Կմեկնարկի «Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագիրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 3, 2011 11:50
Մայիսի 4-ին` ժամը 12-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա «Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագրի մեկնարկին նվիրված մամլո ասուլիս: Մասնակցում են Հայաստանում եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Ռումինիայի դեսպան Կրինա Պրունարիուն, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար Աննա Սիմոնյանը:
«Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագրի պաշտոնական մեկնարկին մասնակցելու համար Հայաստան են ժամանել եվրոպացի նկարիչ-մոդելավորողներն ու նորաձևության ոլորտի փորձագետները:
Բրիտանական խորհրդի այս ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը: Այն սկսվելու է միջազգային սեմինարով և վարպետության դասընթացների անցկացմամբ: Մայիսի 4-ից-5-ը հայ մասնագետները սեմինարի ընթացքում եվրոպացի իրենց գործընկերների հետ կքննարկեն նորաձեւության ոլորտում արդի հարցերը: Մայիսի 3-ից-5-ը ծրագրի մասնակից տասը նկարիչ մոդելավորողը կմասնակցեն վարպետության դասընթացների, որից հետո նրանց համար կկազմակերպվի շրջագայություն Հայաստանի մշակութային վայրերում:
Ծրագրի ընթացքում հինգ հայ նկարիչ-մոդելավորող իրենց եվրոպացի հինգ գործընկերոջ հետ կծանոթանան միմյանց երկրների անցյալին ու մշակութային ժառանգությանը նոր գաղափարներ մշակելու և ոգեշնչվելու համար: Նրանք հնարավորություն կունենան ուսումնասիրելու Հայաստանի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ռումինիայի, Դանիայի և Չեխիայի ազգային տարազների պատմությունը: Նկարիչ-մոդելավորողները տարազը կդիտարկեն մշակութային համատեքստում և ժամանակակից մոտեցումներն ու տեխնոլոգիաներ օգտագործելով` իրենց հավաքածուների միջոցով յուրովի կմեկնաբանեն երկրների մշակույթն ու ազգային ինքնությունը։
Կձևավորվի աշխատանքային 5 զույգ, յուրաքանչյուրում կներգրավվի մեկ հայ և մեկ եվրոպացի նկարիչ-մոդելավորող: Յուրաքանչյուր զույգ այնուհետև կսետղծի չորս մասից բաղկացած հավաքածու: Հավաքածուն կցուցադրվի Երևանում և Հայաստանի չորս մարզում, այնուհետև մասնակից եվրոպական երկրներում: Հավաքածուի ստեղծման նպատակը Հայաստանում Եվրոպայի և Եվրոպայում Հայաստանի մշակութային արժեքների ու ինքնության, ինչպես նաև պատմության և մշակութային ժառանգության լուսաբանումն է և դրանց վերաբերյալ հասարակության իրազեկումը:
Այն իրականացվում է EUNIC-ի (Եվրամիության մշակութային ազգային կենտրոնների միություն) հինգ անդամ կազմակերպությունների` Բրիտանական խորհրդի, Գյոթեի ինստիտուտի, Ռումինական մշակութային ինստիտուտի, Դանիական մշակութային ինստիտուտի և Չեխական կենտրոնների սերտ համագործակցությամբ: Տեղական գործընկերն է Նորաձևության հայկական խորհուրդը: Ծրագրի հիմնական միջոցառումները, ինչպես նաև հավաքածուի ցուցադրությունը կանցկացվեն ծրագրի գործընկեր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում:






Facebook
Tweet This
Email This Post
