Երեխաները թունավորվել են սննդից

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 18, 2009 18:14

page1_blog_entry65_1Թունավորումից սուր երիկամային անբավարարություն ստացած 3-ամյա Վահեի և 14-ամյա Ռազմիկի վիճակն այժմ կայուն է։ Այս մասին հայտնեց  Արաբկիր մանկական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժշկուհի Դիանա Դանիելյանը։  Նա հաստատեց, որ երեխաները թունավորվել են սննդից, բայց թե ինչ են կրել դժվարացավ ասել:

Ռազմիկի հայրը կասկած էր հայտնել, որ թունավորման պատճառ կարող է լինել ձմերուկը, քանի որ միակ կասկածելի բանը, որ տղան այդ ընթացքում կերել է, ձմերուկն է:

Ամեն ինչ սկսվել էր սովորական լուծից, որը մի երկու օր անց վերափոխվել էր արյունախառն լուծի:

Տավուշի մարզի Բերդավան և Գանձաքար գյուղերի երկու տղաներին սկզբում տարել են մարզի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ բուժումներ էին ստացել աղիքային ինֆեկցիայի դեմ: Մի քանի օր անց երեխաների մոտ սկսվել էր անմիզություն,  և Ռազմիկին օգոստոսի 8-ին, իսկ Վահեին օգոստոսի 12-ին շտապ տեղափոխել էին Արաբկիր մանկական բժշկական կենտրոն:

«Երեխաներին հիվանդանոց բերեցին ծայրահեղ ծանր վիճակում,-ասում է Դանիելյանը,-երկուսի մոտ էլ երիկամները չէին գործում: Դիալեզի շնորհիվ երեխաների կյանքը հնարավոր եղավ փրկել»:

Բժշկուհու խոսքով, Ռազմիկն արդեն ինքնուրույն կարողանում է միզել, ուստի դիալեզ այլևս չի ստանում:

«Դա մեծ բան է, նշանակում է` Ռազմիկի մոտ ամեն ինչ դեպի լավն է գնում,- հայտնեց նա,-ինչ վերաբերում է Վահեին, ապա նա դեռևս կշարունակի դիալեզ ստանալ»: Վահեն ավելի ուշ էր տեղափոխվել հիվանդանոց։

Բժշկուհին նաև ասաց, որ երեխաների ապաքինումը կարող է տևել մոտ մեկ ամիս, իսկ մինչ այդ նրանք պետք է շարունակեն խիստ հսկողության տակ մնալ:

«Անկախի» թղթակցին հաջողվեց տեսնել Ռազմիկին միջանցքում` սայլակին նստած: Հայրը նրան մի քանի րոպեով զբոսանքի էր հանել: Նա ծիծաղելով ասաց, որ տղան սայլակի վրա իրեն պատկերացնում է «Որոգայթ» սերիալի հերոս բարոնի կերպարում:

Դիտվել է 1785 անգամ:
Print Friendly

Leave a Reply