումբների քարտուղարներից ոմանք անձամբ են ճանաչում տողերիս հեղինակին` թող անհամեստ չհնչի` ոչ անհայտ հեռուստամեկնաբանին, նրան մեկ անգամ ևս տեսան սեմինարի ժամանակ, բայց պարտիզանի համառությամբ լռեցին, երբ ֆուտբոլային մեկնաբան Էդվարդ Քալանթարյանը, «Միստր-Իքս» մամուլի քարտուղարին հետախուզական-որոնողական ակցիայի շրջանակներում, հարազատ «Հ1»-ով քանիցս հարցապնդում կատարեց` ընդհանրապես «Արարատ» ակումբի աշխատակազմը թիրախ դարձրած իր գործընկերներին:
Ի դեպ, եթե հարցը բարոյականության դաշտից տեղափոխենք բուն իրավական հարթություն, որոշակի հստակություն կարող է մտցնել անմեղության կանխավարկածը: ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի համաձայն, «հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, իսկ չփարատված կասկածներն էլ մեկնաբանվում են հոգուտ մեղադրյալի»:
Հիմնվելով գործող բոլոր օրենքներից և իրավական նորմատիվներից ու ակտերից գերակա մեր մայր օրենքի վրա, «Արարատ» ակումբի մամուլի քարտուղարը ՀՖՖ-ին խնդրել էր զերծ մնալ Ա.Անդրիասյանի վերաբերյալ հարցի քննարկումից` մինչ ընթացքի մեջ գտնվող հետաքննության ավարտը` հենց որի արդյունքում էլ կհպարզաբանվի, թե իրականում ինչ է կատարվել և ով է մեղավոր: Ստացված պատասխան պաշտոնական գրության մեջ, սակայն, մեր ֆուտբոլային գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը թեպետև նշում է, որ ՀՖՖ-ն իրավասու չէ քննարկել կամ մեղադրել որևէ սուբյեկտի` կատարված հանցագործության մեջ, բայց ֆեդերացիայի կանոնադրությունը վեր դասելով երկրի հիմնական օրենքից` Սահմանադրությունից, դրա համապատասխան հոդվածի վկայակոչումը անտեղի է համարում և գտնում, որ գերակա օրենքը չի կարող արգելք հանդիսանալ` կանոնակարգերի դրույթների խախտումներ թույլ տված սուբյեկտների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն:
Նման արձագանքը ենթադրել էր, բայց ուզենք թե չուզենք, այստեղ առաջ է գալիս ֆեդերացիայի` երկակի ստանդարտներով առաջնորդվելու իրողությունը: Մասնավորաբար, վերջին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՖՖ նախագահը, ի պատասխան լրագրողին սեռական բնույթի հայհոյանք տալու վերաբերյալ հարցին, խորհուրդ տվեց կոկա-կոլա ըմպել և հանգիստ սպասել դատաքննության ավարտին. մինչդեռ Անդրիասյանի պարագայում «դատավճիռը» հրապարակվում է կանխավ` հոգեբանական անհրաժեշտ ֆոն ստեղծելով կարգապահական կոմիտեի որոշումը գործկոմում քննարկել-հաստատելու նախաշեմին: Ինչևէ, եզրահանգումների իրավունքը վերապահելով ֆուտբոլային աշխարհի մարդկանց և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, բոլորին կոչ ենք անում ֆուտբոլային արդարադատությանը ծառայել «ՖԵՅԵՐ-ՓԼԵՅ»-ի արդար խաղի կանոններով: Իսկ ինչ մնում է մեկ բաժակ ջրում փոթորիկ բարձրացնելուն հակված ենք ենթադրելու, որ երիտասարդ ֆոտոլրագրողը ունի բարձր հովանավորների «տանիք»` հենց որոնք էլ սադրել են այս որոշակիորեն անօրինական աժիոտաժը` առայժմ յուրայինների մեջ մենակ մնացած մեկ անձի դեմ: Համենայնդեպս, այդ համոզմունքին է նաև «Արարատ» ակումբի շահերը ներկայացնող փորձառու փաստաբանը, ըստ որի չկան բավարար ապացույցները Արկադի Անդրիասյանին մեղադրելու համար:
Արա Հակոբյան
ՙԱՐԱՐԱՏ՚ ՖԱ-Ի ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ`
ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ






Facebook
Tweet This
Email This Post
