Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով, Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Ժնև

Պաշտոնական, Օրվա լուր | | May 2, 2011 20:53

Այցի շրջանակում Հանրապետության ղեկավարն այցելել է Գրքի և մամուլի 25-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառ: Ցուցահանդեսում շրջելուց հետո, Նախագահն իր տպավորություններն է ներկայացրել, նշելով, որ այն հայատառ գրատպության 500-ամյակին ու 2012թ. Երևանի՝ համաշխարհային գրքի մայրաքաղաքի պատվավոր կոչմանը նախորդող շատ կարևոր իրադարձություն է: Սերժ Սարգսյանն ուրախությամբ է փաստել, որ Հայաստանը ցուցահանդեսի հոբելյանական 25-րդ տարում Ժնևում ներկայացված է պատվավոր հյուրի կարգավիճակով: «Մեզանում գրքի նկատմամբ ակնածանքը խոր և դարերի պատմություն ունեցող արմատներ ունի և գալիս է այն ժամանակներից, երբ նորաստեղծ Հայոց այբուբենով գրվեց առաջին հայերեն գիրքը, որն Աստվածաշնչի թարգմանությունն էր: Գրեթե միաժամանակ ստեղծվեցին հայ գրականության գլուխգործոցներ, որոնք շատ առումներով կատարյալ ուսումնական ձեռնարկներ են նաև այսօր: Ընդհանրապես, հայ ժողովրդի ընթացքը, հետագա մեր բոլոր թռիչքների ելման կետը հենց 5-րդ դարի սխրանքն էր, որ իրականացրեցին մեր մեծ երախտավորները:
Ինչպես գիտենք, հաջորդ տարի մենք նշելու ենք հայատառ գրատպության 500-ամյակը: Տպավորությունս այն է, որ ժամանակին գրատպության գյուտի իրականացրած հեղափոխությունն իր ընդգրկումով նման է այսօրվա համակարգչային հեղափոխությանը: Յուրաքանչյուր ժամանակաշրջան բերում է իր պահանջները, բայց հայերի համար գրքի մշակույթի չափանիշը բոլոր ժամանակներում եղել և մնում է Եվրոպան, և խորհրդանշական է ու օրինաչափ, որ մենք այսօր այստեղ ենք գտնվում: 2012թ. Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված է համաշխարհային գրքի մայրաքաղաք, նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ: Մեծ հոբելյանները և նման ձեռնարկները մենք համարում ենք շատ գեղեցիկ առիթ՝ հատկապես նոր սերնդին գրքի հետ կապելու համար: Մեզ համար ընթերցող հասարակություն ունենալը կենսական պայման է: Չկարդացող Հայաստան պարզապես չի կարող լինել: Մենք նաև օգտագործում ենք այս առիթը՝ կարգի բերելու մեր գրադարանները, նորոգելու և բացելու նոր գրախանութներ, գրքի կենտրոններ: Արդեն գրեթե ավարտված են Մատենադարան թանգարան-ինստիտուտի նոր շենքի շինարարական աշխատանքները: Եվ այդ նոր շենքի չափերը, ծավալը երեք անգամ ավելի են, քան այսօր գործող ձեզ ծանոթ Մատենադարանի չափերը: Շուտով մենք սկսելու ենք Մատենադարանի գործող՝ հին շենքի վերանորոգման աշխատանքները, որպեսզի արդեն աշնանն ունենանք ինչպես գրքի պահպանման, ուսումնասիրման, պրոպագանդման ժամանակակից կենտրոն, այնպես էլ մեծ ցուցասրահներ՝ նախկին շենքում: Ամբողջովին կվերանորոգվի մեր Հանրային գրադարանի գլխավոր մասնաշենքը և Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի շենքը: Կվերանորոգվեն նաև տասը մարզային գրադարաններ: Գրական միջազգային ծրագրերի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից Երևան կժամանեն գրողներ, ովքեր համատեղ կքննարկեն իրենց նոր ու նորարարական գաղափարները, ժամանակակից գրականության խնդիրները և, իհարկե, դրանց լուծմանն առնչվող թեմաներ: 2012թ. պատեհ առիթ է մեր գրական ժառանգությունն աշխարհին ներկայացնելու համար: Հայ միտքն ու հոգին ստեղծել են գործեր, որոնք արժանի են միջազգային ուշադրության և ճանաչման»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի հայկական տաղավարում, ծանոթացել՝ Հայաստանի և Սփյուռքի հրատարակչությունների տպագրած գրքերին, դիտել «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցադրությունը, նաև այցելել Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» խորագիրը կրող ժամանակակից արվեստի ցուցահանդես:
Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան-խաչքարին, նաև՝ հանդիպում ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Վաղը նախատեսված են Հանրապետության ղեկավարի հանդիպումները Շվեյցարիայի Համադաշնության բարձրագույն ղեկավարության հետ:-

Դիտվել է 1549 անգամ:
Print Friendly

Leave a Reply