Այսօր ասթմայի համաշխարհային օրն է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | May 3, 2011 12:37

Յուրաքանչյուր տարի մայիսի առաջին երեքշաբթի օրը նշվում է Ասթմայի համաշխարհային օրը, որը հռչակվել է ԱՀԿ-ի կողմից և անցկացվում է ՙԱսթմայի դեմ գլոբալ նախաձեռնության՚ (Global Initiative for Asthma – GINA) հովանու ներքո: Ամենամյա միջոցառման նպատակն է գրավել ամբողջ աշխարհի հասարակության ուշադրությունը բրոնխիալ ասթմայի (ԲԱ) խնդրին և համատեղ ջանքերով քննարկել դրա լուծման հնարավորությունները:

Առաջին անգամ Ասթմայի համաշխարհային օրը նշվել է 1998 թվականին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում 35 երկրի կողմից` ասթմայի խնդիրներին նվիրված Առաջին համաշխարհային հանդիպման շրջանակներում:

Այս տարի Ասթմայի համաշխարհային օրը անցկացվում է ՙԴու կարող ես վերահսկել քո ասթման՚ նշանաբանով: GINA – ի գործադիր կոմիտեն այն հատուկ է ընտրել, որպեսզի ընդգծի, որ գոյություն ունի ասթմայի արդյունավետ բուժում, ու համապատասխան ախտորոշման, ուսուցման և բուժման պարագայում ԲԱ-ով հիվանդների մեծամասնությունը կարող է հասնել հիվանդության լավ վերահսկման և ապրել լիարժեք, ակտիվ կյանքով:

GINA-ի համաձայն` Ասթմայի կանխարգելման և բուժման գլոբալ ռազմավարությամբ (2010) ասթմայի վերահսկում նշանակում է`

1. ասթմայի ախտանիշներ չկան (կամ նվազագույն են),

2. ասթմայի պատճառով գիշերը չեն արթնանում,

3. ՙՇտապօգնության՚ դեղամիջոցների օգտագործման անհրաժեշտություն չկա (կամ նվազագույն է),

4. սովորական ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ վարժությունների սահմանափակում չկա,

5. թոքերի ֆունկցիաների հետազոտությունների նորմալ (կամ համարյա նորմալ) արդյունքներ,

6. ասթմայի սրացումներ չկան (կամ շատ հազվադեպ են),

7. այսօր աշխարհում մոտավորապես 300 մլն ԲԱ-ով հիվանդ կա,

8. ներկայումս GINA – ն առաջարկում է ասթմայի վերահսկմանը հասնելու և վերահսկման պահպանման ռազմավարությունը, որը ներառում է չորս փոխկապակցված տարրեր`

• բժիշկների և հիվանդների միջև գործընկերական հարաբերությունների զարգացում,

• ռիսկի գործոնների տարբերակում և ազդեցությունից խուսափում,

• վերահսկման սկզբնական մակարդակի գնահատում, համապատասխան բուժում և յուրաքանչյուր հիվանդի մոտ ասթմայի ընթացքի մոնիտորինգ,

• հիվանդների ճիշտ վարում հիվանդության սրացումների ժամանակ:

Այս ռազմավարության համաձայն` հիվանդության վերահսկմանը հասնելու և վերահսկման պահպանման համար ասթմայով հիվանդների վարումն իրականացվում է աստիճանական մոտեցմամբ: Դա նշանակում է, որ դեղամիջոցային բուժումն ուժեղացվում է (մի քայլ վերև), եթե ասթման չի վերահսկվում, և աստիճանաբար նվազեցվում է (մի քայլ ներքև), երբ լավ վերահսկման են հասնում, որից հետո պահպանվում է այդ մակարդակի վրա` վերահսկման պարբերական գնահատմամբ:

Դիտվել է 1229 անգամ:
Print Friendly

Leave a Reply