Ամենատարածված սրտային հիվանդությունն աթերոսկլերոզն է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | May 3, 2011 10:42

Սրտային հիվանդություններից յուրաքանչյուրը նոր հիվանդության պատճառ կարող է դառնալ: Իսկ ամենատարածված սրտային հիվանդությունն աթերոսկլերոզն է’ սրտի իշեմիկ հիվանդությունը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի տնօրեն, սրտաբան Սմբատ Ջամալյանը, Հայաստանում իշեմիկ հիվանդություն ունեցողների 40-50 տոկոսը բուժվում է: «Իհարկե, ավելի մեծ տոկոսը կստանար համապատասխան բուժում, եթե չլիներ ֆինանսական կողմը»,- ասաց սրտաբանը: Նրա խոսքով’ աթերոսկլերոզը Հայաստանում շատ երիտասարդ է. այն հիմնականում հատուկ է 30-ից բարձր տարիքի մարդկանց, իսկ զարգացած երկրներում այն ի հայտ է գալիս 50-55 տարեկանից հետո: «Իսկ սրտային առիթմիաները հանդիպում են բոլոր տարիքային խմբերի մարդկանց մոտ’ նորածիններից սկսած մինչեւ ծերերի»,- ասաց նա: Սրտաբանը նշեց, որ Հայաստանում շատ տարածված են սրտային հանկարծամահությունները: «Սրտային հանկարծամահությունը սրտի գործունեության ավարտն է նախանշանները սկսելուց 1 ժամվա ընթացքում: Սրտի կանգին նպաստող պատճառները կարող են լինել ինչպես սրտային, այնպես էլ արտասրտային: Սրտային գործունեության կանգի պատճառների մոտ 85 տոկոսը կազմում են արագասրտությունները, այսպես կոչված’ փորոքային տախիկարդիաները, իսկ սրտային գործունեության կանգի պատճառների մոտ 15 տոկոս դեպքերում դանդաղասրտություններն են’ բրադիառիթմիաները»,- ասաց նա: Նրա խոսքով’ սրտային հանկարծամահության ռիսկի գործոններից են ծխելը, թմրադեղերի օգտագործումը, պասիվ ապրելակերպը, շաքարային դիաբետը, սրտամկանի ինֆարկտը եւ հատկապես կրկնակի ինֆարկտները: «Սրտային հանկարծամահություն վերապրած մարդկանց 80 տոկոսը նախկինում ունենում են սրտի իշեմիկ հիվանդության տարբեր նախանշաններ: Կան նաեւ մի շարք հիվանդություններ, որոնք մարդկանց մոտ սրտի կանգի ժառանգական նախատրամադրվածություն են առաջացնում, օրինակ’ կարդիոմիոպաթիաները: Սրտամկանի թուլությունը կամ ցածր արտամղման ֆրակցիան նույնպես լուրջ վտանգի գործոն է»,- ասաց Սմբատ Ջամալյանը: Ըստ նրա’ սրտային հանկարծամահության վտանգը պարզելու եւ գնահատելու համար պետք է կատարվի ընդհանուր սրտաբանական քննություն’ էլեկտրոսրտագրություն, ԷԽՈ սրտագրություն, լաբորատոր քննություններ, հոլտեր եւ էվենտ մոնիթորինգ, որոնց կարող են հաջորդել միջամտական քննություններ’ կորոնար զարկերակների անգիոգրաֆիան եւ էլեկտրոֆիզիոլոգիական քննությունը: «Դրա բուժումը նաեւ ուղղված է կանխարգելիչ միջոցառումներին’ վնասակար սովորույթների ընդհատման եւ առողջ ապրելակերպին: Ընդհանուր բուժումը ըստ ցուցումների կարող է ընդգրկել դեղորայքային բուժում, վիրահատական միջամտություններ եւ սրտային հանկարծամահությունը կանխարգելող սարքերի տեղադրում»,- ավելացրեց բժիշկը:

Դիտվել է 2184 անգամ:
Print Friendly

Leave a Reply